Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Է. Մանուկյանի նախագահությամբ, արդարացրել է մեկ այլ գործով վկայի հարցաքննությանը խոչընդոտած Սամվել Սարգսյանին` պատճառաբանելով, որ նրա գործողություններում բացակայում է ՀՀ քր. օր-ի 332 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի հանցակազմը (գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը):
Բանն այն է, որ Սամվելը Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատապարտյալ Հարություն Սարգսյանի հայրն է (Անիի նախկին ոստիկանապետը), ով 2012-ի սեպտեմբերի 13-ին այցելել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին և խոչընդոտել Եսայանի սպանության գործով որպես վկա հրավիրված Աննա Գրիգորյանի հարցաքննությանը: Սարգսյանը պատճառաբանել է, որ Աննան իր ազգականն է, ով բավական երկար ժամանակ գտնվել է քննիչի սենյակում և չի պատասխանել հեռախոսազանգերին, ինչն էլ անհանգստացրել է հարազատներին:
Ըստ մեղադրական եզրակացության` Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի քննիչ Է. Ալեքսանյանի աշխատասենյակ է մտել այդ գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, և միջամտել է քննիչի գործունեությանը: Նա իր բարեկամուհուց` վկա Աննա Գրիգորյանից պահանջել է այլևս ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին և չստորագրել որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Աննան, առանց քննիչի կողմից տրվելիք հարցերին պատասխանելու և առանց ստորագրելու վկայի հարցաքննության արձանագրությունը, լքել է Ալեքսանյանի աշխատասենյակը: Չնայած վկայի սպառիչ պատասխաններին` քննիչը պնդել է, որ հարցաքննությունը չի ավարտվել:
Դատարանը վերլուծել է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը և հանգել հետևության, որ նրա կատարած արարքում բացակայում է առաջադրված մեղադրանքի հանցակազմը, ինչի արդյունքում պետք է արդարացման դատավճիռ կայացվի: Նախաքննական մարմինը, որպես Սարգսյանի մեղադրանքը հիմնավորող ապացույց, մատնանշել է քննիչ Ալեքսանյանի ցուցմունքը, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված Աննա Գրիգորյանի ցուցմունքի արձանագրությունը: Այդ արձանագրության վերջնամասում` վկայի ցուցմունքի տակ, քննիչն իր ձեռքով արձանագրել է. «Ա. Գրիգորյանը իր ցուցմունքը գրել է անձամբ: Ժամը 18:10-ին իր աշխատասենյակ են մտել Սամվել Սարգսյանը և նրա ավագ դուստրը ու Աննա Գրիգորյանին կոչ են արել չստորագրել որևէ բան, որից հետո վերջինս նրանց հետ դուրս եկավ աշխատասենյակից և որևէ ստորագրություն չդրեց ցուցմունքի տակ»:
Աննային ուղղված` ցուցմունք չտալու և չստորագրելու մասին Սամվել Սարգսյանի հորդորները նախաքննական մարմինը դիտարկել է որպես նշված հանցակազմի հիմք: Դատարանը, սակայն, նշել է, որ ամբաստանյալ Սարգսյանի նշված գործողությունը չի կարող քննիչի գործունեությանը միջամտություն համարվել, քանի որ Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի խնդիրներից մեկն է համարվել նաև գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, իրականացվել է քննչական խմբի կողմից, որի անդամ է եղել նաև քննիչ Ալեքսանյանը:
Քննիչն իր ցուցմունքներում պնդել է, որ Սամվել Սարգսյանը մուտք է գործել աշխատասենյակ, երբ հարցաքննությունը դեռևս ավարտված չի եղել, սակայն գործով իրեղեն ապացույց ճանաչված Աննա Գրիգորյանի հարցաքննության արձանագրությունից հստակ երևում է, որ Աննայի հարցաքննությունը փաստացի արդեն իսկ ավարտված է եղել, քանի որ արձանագրության վերջնամասում նշված է եղել. «Ավելացնելու ոչինչ չունեմ»: Այդ մասին են վկայում նաև այն հանգամանքը, որ այդ օրվանից հետո նախաքննական մարմինն Աննա Գրիգորյանին այլևս չի կանչել լրացուցիչ հարցաքննության: Այսինքն` կարելի է հստակ ասել, որ հարցաքննության ժամանակ վկան պատասխանել է քննիչի բոլոր հարցերին և մինչև Սամվելի ներս մտնելն արդեն նրա հարցաքննությունն, իսկապես, ավարտված է եղել, լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն չի եղել:
Դատարանը գտել է, որ Կարեն Եսայանի սպանության գործով վկայի հարցաքննությունը չի խոչընդոտվել: Գործի թե' նախաքննությամբ, թե' դատաքննությամբ չի հաստատվել նաև այն, որ ամբաստանյալն ուղղակի դիտավորությամբ է հանցանքը կատարել: Հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ նա քննությանը խոչընդոտելու որևէ նպատակ չի ունեցել: Այդ քայլին է դիմել Աննայի հարազատների խնդրանքով` ճշտելու, թե Աննան քննչական բաժնում է, թե` ոչ և ինչու չի պատասխանում հարազատների հեռախոսազանգերին:
Դատարանը գտել է, որ վկա Աննա Գրիգորյանի ցուցմունքը Կարեն Եսայանի սպանության գործի տեսակետից որևէ էական նշանակություն չունի և չէր էլ կարող ունենալ, որի մասին վկայել է հենց Աննա Գրիգորյանի հարցաքննության արձանագրության բովանդակությունը: Այսպիսով` դատարանը գտել է, որ նշված գործով վկայի հարցաքննությանը միջամտած որևէ անձ չէր կարող դրանով նպատակ ունենալ խոչընդոտել Կարեն Եսայանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը, մանավանդ, որ ըստ վկայի ցուցմունքի արձանագրության` այն արդեն ավարտված է եղել:
Քննիչ Ալեքսանյանը դատարանում հարցաքննվելիս չկարողացավ դատարանին որևէ փաստարկ ներկայացնել, թե հատկապես ինչ հարցեր էր ցանկանում պարզել վկայի միջոցով և եթե առկա էր դրա անհրաժեշտությունը, ինչու հետագայում ոչ ինքը, ոչ էլ քննչական խմբի ղեկավարը, որևէ միջոց չեն ձեռնարկել Աննային չտրված հարցերի շուրջ լրացուցիչ հարցաքննելու ուղղությամբ: Ավելին` նշված վկայի ցուցմունքը Հարություն Սարգսյանի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ դիտվել է սպառիչ և մատնանշվել մյուս ապացույցների ցանկում: Այսպիսով` դատարանը ձեռք բերված ապացույցների վերջնական գնահատմամբ հանգել է այն հետևության, որ քրեական գործի նյութերում բացակայում է Սարգսյանի կողմից վկա Աննա Գրիգորյանին հորդորելը` ցուցմունք չտալու և որևէ փաստաթղթի տակ չստորագրելու մասին:
Այսինքն՝ դատաքննությամբ հետազոտված նյութերում ապացուցված չէ այն արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է Սամվել Սարգսյանը:
Լուսանկարն` Aravot.am-ի