|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «գրություն է ուղարկել ռուս գործընկերոջը` Պատրուշևին», որում խնդրել է «ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ քննության առարկա դարձնել երեք ամիս ժամանակահատվածի վերանայման հարցը»: Խոսքը սույն թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՌԴ այն օրենքի մասին է, որը սահմանափակում է Ռուսաստան մեկնող օտարերկրյա քաղաքացիների կեցության ժամկետը` այդպիսով անելանելի դարձնելով վիճակը հատկապես այն մարդկանց, ովքեր ՌԴ-ում են հայտնվել, այսպես կոչված, խոպանչու կարգավիճակով: Թեման, ինչպես որ սպասելի էր, համազգային հնչեղություն է ստացել, և միանգամայն բնականորեն «Օրինաց երկիր» կուսակցությունն անցել է գործի` տպավորություն ստեղծելով, թե լրջորեն զբաղվում է խնդրով` այդ կերպ փորձելով բարձրացնել նաև վաղուց ի վեր անհայտություններում դեգերող իր վարկանիշը:
Սակայն այս պատմության մեջ առավել հետաքրքիր է ու դիտելի ոչ այնքան կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, որքան, ի դեմս նրա, Ազգային անվտանգության քարտուղարի ստանձնած դերն ու դերակատարությունը: Նույնիսկ երեխայի համար է պարզ, որ Ա. Բաղդասարյանը ոչ թե այսօր, այլ վաղուց և ի պաշտոնե էր պարտավոր իմանալ ու փորձել կանգնեցնել այդ խիստ անցանկալի օրենքի ընդունումը: Եվ եթե մեկը կարող է ասել, որ դա անհնար էր անել այն ժամանակ, ուրեմն առավել ևս անհնար է ինչ-որ բան ձեռնարկել հիմա` օրենքի ընդունումից և գործողության մեջ դրվելուց հետո: Հետևաբար, Ա. Բաղդասարյանը` իբրև երկրի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը, պարտավոր էր երկրի քաղաքական իշխանության հետ մեկտեղ ամեն ինչ անել, որ այդ օրենքը, նախ` չընդունվեր, և Ռուսաստանի ճնշմամբ Մաքսային միություն գնացող Հայաստանի համար գոնե այսօրինակ անհարմարություններ չծագեին: Մինչդեռ մեր հլու իշխանություններին ի անարգանք` ռազմավարական մեր դաշնակիցն ընդունեց այդ օրենքը` դրանով խփելով ամենից առաջ Հայաստանին, որովհետև, բացի մեր երկրից, չկա մեկ այլ երկիր, որի բնակչության կենսամակարդակը, ընդհուպ` ֆիզիկական գոյատևում, այսքան ողբերգականորեն կախված լիներ ուրիշից: Այնպես որ` չհաջողված բլեֆի է նման Ա. Բաղդասարյանի «նամակն» իր ռուս գործընկերոջը, որովհետև ի սկզբանե է պարզ, որ այն ոչինչ չի փոխելու, բացառությամբ, թերևս, քամահրանքի ավելի ու ավելի խորացող այն զգացումը, որ մեր իշխանությունների հանդեպ նրանց ապիկարության ու ենթակա կեցվածքի համար տածում են ռուս «գործընկերները»:
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ