կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-25 22:45
Հասարակություն

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական  գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան հինգերորդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը եւ ո'չ էլ ճանաչումը:

Ապրելով Երեւանում` չդադարեց իրինդցի մնալ: Հաճախ էր այցելում հարազատ գյուղ, նստում գյուղացիների հետ, զրուցում: Գյուղացին էլ էր սիրում նրան, քաղաքացին էլ:


Պատգամում էր` ամեն ինչ անել պետության հզորացման համար եւ այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա ու իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Եզակի իշխանավորներից էր, որ երազում էր՝ իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ:

Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ: 

ԵՐԿԻՐ

Հայ մարդ եւ ընկեր

Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի եւ մտքի անվրեպ թելադրանքով։ Անվրեպ, որովհետեւ չէր պատկերացնում հայ ժողովրդին առանց հայրենասիրության անհրաժեշտ ջիղի, ինչպես մարմինն առանց հոգու։

Նժդեհյան պատգամներն էին, որ նրան 1965 թվականից արդեն ընդգրկեցին հայ քաղաքական կյանքի մեջ, եւ այդ կյանքի որդեգիր Անդրանիկ Մարգարյանը 2007թ. մարտի 25-ին՝ 56 տարեկան հասակում, հավերժ ճամփորդի ուղին բռնեց, երբ մեր նորօրյա կյանքում գոյություն ունեցող դեռեւս բազմաթիվ դժվարությունները պիտի հաղթահարեր փուշուտատասկոտ իր ճամփան անցնելիս։

Այդքան մարդու ընկեր, այդքան պապիկ, այդքան հայր ու հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։

Այդ պատճառով ես էլ անվարան կարող եմ ասել, որ իմ կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ ծանոթացա իմ սիրասուն հայրենակցի՝ էրգրացի Անդրանիկի հետ, եւ ապա` տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսեցի նրա մահվան լուրը։ Ես մեր ժողովրդի չափ սիրում եմ քեզ, իմ անուշ ընկեր եւ իսկական հայ մարդ։

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ