կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-27 10:58
Իրավական

Նախարարի որդու գործը` դատարանում

Նախարարի որդու գործը` դատարանում

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կսկսվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով դատավարությունը:

 

Դ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգություն) և 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով:

 

Նախաքննության համաձայն` Դավիթ Վարդանյանը 2013 թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 19:20-ից, մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:

 

Գործում առկա իրեղեն ապացույցներն են` 97.3 գրամ, 6.8 գրամ և 1.3 գրամ «հաշիշ» թմրամիջոցները`1 փաթեթում `փաթեթավորված և փորձագետի թիվ 13-360 կնիքով կնքված վիճակում, 7 հատ «Multivitamin Plus Daru» և 2 հատ «Codacet 300/10, ABID դեղահաբերը` 1 փաթեթում փաթեթավորված և փորձագետի թիվ 13-3606 կնիքով կնիքված վիճակում, Դ.Վարդանյանի որովայնի և տազի համակարգչային տոմոգրաֆիայի լազերային սկավառակն ու ժապավենը`1 փաթեթում փաթեթավորված:

 

Դավիթ Վարդանյանի շահերը դատարանում կպաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հայրապետյանը: