Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ` կառավարության նախաձեռնությամբ: Նիստի օրակարգում են կառավարության կողմից առաջարկված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից օրենքների փոփոխության մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է 1,5 ժամ տևողությամբ 4 նիստ, ընդմիջման տևողությունը` 30 րոպե: Կառավարությունը նաև առաջարկել է արտահերթ նիստում քննարկվող հարցերի քննարկման տևողություն, ըստ որի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից օրենքների փոփոխության մասին փաթեթի առաջին քննարկման տևողությունը սահմանել է 4 ժամ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին քննարկումները` 90-ական րոպե, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները` 2 ժամ տևողությամբ:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հարցերի քննարկման տևողությունը սահմանել 5-ական ժամ: Նրա առաջարկին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բացարձակ անընդունելի է, որ ինչ մնացել է չմասնավորեցված, բյուջեն լցնելու համար անում եք դա: 1.5 ժամում ուզում եք սղղացնել, անցկացնել: Սա շատ լուրջ խնդիր է, իսկ 90 րոպե սահմանել ընդամենը գալոչկայի համար ու քննարկում կազմակերպել` անընդունելի է»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նույնը վերաբերում էր նաեւ համայնքների խոշորացման մասին օրինագծին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատերն են դեմ խոշորացմանը:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ իրենք ի սկզբանե առաջարկել են 1.5 ժամ տևողությամբ քննարկում, բայց կառավարությունը համաձայնել է Փաշինյանի առաջարկին եւ սահմանել 2 ժամ տևողություն: Այդ ժամկետը, ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, նույնպես անընդունելի է:
«Տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանի փոքր խմբակցությունը խանգարում է կառավարությանը: Ոչ մի քննարկում չի արվել՝ արդյո՞ք համայնքների բնակիչները կողմ են այս խոշորացմանը, թե՞ ոչ: Չի կարելի կոռուպցիայի մարմնի ստեղծման համար սահմանել 4 ժամ, իսկ մնացած նախագծերի համար ընդամենը 2 ժամ»,- ասաց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորներին` բովանդակային քննարկումներ չանցկացնել եւ առաջարկեց Արա Բաբլոյանին առաջարկությունը դնել քվեարկության: Մինչեւ քվեարկության դնելը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել՝ կառավարության հետ ժամկետները հստակեցնելու համար:
Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո որոշվեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին քննարկման տևողությունը սահմանվի 4 ժամ, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի քննարկումը` 60 րոպե, պետգույքի մասնավորեցման` 3,5 ժամ, վարչատարածքային բաժանման վերաբերյալ` 3,5 ժամ:
«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկման այս ժամանակացույցը իրենց համար ընդունելի է:
Քվեարկության դրվեց արտահերթ նիստի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, ընդունվեց ձայների` 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: