Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Արթուր Մելիքբեկյանի նկատմամբ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Մելիքբեկյանի պաշտպան Ավագ Լալայանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն արդարացվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Անդրադառնալով գործի նախապատմությանը` փաստաբանը պատմեց, որ նախորդ տարի բորենիները սատկեցրել էին Մելիքբեկյանի ավանակին, և նա որսորդ ընկերներին խնդրել էր երեկոյան գալ և վերացնել բորենիներին, որովհետև հնարավոր է` կենդանիները վնասեին երեխաներին:
«Եկել են, սպասել, զենքերը թողել Արթուրի տանը, գնացել են ծնունդի, առավոտյան ոստիկանները եկել են տուն, և նա անձամբ զենքերը տրամադրել է նրանց»,- ասաց Լալայանը:
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ պետք է դեռ նախաքննության փուլում այս գործը կարճվեր, սակայն, ըստ նրա, գործը չի կարճվել, քանի որ քննիչն իր պաշտպանյալի հետ վատ հարաբերություններ է ունեցել և ստիպել է նրան ինքնախոստովանական ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ Արթուր Մելիքբեկյանի տանը խուզարկություն էր կատարվել դեռևս նախորդ տարվա փետրվարին` Աչաջուրի գյուղապետի, նրա որդու դեմ մահափորձի և Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առևանգման հետ կապված քրեական գործերի շրջանակում: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 34-ամյա Արթուր Մելիքբեկյանն ապօրինի ձեռք էր բերել և իր` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տանն ապօրինի պահել որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող` 5,45 տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին և որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող`11 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներ: Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենք զինամթերք պահելը):