Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը դեռևս չի մոռացել անցյալ տարվա` ՎՊ տարեկան զեկույցը, այդ զեկույցի ներկայացման ժամանակ հնչած գնահատականները, բացահայտումները ու չի հրաժարվել ՎՊ-ից կարգին վրեժխնդիր լինելու մտքից: Մասնավորապես` վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի «Վերահսկիչ պալատի մասին» և «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու որոշման նախագիծը:
Այդ նախաձեռնությամբ կառավարությունը ջանում է փոփոխություններ ու լրացումներ կատարել վերոհիշյալ երկու օրենքների մի շարք հոդվածներում, որոնք էապես փոխելու են ՎՊ-ի հետ խաղի կանոնները: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես, սահմանել, որ Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները կամ այլ հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ: Միաժամանակ, սահմանվում է, որ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը չի կարող գրառումներ ներառել հաշվետու տարվան նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների վերաբերյալ: Այդ ժամկետից առաջ կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում Վերահսկիչ պալատը համապատասխան նյութերը ներկայացնում է համապատասխան իրավապահ մարմիններին:
Նախատեսվում է նաև, որ հաշվետվություններին կցվում են նաև վերահսկվողի կողմից ընթացիկ հաշվետվությունների հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ ներկայացրած առարկությունները կամ պատասխանները և Վերահսկիչ պալատի կողմից վերջիններս չընդունելու դեպքում` համապատասխան մեկնաբանությունները կամ պարզաբանումները:
Միաժամանակ, դրույթներ են սահմանվում վերահսկողության արձանագրությունը վերահսկվող օբյեկտի ղեկավարին ծանոթացման և ստորագրման նպատակով ներկայացնելու վերաբերյալ:
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններից բխող փոփոխություններ նախատեսվում է կատարել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում: Մասնավորապես` նախագծով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 101-րդ հոդվածում` նախատեսելով, որ Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը, նախքան Ազգային ժողովի նիստում քննարկվելը, քննարկվում է Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում` շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Եթե Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում քննարկվող հաշվետվությունն առնչվում է համայնքների բյուջեի և համայնքային սեփականության օգտագործման հարցերին, ապա տվյալ համայնքի ղեկավարին պետք է հնարավորություն ընձեռվի հանդես գալու այդ հարցերի քննարկման ժամանակ:
Նախագծով նախատեսվում է նաև Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացնելիս դրան կցել վերահսկվողի ներկայացրած առարկությունները կամ պատասխանները:
«Ներկայացված նախագծերով նախատեսվող փոփոխությունների արդյունքում «Վերահսկիչ պալատի մասին» և ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, կկարգավորվեն մի շարք լուրջ հարցեր, որոնք հնարավորություն կտան վերացնել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ գործող օրենքի շուրջ ծագած տարընթերցումները»,- նշվում է կառավարության հաստատմանը ներկայացված որոշման նախագծում' օրենսդրական փոփոխություններից ակնկալվող արդյունքների առումով:
Փաստորեն, մինչ այն պահը, երբ ՎՊ նախագահը հրապարակային չէր դատափետել վարչապետին ու նրա գլխավորած կառավարությանը, ՎՊ գործունեությունն ու լիազորությունները համապատասխանում էին միջազգային ստանդարտներին, իսկ հենց ՎՊ-ն սկսեց «անհանգստացնող» բացահայտումներ անել, արդեն չե՞ն համապատասխանում...
Իրականում' Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի կարողացել մոռանալ ՎՊ-ից ստացված ապտակն ու, հիշաչարություն դրսևորելով, փորձում է այս կերպ տալ իր պատասխանը, քանի որ ՎՊ հրապարակումից հետո կառավարության տված պարզաբանումներին Հայաստանում, մեղմ ասած, շատ քիչ ուշադրություն դարձրեցին:
Գ. Ա.