կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 18:22
Առանց Կատեգորիա

Սերն է պակասել. Գեւորգ Դաբաղյան

Սերն է պակասել. Գեւորգ Դաբաղյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը:

 

-Հրավիրվել էիք Սոչիմասնակցելու Սոչիի օլիմպիական խաղերի երաժշտական փառատոնի փակմանը: Դուդուկը դասական երաժշտության մեջ` այս սինթեզի մասին կուզեի խոսեիք:

- Առաջին անգամ չէր այս համադրումը. առաջին անգամ չորս տարի առաջ Իտալիայի Էլբա կղզում Յուրի Բաշմետի հրավերով նրա նվագախմբի հետ հանդես եկանք համատեղ համերգով: Դուդուկը հետաքրքիր է լսվում բոլոր ժանրերում, միայն թե` պրոֆեսիոնալ մատուցես: Իսկ ինչ վերաբերում է իմ' Սոչիի ելույթին, Սոչին եռում էր, աշխարհի շատ հայտնի մարզիկներ այնտեղ էին, սպորտի մոլի երկրպագուներ: Սոչիում շատ էի եղել, բայց այս կարգավիճակում շատ հետաքրքիր էր: Մեր հյուրանոցը ծովի ափին էր, ծովն էլ էր օլիմպիական դարձել: Սոչին ամբողջությամբ' թե՛ իր գովազդային, թե՛ օլիմպիական պաստառներով, մեր փառատոնի հետ կապված գեղեցիկ լուծումներով ու ձեւավորումներով էր պատված: Համերգի տոմսերը վաղուց էին սպառվել, եւ երբ համերգից մի քանի ժամ առաջ ես դուրս եկա` իմ աֆիշայի մոտ նկարվելու, շատերը մոտեցան ինձ եւ խնդրում էին, որ օգնեմ տոմսեր գտնել: Մարդիկ տրամադրված էին, որ երաժշտական փառատոնին պետք է դուդուկ լսեն: Իմ բեմելը յուրահատուկ էր' ես քայլելով եւ նվագելով մտա բեմ` Սոչիի Ձմեռային թատրոնն էլ օրհնվեց դուդուկի հնչյուններով:

 

-Դուդուկի հանդեպ ինչո՞ւ ենք այսքան անվերաբերմունք:

-Առհասարակ, մարդիկ անտարբեր են դարձել, դուդուկի հանդեպ չէ միայն նման վերաբերմունք: Իրար հանդեպ ենք անտարբեր դարձել, սառել ենք: Տեսնում եմ դրսում' ինչպես են մարդիկ շփվում իրար հետ, մարդկային հարաբերությունների տարրական նորմերը, հետո, երբ վերադառնում եմ, ցավ ու ափսոսանք եմ ապրում:

 

-Ու այդ անտարբերության հետեւանքով էլ մի շարք բաներ մեզնից օտարանում են:

-Մենք սկսում ենք մեզ չհասկանալ, մենք մեզ ենք կորցնում եւ մեզնից օտարանում: Մենք մեզնից «հուշտ» ենք լինում, բարդույթների մեջ ենք ընկնում եւ չենք հասկանում' ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք ուզում: Բայց ինչ ուզում ենք' մեր կողքին է, մեր մեջ, ուղղակի վանել ենք մեզնից: Մեր կողքին եղածը թողած' ուրիշ բան ենք փնտրում, եվրոպաամերիկախառն պլաստմասսայե ինչ-որ բաներ ենք փնտրում, պլաստմասսայե սիրտ ու հոգի ենք փնտրում' չհասկանալով, որ «Կոկա-կոլայի» մեջ հոգի չկա:

 

-Այսինքն' խաղո՞ւմ ենք:

-Այո, երկակի խաղում ենք ու չենք հասկանում դա, գալիս է մի պահ' զգում ենք' ինչ-որ բան էն չի: Ջիվանին, Կոմիտասն էլ խոսում էին ժամանակին այս ամենի մասին: Հանդերձանքն է փոխվել, ժամանակը, ամեն ինչ նույնն է մնացել:

 

-Այսօր ի՞նչն էն չի:

-Քանի որ դրսում շատ եմ լինում, լցվում եմ զգացմունքային ապրումներով, հետո գալիս եմ այստեղ եւ ուրիշ պատկեր տեսնում' հոգսերի մեջ են մարդիկ, մոլորված, դժվարություններից կորացած ու հիասթափված: Մտահոգվում եւ ցավ եմ ապրում այս ամենի համար:

 

-Այս ամենի հետեւա՞նքն է, որ գեղեցիկը չենք նկատում` գեղեցիկը արվեստում, կենցաղում, գեղեցիկը մարդկային հարաբերությունների մեջ:

-Գիտես' սերն է պակասել: Իրար չենք սիրում, եւ խոսքը միայն զույգերի մասին չէ:

 

-Դրսից երաժիշտներ են գալիս մեզ մոտ` դուդուկ  նվագել սովորելու, այսինքն' դրսում ընդունում են, որ դուդուկի կենտրոնը սա է, չնայած այն հանգամանքին, որ դուդուկի կենտրոն էլ չունենք:

-Մենք մտածում ենք այդ մասին, պետք է դուդուկի կենտրոն բացվի, քանի որ հիմա մեծ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում' դուդուկի հետ կապված, եւ մարդիկ ակնկալում են, որ Հայաստանը պետք է ղեկավարի այդ ամենը: Այսօր այդ կենտրոնի կարիքը շատ է զգացվում, ուղղակի պարտավոր ենք ունենալ դուդուկի տուն, ակադեմիա, կենտրոն: Դրսի կոմպոզիտորները' հայտնի եւ սկսնակ, դուդուկի հետ կապված փորձարկումներ են անում' դուդուկը կվարտետների հետ, կինոերաժշտության տարբերակով, սիմֆոնիկ նվագախմբում, եւ այս հարցերում մեր կենտրոնը պետք է ամենաակտիվը լինի, քանի որ մենք պարտավոր ենք ոչ ստանդարտ բաներ անել: Բայց, դրանով հանդերձ, շատ կարեւոր է ավանդականին հարազատ մնալ, քանի որ բոլորն ուզում են նորարարություններ անել եւ մայր երակը կորցնելու վտանգ կա: Սեր է պետք, սերը, որ պակասում է: Մոցարտ էլ չեն լսում, Վիվալդի էլ չեն լսում, Խաչատրյան ու Գոհար Գասպարյան էլ: Պտտվում ենք ամեն ինչի շուրջ, տարբեր փաթեթավորումներով ու դիզայնով բառակապակցությունների, բարդ նախադասությունների շուրջ, բայց ասելիքը մեկն է' սերն է պակասել:

 

-Չե՞նք ուզում տրվել սիրուն, թե՞ արդեն սառել ենք:

-Սերը մեր մեջ է, ինչ-որ ժամանակ է լինում, որ սառչում է, բայց այն մեր մեջ է: Սոցիալ-տնտեսական խառը ժամանակներ են հիմա, ինֆորմացիոն հոսքը շատ է, մարդիկ չեն հասցնում մարսել այդքան ինֆորմացիան: Մյուս կողմից' համացանցը խանգարում է' հիմա իրար տեսնելու փոխարեն գրում են ու գրում, բայց պետք է մարդու ձայնը լսես, աչքերին նայես, որ մարդու ջերմությունը զգաս: Ագրեսիա կա, գազազել են մարդիկ, կյանքի նպատակը դարձել է շքեղ մեքենան ու «գոլդ» համարները: Ձեւացնում են, թե երջանիկ են: Կուզեի ասել' ամեն ինչ ընտիր է, ճախրում ենք, մշակույթը թեւածում է, մարդիկ ժպտում ու երջանիկ են: Մյուս կողմից` գարուն է գալիս, արեւն ակտիվանում է, կուզեի' մարդիկ էլ ակտիվանան, կյանքն, անկախ ամեն ինչից, բարդ է ու հակասություններով, անդառնալի կորուստներով լի: Պետք է սիրենք կյանքը ու իրար սիրենք, սիրենք արեւն ու բնությունը, մնացածը կընկնի իր տեղը:

 

-Մեր հարեւան պետությունները փորձում են, դուդուկի հետ կապված, ինչ-որ գործընթացներ սկսել, դուդուկն իրենցով անելու համար: Մենք ի՞նչ պետք է անենք' մեր ունեցածին տեր կանգնելու համար:

-Այո, միշտ էլ եղել են նման խոսակցություններ: Հիմա, երբ դրսերում լավ են ընդունում դուդուկը, մերոնք ասում են' դե, դուդուկը լավ գործիք է, ո՞նց կլինի' մենք չընդունենք: Հիմա մի քիչ մոդայի հետեւից են ընկնում. եթե մոդա է, ուրեմն' լավն է, իսկ հանրահայտությունը վտանգ ունի իր մեջ` այն կարող է վուլգարիզմի հանգեցնել: Պետք է սթափ լինենք:

 

Կարինե Հարությունյան