կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 12:07
Տնտեսական

20 տոկոսն անգամ կարելի էր նվեր տալ ՌԴ-ին, բայց ոչ երբեք ստանձնել նման պարտավորություններ

20 տոկոսն անգամ կարելի էր նվեր տալ ՌԴ-ին, բայց ոչ երբեք ստանձնել նման պարտավորություններ

Գազային համաձայնագրերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը  երեք հիմնական հարց էր առանձնացրել իր հարցազրույցում' 300 միլիոն դոլարի պարտքը, 20 տոկոսի  վաճառքը եւ մինչեւ 2043 թվականը գազամատակարարման ոլորտում «Գազպրոմին» մենաշնորհ տալը. Սրանք ՀՅԴ-ի կողմից բարձրացված հարցերի միայն մի մասն են. Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Ի տարբերություն երկրորդ նախագահի, պատգամավորը համարում է, որ 300 միլիոնի պարտք պարզապես չէր կարող ձեւավորվել: «Սա մի համակարգի արդյունք է, որը պարզապես հասարակությունից խլում է իր սեփականությունը: Պարտք, որպես այդպիսին, չէր էլ կարող ձեւավորվել, էլ ուր մնաց, թե պետությունը մի հատ էլ պարտավորություն կրեր այդ ամենի համար: 20 տոկոսի վաճառքի մասով իմ շեշտադրումը մի քիչ այլ է. ես չեմ կարեւորում 20 տոկոսի զուտ ֆիզիկական մեծությունը»,- ասաց պատգամավորը:

 

Ըստ նրա` այդ 20 տոկոսից, ի վերջո, բոլոր ժամանակներում մեր կառավարությունն ու իշխանությունները երբեք չեն օգտվել: Այսինքն' այն, որ կառավարությունը կարող էր պարտադրել անկախ փորձաքննություն' աուդիտ իրականացնել կազմակերպությունում, մի շարք գործարքների մասով  «Գազպրոմ»-ին պարզապես զրկեր որոշումներ կայացնելու հնարավորությունից եւ այլն, այդ ամենից մենք չենք օգտվել: Հետեւաբար, հույս ունենալ, թե որեւէ իշխանություն կօգտվի այդ 20 տոկոսի ընձեռած հնարավորություններից, պատգամավորի կարծիքով, իրատեսական չէ:

 

«Ինձ ավելի շատ մտահոգում են այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք այդ պայմանագրով: Իսկ այդ պարտավորությունները պարզապես ոչնչացնում են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման այն բոլոր հեռանկարները, որոնք դուրս են «Գազպրոմի» պատկերացրած կամ գծած շրջանակներից: Սա է ինձ մտահոգում, եւ ես անգամ համարում եմ, որ այդ 20 տոկոսը կարելի էր նվեր տալ Ռուսաստանի Դաշնությանը, միայն թե չստանձեինք այդպիսի պարտավորություններ: Իսկ 20 տոկոսի դիմաց վճարումն ինչպես եկավ բյուջե, այնպես էլ հետ գնաց «Հայռուսգազարդ»-ին»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

 

Նրա պարզաբանմամբ` մինչեւ 2043 թվականի մենաշնորհը կապված է հենց այդ պարտավորությունների հետ, բայց մինչեւ 2043 թվականը մենաշնորհ տրամադրելը որքան էլ օբյեկտիվ հիմքեր ունենա, այնուամենայնիվ, պարունակում է հսկայական սուբյեկտիվ տարրեր' սկսած նրանից, որ Հայաստանը, փաստորեն, զրկվում է այլընտրանքային էներգիա արտադրելու կամ ապահովելու բոլոր մեխանիզմներից, ավարտած նրանով, որ, ինքնիշխան սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելու տեսակետից, մենք մեզ զրկում ենք որեւէ համարժեք որոշում կայացնելու հնարավորությունից:

 

«Սրանք հարցեր են, որոնք Հայաստանի իշխանություններին' ներկա կամ ապագա, միանշանակ պետք է մտահոգեն: Դա էր պատճառը, որ մենք' ԱԺ ոչ իշխանական ուժերս, որոշեցինք գոնե հիմքեր ստեղծել' հետագայում այս հարցը վերանայելու համար, առնվազն վիճահարույց դարձնելով համաձայնագրի վավերացման գործընթացը»,- ասաց պաըգամավորը' շարունակելով, թե իրենց նախաձեռնությամբ նաեւ պայմաններ են ստեղծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն իսկապես կարողանա այս համաձայնագրերը վերանայելու պահանջ դնել:

 

«Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայանագիր է»,-  վերջում շեշտեց Արծվիկ Մինասյանը: