Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանական դպրոց ընդունվելու առաջնահերթ պայմաններից մեկը իրավագիտության բակալավրի աստիճան ունենալն է, եթե իրավաբանության մագիստրոս ես կամ նույնիսկ իրավագիտության թեկնածու, փաստաբանական դպրոցի դռները փակ են քեզ համար:
Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննության առավ Գևորգ Սլոյանի դիմումը, որով վիճարկվում է «Փաստաբանության մասին» օրենքի 45.6-րդ հոդվածը, համաձայն որի`փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան:
Yerkir.am-ի հետ զրույցում Գ. Սլոյանը նշեց, որ այս նորմով խտրական վերաբերմունք է սահմանվում իրավագիտության մագիստրոսի և բալակավրի ու դիպլոմավորված մասնագետների միջև, ինչը ողջամիտ չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ: Նա իր խոսքում նշեց, որ ՍԴ-ի կողմից որպես պատասխանող կողմ հրավիրված` Ազգային ժողովի ներկայացուցիչն իր բացատրության մեջ տարօրինակ և օրենքում բացակայող ձևակերպումներ է արել:
«Ասվում է, թե այն իրավաբանները, ովքեր բակալավրիատն ավարտել են այլ մասնագիտությամբ, չեն սովորել չորս տարի, չունեն բազային գիտելիքներ: Դա կատարյալ անհեթեթություն է` իմ կարծիքով: Եթե մարդը չունի բազային գիտելիք, բա չի կարող ընդունվել մագիստրատուրա. մագիստարտուրա ընդունվելու համար քննություն են հանձնում, ինչը ենթադրում է բակալավրի կուրսի գիտելիքների ստուգում»,- ասաց Գ. Սլոյանը:
Այս գործում կա նաև մի հետաքրքիր հանգամանք` ոտնահարվել է մարդու` լեգիտիմ ակնկալիքի իրավունքը: Գևորգ Սլոյանը իրավագիտության մագիստրոսի աստիճան ստացել է մինչև 2012 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ընդունվել է վերոնշյալ իրավանորմը:
Նախկին իրավակարգավորմամբ` փաստաբան կարող էր դառնալ յուրաքանչյուր անձ, ով ուներ բարձրագույն իրավաբանական կրթություն, այսինքն` բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի աստիճան: «Ես երկու տարի ժամանակ և ֆինանսներ եմ ծախսել, կրթություն եմ ստացել և հասել է [Փաստաբանական դպրոց] ընդունվելու ժամանակը, դուք փոխել եք օրենքը, և ես կանգնել եմ փաստի առաջ: Սա լեգիտիմ ակնկալիքների խնդիր է, և այս առումով ՍԴ-ն միանշանակ պետք է իր դիրքորոշումը հայտնի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, այս հարցը բարձրացվել է նաև այլ իրավաբան-փաստաբանների կողմից: Մասնավորապես` իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գևորգ Սլոյանի այս գործը մենք շատ ենք քննարկել վերջերս խտրականության արգելքի վերաբերյալ մեր 12-օրյա սեմինարների ընթացքում։ Կարծում եմ` հիմնավոր է հարցին մոտենալ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից. կարո՞ղ էր արդյոք Գևորգ Սլոյանը ողջամտության շրջանակներում կանխատեսել այն պահին, երբ դիմում էր հանձնում Ամերիկյան Համալսարան ընդունվելու համար, որ տարիներ հետո օրենքը կփոփոխվի այնպես, որն անիմաստ կդարձնի իր` Ամերիկյան համալսարանի տարիները»:
Ի դեպ, Ա. Ղազարյանի գրառման տակ մեկնաբանություն է թողել փաստաբան Տիգրան Եգորյանը, որտեղից իմանում ենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի այդ նորմը կիրառվել է նաև այլոց դեպքում. «Անցած տարի մենք ևս ցանկանում էինք գործը հասցնել ՍԴ, մեր դեպքում դիմորդն ուներ Ամերիկյանի մագիստրատուրայի դիպլոմ և հինգ- վեց տարվա PHD, և մերժել էին»:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը անցավ խորհրդակցական սենյակ` հետազոտելու դիմողի և մյուս կողմերի ներկայացրած փաստաթղթերը: Որոշումը կհրապարակվի ժամեր անց: