Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հինգ հեռախոսահամար են տվել, հինգին էլ չեն պատասխանում՝ ըստ Yerkir.am-ի ասացին բողոքի ակցիա իրականացնող՝ տուրիստական ավտոբուսների վարորդները, որոնք 40 օր է կառավարությունից պատասխան չեն ստացել։
Նրանք պահանջում են իրենց էլ ընդգրկել կառավարության աջակցության որևէ ծրագրում։ Բացի այդ, վարորդները կառավարությունից ակնկալում են առնվազն մեկ տարի երկարաձգել իրենց վարկային պարտականությունները։
«Այս ոլորտը լավագույնը կվերականգնվի մեկուկեսից երեք տարվա ընթացքում։ Մարտի 13-ին դիմեցինք կառավարությանը՝ խնդրելով կամ սառեցնել մեր վարկերը մեկ տարի ժամկետով, կամ ցույց տալ աջակցություն։ Քառասուն օր գրեթե անցել է, մենք չունենք պատասխան կառավարությունից։ Տպավորություն է, որ տուրիզմի մեջ տրանսպորտային ոլորտը բացարձակ գոյություն չունի»,-ասաց Տրանսպորտային տուրիստական ընկերության տնօրեն Արմեն Աբգարյանը։
Իրենց հեռախոսազանգերը մնում են անպատասխան, իսկ աջակցություն չստանալու դեպքում ստիպված կլինեն վաճառել ավտոբուսների մասերը։
«Եթե աջակցություն չլինի, սնանկացման ենք գնալու։ Բնականաբար, ավտոբուս ոչ ոք չի առնելու, հետևաբար պետք է քանդենք, մասերը վաճառենք դուրս։ Դրանից հետո մեր տուրիզմը "հիանալի" ավտոբուսային պարկ կունենա»,- ասաց նա:
Մարդիկ վարկեր են վերցրել, մեքենաներ են գնել, բայց արդեն որքան ժամանակ է՝ կանգնած են փաստի առաջ, ասացին նրանք և վստահեցրին, որ իրենք գումար չենք պահանջում, հակառակը՝ ուզում են հարկ վճարել, պետությանը օգուտ տալ:
«Մենք էլ ենք ուզում կանոնակարգվի այս ամենը, ուզում ենք մեքենաները համապատասխանեն պահանջվող չափանիշներին, որպեսզի զբոսաշրջիկներին նորմալ սպասարկենք»,-ասացին տուրիստական ավտոբուսների վարորդները, որոնք հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Նրանք պահանջեցին լուծել նաև կայանատեղիների խնդիրը եւ ոչ թե ծայրամասերում կայանատեղի հատկացնել, այլ Հանրապետության հրապարակի մերձակայքում, քանի որ տուրիստական հոսքը հենց այդտեղ է:
Հունվարի 25-ից արգելվել է զբոսաշրջային ավտոբուսների կայանումը հրապարակի տարածքում: Վարորդների խոսքով, տասը տարի շարունակ աշխատել են հրապարակի տարածքում, բայց արդեն 2-3 ամիս է քաղաքապետարանը տանում-բերում է, որևէ ռեալ պատասխան չի տալիս՝ որտեղ կայանեն, որպեսզի գործը շարունակեն:
«Երեւանի փողոցները, որտեղ տուրիստական հոսքը շատ է, ավտոկայանատեղին առանց այն էլ գտնվում է վատթար վիճակում: Մենք չենք ասում՝ Հրապարակը մերն է, մենք ենք սարքել, պետք է ստեղ կանգնենք: Համաձայն ենք, սիրուն չի կառավարության առաջ կանգնել: Ուրեմն, թող մեզ տրամադրեն մի գիծ, որը ոչ երթևեկությանը կխոչընդոտի, ոչ՝ քաղաքի գեղեցկությանը, շատրվանները փակելուն, բայց՝ Հրապարակում»,-պահանջեցին զբոսաշրջային բիզնեսով զբաղվող վարորդները:
Իրենք այդ հատվածում քաղաքապետարանի մասնագետներին կայանելու տեղ մատնանշել են, սակայն պատասխան չեն ստացել. «Մինչեւ հիմա ո՛չ բարձրաձայնել ենք մեր խնդրի մասին, ո՛չ լրատվականներով աղմուկ ենք բարձրացրել, համբերատար սպասել ենք՝ տեսնենք ինչ կառաջարկեն: Չենք ասում՝ մեզ պաշտոնական հրավեր անեին, կանչեին և այլն, բայց գոնե տեղ տրամադրեին, որ շարունակենք աշխատել»:
Նրանց առաջարկած վայրը Սախարովի հրապարակն է, որտեղ առանձին գծանշումով տարածքը կառանձնացվի՝ զբոսաշրջային տուրեր իրականացնող սուբյեկտների համար եւ նրանք կտեղափոխվեն այդ տարածք։
Մանրամասն՝ տեսանյութում․