Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարին նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, մասնակցեց կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը «գովազդելու» հիմնական առաքելությամբ: Դա ընկած էր ոչ միայն ԵԿՄ-ականների կողմից բարձրացված հարցերին պատասխանների, այլ նաև նրա բուն ելույթի առանցքում: ՍԴ-ն, դրանից, իհարկե, համապատասխան հետևություններ կանի, քանի որ առավել քան ակնհայտ էր, որ նախագահը ԵԿՄ համագումարի ամբիոնից հենց ՍԴ անդամների հետ էր հեռակա «խորհրդակցություն» անցկացնում: Հետևաբար, արդեն իսկ կարելի է ասել, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրումն ու կիրառումն ապահովող օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումը կանխորոշված է և կանխորոշված ոչ հասարակության այն 80 տոկոսի օգտին, որը, ըստ Սերժ Սարգսյանի, ակնհայտորեն դեմ է այդ համակարգին:
Համագումարում նախագահը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման երկու հիմնական փաստարկ բերեց: Առաջին` ամեն ինչից զատ, այն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար: Այս գաղափարը Սերժ Սարգսյանը ներկայացրեց առանց այլևայլությունների: «Այդ (կուտակային-հեղ.) հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը: Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը»,- ասաց նա հարցերից մեկին պատասխանելիս: Այսինքն` նախագահն անուղղակիորեն ասում է, որ այս մեխանիզմով հասարակության վրա է դրվում երկրի տնտեսության ֆինանսավորումը, հասարկությունը դառնում է տնտեսության հիմնական ներդրողը` առանց ֆորմալ առումով այդպիսին լինելու:
Իսկ ի՞նչ տնտեսություն ունի այսօր Հայաստանը: Որքան էլ նախագահը պնդի, որ այն հուսալիորեն զարգանում է և նրան փայլուն ապագա է սպասվում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ոչ ազատ, մոնոպոլիզացված օլիգարխիայի կողմից, և դա իշխանության չարակամների, ինչպես արդեն սկսել են բնորոշել բոլոր ընդդիմախոսներին ու այլախոհներին, հերթական զազրախոսությունը չէ: Դա հաստատել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2013թ. տարեվերջյան իր ասուլիսում նա բառացիորեն ասում է հետևյալը. «Սովետական Միության փլուզումից հետո մեր տնտեսական համակարգն ամբողջությամբ փլուզվեց, և այն ոլորտները, որտեղ տեղի ունեցան վերականգնում, աճ, գտնվում են մի փոքր խմբի վերահսկողության և սեփականության ներքո: Դրա համար էլ մենք ասում ենք՝ այո, օլիգոպոլիաների խնդիր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում...»: Անկախ նրանից, թե ինչ է արել և անում պետական իշխանությունը` այս աղետը, չարորակ ուռուցքը տնտեսությունից վերացնելու համար, փաստն այն է, որ կառավարության ղեկավարի մակարդակով հաստատվում է տնտեսության զարգացման կախվածությունը օլիգոպոլիաների ճակատագրից: Իսկ դա նշանակում է, որ պարտադիր կուտակային համակարգի միջոցով հասարակության ներդրումները ուղղակի մսխվելու են այն «մի փոքր խմբի» կողմից, որի մասին խոսում է վարչապետը: Այլ կերպ ասած` կուտակայինի փողերը ոչ թե տնտեսությունն են սնելու, այլ օլիգոպոլիաների ախորժակը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ այստեղ բոլորովին կապ չունի` փողերը երկա՞ր են, թե՞ կարճ, պոչո՞վ են, թե՞ անպոչ, թա՞նկ են, թե՞ էժան:
Նախագահի երկրորդ փաստարկը հիմնված է, այսպես կոչված, ժխտման տրամաբանության վրա. «Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ` հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞, ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար»: Այս տրամաբանությունը թվում է անխոցելի: Իրոք, ինչո՞ւ պետք է իշխանությունը իր քաղաքական կապիտալն անիմաստ վատնի մի բանի համար, որ նրան ոչ մի դիվիդենդ չի բերում, այն դեպքում, երբ քաղաքական ցանկացած ուժի հիմնական խնդիրներից մեկը այդ դիվիդենդները ձեռք բերելն ու պահպանելն է: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխող քաղաքական ուժին վաղուց արդեն բացարձակապես չի հետաքրքրում իր քաղաքական կապիտալը` իբրև արժեք: Նա դրա կարիքը չունի, քանի որ ամբողջությամբ տիրապետում և գործադրում է բոլոր այն անհրաժեշտ ուժային, քարոզչական, ֆինանսական լծակները, որոնցով կարող է վերահսկելի պահել թե' հասարակությանը, թե' քաղաքական համակարգը և թե' հասարակական-քաղաքական բոլոր գործընթացները: ՀՀԿ-ն իր հեղինակության, հանրային վստահության կարիքը չունի, քանի որ վաղուց արդեն ընտրական համակարգը, այն տեսքով ու բովանդակությամբ, որին ծանոթ է քաղաքակիրթ ու ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրույթը, գոյություն չունի Հայաստանում: Մինչդեռ միայն նորմալ աշխատող ընտրական ու քաղաքական համակարգերի պարագայում է, որ քաղաքական կապիտալ կոչվածն արժեք է ունենում և ստիպում է ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` նաև իշխանություն ունեցող, դողալ այն ձեռք բերելու և պահպանելու համար: Մյուս կողմից` կենսաթոշակային համակարգի այսպիսի վերափոխումն այն դաշտը չէ, որտեղ կարելի է քաղաքական կապիտալ կուտակել: Որովհետև դրա արդյունքները հնարավոր է տեսնել առնվազն 20-30 տարի հետո: Այսինքն` միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել դրանից ինչ-որ դիվիդենդներ շահելու մասին: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն խնդիր է դրել մինչ այդ կամ գուցե նաև հավերժ լինել իշխանության: Բայց եթե այդպես է` ՀՀԿ-ն նախ ճիշտ կանի պատասխանի այն հարցին, թե կա՞ աշխարհում արդյոք ժողովրդավարական որևէ երկիր, որտեղ նույն քաղաքական ուժը իշխանության է մնում 40 տարի...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ