Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ է հայրենասիրությունը, և որտե՞ղից այն կարելի է ձեռք բերել: Կամ' ինչո՞ւ են հաճախ «հայրենասիրություն» բառը օգտագործում մարդիկ, ովքեր ավելի շատ անհայրենիք են, չունեն հայրենիքի ընկալման բանաձևը:
Լուսահոգի Մովսես Գեորգիսյանը մերժում էր «հայրենասեր» ձևակերպումը: Նա հաճախ էր շեշտում, որ ինքը հայրենապաշտ է, այլ ոչ թե հայրենասեր:
Հայրենապաշտությունը վախեցնող բնորոշում է, իսկ «հայրենասերը» անսեռ մի բան է: Հիմա ում հարցնես, կասի' հայրենասեր եմ, առանց հասկանալու, թե ինչ է հայրենասիրությունը: Իշխանավորն էլ է հայրենասեր, գողն ու ավազակն էլ: Թուրքիա չմեկնող և Երևանյան լճի կամրջին գիշերը կանգնող մարմնավաճառն էլ է հայրենասեր, օրեցօր սնկի պես աճող մոթելների տերերն ու այնտեղ գրանցված գիշերային թիթեռնիկներն էլ: Անկասկած, Գալուստ Սահակյանն էլ է հայրենասեր, Էդիկ Շարմազանովն էլ: Այն պաշտոնյան, ով իր ծննդկան կնոջը տեղափոխում է ԱՄՆ կամ եվրոպական որևէ երկիր, ևս հայրենասեր է: Բոլոր հայրենասերները հավասարվել են: ՕԵԿ-ն էլ հայրենասերների կառույց է, ՀՀԿ-ն էլ: Եվ չնայած առաջինի դեպքում գաղափարախոսը Արթուր Բաղդասարյանն է, իսկ երկրորդինը' Նժդեհը, միևնույն է, երկուսն էլ հավասարապես հայրենասեր են: Իրենք են պնդում' ոչ մի տարբերություն: Իսկ արդյո՞ք հայրենասեր էր Նժդեհը: Կամ ո՞վ էր ավելի հայրենասեր' Նժդե՞հը, թե՞, ասենք, Կասյանը: Նրանց հայրենասիրության չափանիշներն ինչո՞վ էին իրարից տարբերվում: Ինչո՞ւ գուսան Աշոտի, Ջիվանու, Շերամի, Բաբաջանյանի և մյուսների գրած երգերը հայրենասիրական չեն, իսկ, ասենք, «Պատրոնդաշը» համարվում է հայրենասիրական-կատակ երգ: Ինչո՞ւ և ո՞ւմ թեթև ձեռքով ազատագրական -հեղափոխական երգը վերանվանվեց հայրենասիրականի, և վերջապես, ովքե՞ր են հայրենասերները:
Ես, օրինակ, հայրենասեր չեմ: Ես չեմ հասկանում' ինչ ասել է հայրենասեր: Patriot-ը հասկանում եմ, ընդունում, բայց հայրենասերը' ոչ, որովհետև դրանք տարբեր բաներ են: Ռուսի կամ եվրոպացու «patriot»-ը հայի «հայրենասերը» չէ և չի կարող լինել: Հայի «հայրենասերը» ուզում է դառնալ պատգամավոր, մարզպետ, թաղապետ, նախարար ոչ նրա համար, որ ծառայի ժողովրդին, այլ, որ «քամի» ժողովրդին: Եվ հիմնականում նման մարդիկ են հայրենասիրությունից խոսում, ձմռանը' խաշի սեղանի շուրջ , ամռանը' որտեղ պատահի: Հիմա հայրենասեր լինելը մոդա է, և ոչ ոք չի մտածում հայրենապաշտության մասին: Որովհետև «հայրենասերը» չպարտավորեցնող տերմին է, իսկ «հայրենապաշտ» լինելու դեպքում ստիպված ես պաշտել, արարել, կռվել, պայքարել և, ամենատհաճը, մեռնել` հանուն հայրենիքի:
Ահա, թե ինչու են շատացել հայրենասերները, ովքեր, այդ բառի տակ տապ արած, ոչնչացնում են հայրենապաշտությունը' այն վերածելով հայրենասիրության, իսկ, ինչպես ասում են, «սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»:
Ի դեպ, Նժդեհը հայրենապաշտ էր: Տեսնես մերօրյա հայրենասերները գիտե՞ն...
Հարություն Հարությունյան