կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 13:00
Քաղաքական

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի

 

ԱԺ նիստում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է օրենքի ընդունումը, թեև այն ուշ է ներկայացվել կառավարության կողմից: Կաևորում է օրենքը, որովհետև մինչ օրս չենք ունեցել պետական գույքի կառավարման մասին հիմնարար օրենք:

 

Սակայն, ըստ պատգամավորի, օրենքի նախագիծը թերի է, դրանում կան հակասություններ: Խոսքը վերաբերում է բացառություններին: «Եթե սա պետական կառավարման մասին է, ինչո՞ւ ենք բացառություններ սահմանում հողամասերի, ընդերքի, ջրերի և անտառների մասով: Ո՞րն է տրամաբանությունը: Պետությունը չունի իր ակտիվների ու գույքի ամբողջական ցանկ, որ տեսնի, թե իր հարստությունը ինչքան է, ինչպես է կառավարվելու ու որքան է գնահատվում: Այս օրենքի մեջ բացառությունները պետք է հանվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նրա կարծիքով՝ հաշվառման հիմքը գնահատումն է, այնինչ` ոչ ոք այսօր չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի:

 

«Կառավարման սկզբունքների ամրագրման մեջ է մյուս խնդիրը: Այնպես չէ, որ պետությունը մասնավորին է տալիս իր գույքը որևէ գումարի դիմաց: Այդ առումով, միջազգային փորձն ունի լավ տարբերակ` պետական լիազորությամբ օժտված մարմինը մասնավորին կարճ ժամանակով ու մրցութային կարգով կառավարման է տալիս պետական գույքը, հետո հետևում է, թե ինչ արդյունավետությամբ է մասնավորը կառավարում, որից հետո նոր կնքում է նրա հետ երկարաժամկետ պայմանագիր: Բայց այս օրենքում ես չտեսա նման սկզբունքներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա նշեց, որ օրենքով նաև հստակ չեն կանոնակարգվում պետական գույքի օտարման խնդիրները, ուստի պետք է վերանայել օրենքի նախագիծը: