կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 14:13
Քաղաքական

Որեւէ հանրապետական չհամարձակվեց Տիգրան Սարգսյանին ասել` այդ ո՞ւմ ես քննադատում, Անդրանիկ Մարգարյանի՞ն

Որեւէ հանրապետական չհամարձակվեց Տիգրան Սարգսյանին ասել` այդ ո՞ւմ ես քննադատում, Անդրանիկ Մարգարյանի՞ն

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. մի կողմից` հնչում են տեսական վերլուծություններ, ու ստացվում է, որ հնչեցնողը պետք է իր տեղը փոխի ու հակադարձի հենց ինքն իրեն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Քոչարյանի հարցազրույցների ու իշխանության ներկայացուցիչների պատասխան արձագանքների մասին:

 

Մասնավորապես, խոսելով Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսի մասին, նա նշեց, որ վարչապետն, ըստ էության, իր քննադատությունը և ձախողումների ողջ պատասխանատվությունը ուղղել է նախորդ կառավարությանը, որի ղեկավարը Անդրանիկ Մարգարյանն էր: «Ինձ թվաց, թե այն հնաբանակ հանրապետականները պետք է արձագանքեին, ովքեր համարում են իրենց Անդրանիկ Մարգարյանի զինակիցը: Բայց որևէ մեկը չհամարձակվեց ասել, որ՝ հարգելի' Տիգրան Սարգսյան, այդ ո՞ւմ ես քննադատում, Անդրանիկ Մարգարյանի՞ն, մեկին, ով քեզ չի՞ կարող պատասխանել: Ուստի, եթե Տիգրան Սարգսյանին չպատասխաներ Ռոբերտ Քոչարյանը, կստացվեր, որ Տիգրան Սարգսյանի քննադատությունը ճիշտ է»,- ասաց նա: Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինքը պաշտպանում է ոչ թե Քոչարյանին, որովհետև վերջինս իր պաշտպանության կարիքը չունի, այլ պաշտպանում է սկզբունքը, որով մարդիկ պետք է աշխատեն:

 

Ըստ նրա` չարաչար սխալվում են նաև այն մարդիկ, ովքեր համարում են, թե ինքը վատ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ իրականացված «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, Գառնիկ Իսագուկյանը նշեց, որ ինքը չի ուսումնասիրել այդ հարցը: «Կար հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյան և նախարար Արմեն Մովսիսյան, ով ուներ ամենամեծ դերակատարությունը այդ ծրագրի իրականացման գործում: Բայց ես մանրամասներին տեղյակ չեմ»,- ասաց նա:

 

Իսկ հարցին՝ արդյո՞ք վերադառնում է Ռոբերտ Քոչարյանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ես նրա մամլո խոսնակը չեմ, որ իմանամ՝ վերադառնում է, թե` ոչ»: