Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ հասարակության շրջանում գազի կալորիականության հարցում առկա դժգոհություններին: Նա նշեց, որ գազի կալորիականությունը մնում է հասարակությանն ամենաշատ մտահոգող հարցը, և թեև բազմաթիվ մասնագետներ մասնագիտական եզրակացություններ են տվել, որ գազի կալորիականությունը համապատասխանում է պահանջներին, բայց մարդիկ չեն վստահում այդ կարծիքներին:
Տիգրան Սարգսյանը դիմեց հանրային ծառայություննրը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` թե ի՞նչ կարելի է անել մասնագիտական հանձնաժողով ձևավորելու և գազի կալորիականության հարցն հանրությանն ավելի համոզիչ ներկայացնելու համար: Նազարյանը նշեց, որ վերջին շրջանում թե' ֆիզիկական, թե' իրավաբանական անձանց կողմից հնչում են մտահոգություններ, մասնավորապես` իրենց դժգոհությունն են հայտնում ֆերմերները, ովքեր ունեն ջերմոցային տնտեսություններ, որ գազի կալորիականությունը ցածր է: Նա ասաց նաև, թե գազի կալորիականությունն այսօր ստուգվում է թե' սահմանին, թե' Հայաստանում 4 տնտեսվարող սուբյեկտների կողմից, ովքեր ունեն համապատասխան լաբորատորիաներ:
Նազարյանը նաև նշեց, որ ինքն այս հարցի կապակցությամբ մեկ տարի առաջ հանդիպում է ունեցել գործարարների միությունում և առաջարկել, որ որոշ գործարարներ միավորվեն, ձեռք բերեն համապատասխան լաբորատորիա, որի շուկայական արժեքը 25- 60 հազար դոլար է, իրենք անեն համապատասխան չափումները և համոզվեն, որ գազի կալորիականությունը համապատասխանում է չափանիշներին: «Արդեն անցել է մեկ տարի, և ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս ուղղությամբ ոչ մի տեղաշարժ չի եղել»,- նշեց Ռոբերտ Նազարյանը և առաջարկեց էներգետիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն մասնագետներ ԳԱԱ-ից և ՀԿ սեկտորից, և այդ հանձնաժողովի աշխատանքով հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարելի է անել հասարակության շրջանում գազի կալորիականության վերաբերյալ վստահությունը վերականգնելու համար:
Վարչապետը հանձնարարեց աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելայնին` պատրաստել համապատասխան որոշման նախագիծ` հանձնաժողով ստեղծելու համար և հրահանգեց ստեղծվելիք հանձնաժողովում անպայման ընդգրկել շահագրգիռ կողմերին, հիմնական գերատեսչությունների ղեկավարներին, ՀԿ-ների, հատկապես` սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ով նշեց, որ նման վիճակ եղել է նաև 2000-ին, երբ ինքն այն ժամանակ գործարարներին առաջարկել է ստեղծել համապատասխան լաբորատորիա, ինչից հետո հարցը վերացել է: «Շարժական լաբորատորիան ընդամենը մի 25-30 հազար դոլարի պատմություն է»,- նշեց նա` վստահություն հայտնելով, որ խնդիրն իսպառ կվերանա: