կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-14 13:42
Հասարակություն

12 տարի սովորելուց հետո չեն կարողանում հայերենով շարադրել մտքերը

12 տարի սովորելուց հետո չեն կարողանում հայերենով շարադրել մտքերը

Այսօր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն» խորագրով կլոր սեղան-քննարկումը:

 

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ նախագահ Լիլիթ Գալստյանը նշեց, որ կարեւոր է քննարկել, թե արդյոք Հայաստանում վարվող պետական քաղաքականության համատեքստում արժեւորվո՞ւմ է լեզվի դերը` որպես անվտանգության գործոն, ինքնության երաշխիք, սուվերենության եւ հոգեւոր անվտանգության առանցքային արժեք: «Լեզուն մեր պետականության, ինքնության, գոյի ամենաողնաշարային արժեքներից մեկն է»,- ասաց նա:

 

Ըստ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վ. Բրյուսովի անվան լեզաբանական համալսարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանի` մեր միջնակարգ դպրոցներում առաջնային խնդիրն այն է, որ հայրենի քերականության փոխարեն պետք է գրավոր և բանավոր խոսքի ուսուցում իրականացվի:

 

«Դպրոցներում անհրաժեշտ է փոխել հայերենի ուսուցման գործնական չափորոշիչներն ու առարկայական ծրագրերը: Օրենքներն, այո, սահմանված ենք, բայց դպրոց տանում ենք այն, ինչ ունեցել ենք տարիներ առաջ` չոր քերականություն, անկյանք, անհոգի քերականություն: 12 տարի սովորելուց հետո շրջանավարտը չի կարողանում մաքուր հայերենով գրավոր եւ բանավոր շարադրել իր մտքերը: Ամեն ինչ սկսվում ու վերջանում է դպրոցում»,- ասաց նա:

 

Գյուրջինյանի կարծիքով` ամենակարևոր գործիքը դասագիրքն է, իսկ դասագրքերի ոլորտում տխուր է վիճակը, թեեւ կան ե'ւ լավ, ե'ւ վատ դասագրքեր:

 

«Երբ կրթության պաշտոնյային ասում ես` հարգելի'ս, այս ինչ վատ դասագիրք է, նա պատասխանում է, թե` ոչինչ, կան եւ լավ դասագրքեր, ուսուցիչները թող լավով դասավանդեն: Ընդունելության քննությունները… Կարծես թե մենք հայոց լեզու դպրոցում աշակերտին սովորեցնում ենք ընդունելության քննությունների համար: Պետք է վերացնել դասագրքերը մրցութային կարգով ընտրելու` արատավոր մեխանիզմը, իսկ ուսուցիչները պետք է վերապատրաստվեն»,- ասաց Գյուրջինյանը:

 

Նրա կարծիքով` ժամանակն է նաև այլընտրանքային ուսուցմանը զարկ տալ` հայերենը պաշտպանելու համար էլեկտրոնային տարածքն ուղղակի հայերենով լցնել: