Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 15:08
Քաղաքական

Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէր

Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէր

«Մարզպետները հայեցողական պաշտոնյաներ են` գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, բայց կառավարության անդամ չեն, եւ կառավարությանը վերաբերող հարցերով ես ինքս կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ տալ կամ տեսակետներ հայտնել»,-Yerkir.am-ին այսօր ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը' անդրադառնելով վարչապետի հրաժարականին:

 

Ըստ նրա` քանի որ մարզպետը կառավարության անդամ չէ, հետեւաբար` կառավարության պաշտոնանկությունը մարզպետի վրա ուղղակիորեն չի անդրադառնում:

 

«Մարզպետը հայեցողական պաշտոնյա է, մեր պաշտոնին ո'չ հենակետային պահանջներ են ներկայացվում, ո'չ  պաշտոնավարման ժամկետ է սահմանված: Ցանկացած պահի կառավարությունն իրավասու է ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել: Հետեւաբար, երբ նոր կառավարություն ձեւավորվի եւ համապատասխան որոշումներ կայացնի, մենք կառաջնորդվենք կառավարության այդ որոշումով»,- նշեց Էդգար Ղազարյանը:

 

Անդրադառնալով հարցին'  վարչապետի հրաժարականը եւ նոր կառավարության կազմավորումը ինչ-որ կերպ կանդրադառնա՞ կոնկրետ իր աշխատանքի վրա, նա ասաց, որ ինքը` որպես մարզպետ, իրականացնում է կառավարության' տարածքային քաղաքականությունը, իսկ վարչապետի հրաժարականը դա կառավարության հրաժարականն է' պայմանավորված  ներքին գործոններով, քաղաքական իրադարձություններով կամ անձնական դրդապատճառներով:

 

«Հիմա, երբ նոր կառավարություն կձեւավորվի, ես` որպես կառավարության քաղաքականության իրագործող, ինչ քաղաքականություն որ նոր կառավարությունը կորդեգրի, այդ քաղաքականությունն էլ պարտավորված եմ իրագործել' ի պաշտոնե»,- նշեց Էդգար Ղազարյանը:

 

Հարցին` սպասելի՞, թե՞ անսպասելի էր իր համար վարչապետի հրաժարականը, Վայոց ձորի մարզպետն ասաց, որ ինքը ինտերնետից է կարդացել վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունը, որում վարչապետը նշել է, որ իր հրաժարականը իր քաղաքական որոշումն է եղել:

 

«Այսինքն' դա ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէ: Կառավարության հրաժարականի կանխատեսելիությունը սահմանադրական գործընթացներով է պայմանավորված' հերթական խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ, ու միայն այդ դեպքերում է կանխատեսելի կառավարության հրաժարականը: Իսկ կոնկրետ դեպքում, ինչքանով որ տեղեկացել եմ' կարդալով, այս որոշումը վարչապետի անձնական որոշումն է...»,- խոսքը եզրափակեց մարզպետը: