կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 12:57
Քաղաքական

Տաճատ Վարդապետյանի լավատեսությունը հիմնավորված չէ վստահությամբ

Տաճատ Վարդապետյանի լավատեսությունը հիմնավորված չէ վստահությամբ

Վրաստանում ավարտվեց Սահակաշվիլիի ժամանակաշրջանը: Ընտրությունների արդյունքներից դատելով` ժողովրդավարության հաղթանակն էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը:

 

Նրա խոսքերով' Վրաստանում անցած կիրակի օրը տեղի ունեցավ գրեթե նախադեպը չունեցող ընտրություն, եւ նախագահ ընտրվեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին:

 

«Ձեռքբերում էր նաեւ նրանով, որ բարի կամք դրսեւորվեց գործող նախագահի կողմից, եւ նա շնորհավորեց նորընտիր նախագահին»,- նշեց Տաճատ Վարդապետյանը:

 

Ըստ նրա` այսպիսով, այն բոլոր խոստումները, որ տրվել էին դեռեւս Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բիձինա Իվանիշվիլիի կողմից, այլեւս առանց խոչընդոտի կյանքի կկոչվեն, քանի որ Վրաստանում ավարտվեց երկիշխանության ժամանակաշրջանը: 

 

Տաճատ Վարդապետյանն անթաքույց խոստովանեց, թե Մարգվելաշվիլին մեզ` հայերիս համար ամենանախընտրելի թեկնածուն էր: Թեեւ նորընտիր նախագահը քաղաքական ասպարեզում նորահայտ դեմք է ու հաղթեց, ըստ «Վիրահայերի միասնության» ղեկավարի, Իվանիշվիլիի քաղաքական թիմի հեղինակության շնորհիվ, բայց Տաճատ Վարդապետյանն ակնկալում է, որ նա կշարունակի հենց «Վրացական երազանքի» քաղաքական գիծը, ինչը մեզ համար ցանկալի է:

 

«Մեզ համար նախընտրելի է, որ կեսմիլիոնանոց հայ համայնք ունեցող երկիրը լավ հարաբերություններ ունենա մեր ռազմավարական գործընկերոջ հետ»,- նշեց Տ. Վարդապետյանը` հավելելով, որ Իվանիշվիլին հանդես էր գալիս նաեւ Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» հանդիսացող աբխազական երկաթուղու վերագործարկման օգտին:

 

Լրագրողների դիտարկմանը, թե վերջին 1 տարում որեւէ խոստում, ամեն դեպքում, կյանքի չի կոչվել, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, թե դա, ցավոք, այդպես է խոստումների մասով, սակայն ամեն ինչ դեռ կերեւա արդյունքում:

 

«Անթերի ու անմնացորդ վստահություն չեմ տածում այդ խոստումների նկատմամբ: Իմ լավատեսությունը միայն լավատեսություն է մնում եւ հիմնավորված չէ վստահությամբ»,- նշեց նա: