Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Արաքսիա Սվաջյանը 2024 թվականի ապրիլի 22-ին N 02/09.3/12321-2024 գրությամբ ինձ է տրամադրել ՀՀ-ում գործող, մինչև 100 աշակերտ ունեցող Հանրակրթական ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների թիվը` ըստ ենթակայության։
ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված թվերը ցույց են տալիս առ այն, որ կան մարզեր որտեղ գործող Հանրակրթական ուսումնական հաստատությունների կեսից (Սյունիք` մոտ 60,3% ) ավելին ունեն մինչև 100 աշակերտ։
Վիճակը առավել վտանգավոր սահմանի է հասել հատկապես Սյունիքում, Վայոց ձորում, Արագածոտնում, Շիրակում, Լոռիիում և Տավուշում և այլն...
Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ-ում գործող Հանրակրթական ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մոտ 26,7%-ը կազմում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները։
Եթե դպրոցը ունի մինչև 100 աշակերտ դա նշանակում է, որ դպրոցը օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշակի պայմանների պատճառով թերբեռնված է։
Այս հոդվածում կփորձեմ իմի բերել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք այս կամ այն չափով ազդում են դպրոցներում աշակերտների նվազման վրա։
Հանրակրթական ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների աշակերտների նվազման դինամիկան սկսվել է 1990 ականներից և ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների թվաքանակի նվազման վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է.
1. Ներքին և արտաքին միգրացիան
2. Ծնելիության ցածր մակարդակը
3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային ու նյութատեխնիկական բազայի անմխիթար վիճակը
Ներքին և արտաքին միգրացիան
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների թվաքանկանի աճը խոսուն ապացույց է այն բանի, որ հատկապես բարձր լեռնային ու սահմանամերձ բնակավայրերից ներքին և արտաքին միգրացիան հասել է վտանգավոր սահմանի, եթե Կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի ներքին և արտաքին միգրացիոն գործընթացները նվազեցնելու ուղղությամբ, ապա հարյուրավոր դպրոցներ առաջիկա տարիներին կփակվեն, հիշյալ բնակավայրերը որպես բնակավայր կդադարեն գոյություն ունենալ և արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով։
Ծնելիության ցածր մակարդակը
Ըստ շրջանառվող վիճակագրական տվյալների` 2019 թվականից մինչ օրս, 3-4 մարզերում արդեն իսկ դիտվում է դեպոպուլյացիա, այսինքն` մեկ ընտանիքին միջին հաշվով բաժին է ընկնում 1,8 երեխա։ Այս բաղադրիչը ևս մեծ ազդեցություն է թողնում Հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների թվաքանակի ձևավորման վրա։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային ու նյութատեխնիկական բազայի անմխիթար վիճակը
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մոտ 70%-ը ունեն 21-րդ դարի կրթական միջավայրին ոչ հարիր շենքային պայմաններ իսկ նյութատեխնիկական բազայի հագեցվածության վերաբերյալ այս պարագայում խոսքերը ավելորդ են։ Այս պարագայում Հայաստանում քիչ չեն այն համայնքները որտեղ գործող դպրոցները թերբեռնված են (ունեն մինչև 100 աշակերտ) քանի որ չունեն նորմալ կրթական միջավայրին հարիր շենքային և սանիտարահիգիենիկ պայմաններ։ Ու այս տրամաբանության մեջ շատ լավ պետք է հասկանալ այն ծնողներին, որոնք իրենց թաղամասում կամ համայնքում գործող դպրոցը թողած երեխաներին ուղարկում են հարևան համայնքների համեմատաբար բարեկարգ շենքային պայմաններ ունեցող դպրոցներ։
Նախարարության կողմից որդեգրված կրթության քաղաքականությունը
Բանն այն է, որ հիմնականում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում Կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարի 14 հոկտեմբերի 2019 թ. N 22-Ն ( https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=135288 ) հրամանով կիրառվում է` բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգը։
Ըստ ԿԳՄՍ նախարարի 14 հոկտեմբերի 2019 թ. N 22-Ն հրամանի` բազմահամակազմ դասարաններ կարող են կազմավորվել միևնույն կրթական աստիճանի ներսում գործող դասարաններում, մասնավորապես՝ 1-4-րդ դասարանների միջակայքում, 5-9-րդ դասարանների միջակայքում, 10-12-րդ դասարանների միջակայքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կարող են կազմավորվել երկհամակազմ, եռահամակազմ կամ քառահամակազմ դասարաններ: Երկհամակազմ դասարանում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ դասարանում՝ 12-ը, իսկ քառահամակազմ դասարանում՝ 8-ը: Բազմահամակազմ դասարանը կազմավորվում է տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողների խմբերի համատեղումից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ։
Բազմահամակազմ դասարանների մոդելը կիրառվումը պետական միջոցների խնայման տեսակետից շատ արդյունավետ է բայց կրթության որակի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է։
Ըստ իս հնարավոր չէ նորմալ բովանդակային դասապրոցես կազմակերպել մի դասարանում, որտեղ միաժամանակ 1 (մեկ) դասաժամի (45 րոպե) ընթացքում իրար հետ նույն դասասենյակում (քառահամակազմի դեպքում 1-ից 4-րդ դասարաններ) ուսանում են տարբեր առարկայական ծրագրեր անցնող աշակերտներ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների հիմնախնդիրները յուրօրինակ ցուցիչ է առ այն, որ ՀՀ կառավարությունը անկախության 1-ին տարիներից սկսած մինչ օրս չի կարողացել գտնել այնպիսի թիրախային լուծումներ, որոնք ուղղված կլինեին մարդկանց սոցիալական պայմանների և կրթական միջավայրի բարելավմանը իսկ միգրացիոն պրոցեսները իրենց բոլոր դրսևորումներով սոցիալ-կրթական բաղադրիչի ամենավտանգավոր դրսևորումն է։
Վանո Կարապետյան
Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ