կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 14:10
Առանց Կատեգորիա

Մեր իշխանությունը կամ ՌԴ մեկնող ավտոբուսները հարմարավետ են

Մեր իշխանությունը կամ ՌԴ մեկնող ավտոբուսները հարմարավետ են

Որ «Առաջ դեպի ապահով Հայաստան» կարգախոսը ՀՀԿ-ն բանի տեղ չի դնի, մեզանից ոչ ոք, թերևս, չէր կասկածում, սակայն այն, որ քայլ առ քայլ այն կվերածվի «Առաջ դեպի ապահով արտագաղթ» ծրագրի, պատկերացնել կարող էին քչերը: Այս մի քանի ամիսների ընթացքում Հանրապետականը հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ գնում էր դեպի իր նպատակի իրականացում, և ավարտը, կարծես, մոտ է: Սպասելի հետընտրական գնաճ,  գազի և էլեկտրաէներգիայի կանխատեսելի թանկացում, ուսման վարձերի բարձրացում, պարտադիր կուտակային համակարգի ընդունում, տրանսպորտի սպասվելիք թանկացում: Այս ամենին գումարած` շարունակվում են կրճատումները կրթական ոլորտում՝ բուհերում, դպրոցներում, անգամ` մանկապարտեզներում:

 

Օրերս իմացա, որ ինձ ծանոթ մի մանկավարժ` որակյալ մասնագետ, ով իր կյանքի 20 տարիները դպրոցում է անցկացրել, կանգնած է կրճատման վտանգի առաջ: Միայն դասաժամերի դիմաց ստացած գումարը բավարար չէ, իսկ ուսմասվար ժամանակակից դպրոցին, պարզվում է, հարկավոր չէ: Նա խուճապի մեջ է, չգիտի՝ ինչ պետք է անի երեք երեխաներին ապահովելու համար: Կոլեգաներից մեկի հարցին՝ ի՞նչ է անելու կրճատման դեպքում՝ հուսահատ պատասխանել է. «Վերջին տարբերակը ՌԴ մեկնելն է ՝ ցանկացած աշխատանք կատարելու»:

 

Ահա այն մեծ վտագը, որի առաջ մենք կանգնած ենք: Արտագնա աշխատանքի են մեկնում ոչ միայն բարձրագույն կրթություն չունեցող, ճարահատյալ մարդիկ, այլ նաև գիտության մարդիկ, մարդիկ, ովքեր պետք է իրենց հայրենիքում սերունդներ կրթեին, արժեքային համակարգ ձևավորեին: Ուրեմն ի՞նչ օրինակ կարող են ծառայել այդ մարդկանց ճակատագրերը եկող սերդիդ համար: Մի՞թե, այդ ամենը տեսնելով, մեզ համար չի արժեզրկվում կրթությունը, գիտելիքը: Այսօր քիչ չեն երիտասարդներ, ովքեր հայտարարում են. «Ինչո՞ւ սովորեմ, միևնույն է` աշխատանքն այսօր հասարակ մարդկանց համար չէ (բացառություններ, իհարկե, լինում են)»:

 

Սակայն կա մեկ հարց, որը  իշխանություններին մտահոգում է: Նրանք անում են ամեն բան, որ արտագաղթը հնարավորինս արագ, մատչելի, հարմար և ապահով լինի: Ամեն օր ՌԴ կամ այլ երկրներ ավտոբուսներ են մեկնում: Ավտոբուսները բավական հարամարավետ են և, ի տարբերություն ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտի, չեն զայրացնում քաղաքացուն ոչ պակաս քանակով, ոչ էլ ժամային անկանոն աշխատանքով: Տոմսերի գինն էլ բավականին մատչելի է՝ 20 000 դրամ:

 

Սակայն մեկ «դրական» կողմ կարելի է գտնել` եթե մի օր այլ ազգի ներկայացուցչի մոտ ստիպված լինենք (ամոթի և թասիբի զգացումից դրդված) որևէ գովեստի խոսքը ասել մեր իշխանությունների հասցեին, ապա կարող ենք հանգիստ խղճով և վստահորեն ասել, որ նախաձեռնած ծրագրերից գոնե մեկը նրանց հաջողվել է  իրականացնել գրեթե 100%-ով:

 

Անի Սահակյան