կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-11 14:54
Հասարակություն

ԵՊԲՀ ռեկտորատը կարծում է, որ ուսանողների բողոք-նամակը ոչ մի հիմք չունի

ԵՊԲՀ ռեկտորատը կարծում է, որ ուսանողների բողոք-նամակը ոչ մի հիմք չունի

Օրեր առաջ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ նամակով դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

 

Ուսանողները բողոքում են ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների եւ հետագայում ցիկլը վճարովի հիմունքներով կրկնելու դեմ. «Օրինակ, եթե չորս շաբաթանոց ցիկլային պարապմունքի ընթացքում յուրաքանչյուր շաբաթում ունենում ենք նույնիսկ մեկ անհարգելի բացակա, պարտավոր ենք դա կրկնել ամբողջ 4 շաբաթն էլ՝ համապատասխանաբար վճարելով դրա համար»:

 

Ուսանողների կարծիքով` նման որոշմանը միայն մեկ անուն կարելի է տալ`դրամաշորթություն:

 

Yerkir.am-ին ՀՀ ԿԳ նախարարությունից պատասխանեցին, որ իրենք նամակը փոխանցել են նախարարին:

 

Բժշկական համալսարանի ռեկտորատն էլ համարում է, որ բողոք-նամակը ոչ մի հիմք չունի, քանի որ համալսարանում դրանք կատարվում են ըստ գործող կարգի:

 

«Կարծում ենք, որ հարցերի մեր սպառիչ պատասխանը կլինի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական հալասարանի ռեկտորի 21.03.2012թ. թիվ 38-Մ-2 հրամանով հաստատված «Բաց թողնված դասերի լրացման կարգի» մասին որոշումից հետևյալ մեջբերումը. «...Եթե ուսանողը ուսուցման մասին պայմանագրով նախատեսված վարձավճարի սահմաններում և Համալսարանի կողմից սահմանված ուսումնական ծրագրերով և ժամանակացույցով նախատեսված դասերից բացակայել է, Համալսարանի կողմից նախատեսվում են լրացուցիչ վճարովի դասընթացներ հետևյալ պայմաններով՝

ա) 2 շաբաթ և ավելի տևողությամբ առարկաների ցիկլային պարապմունքներից բացակայելու դեպքում ուսանողը պարտավոր է լրացնել յուրաքանչյուր բացակայած դասի համապատասխան շաբաթը,

բ) դասերի բացթողումը (բացակայելը) դասերին չներկայանալն է և այն բացակայությունները, որոնք նշանակվել են ուսանողին՝ դասերից ուշանալու պատճառով: Դասընթացների համար վճարման չափը որոշվում է՝ ելնելով ռեկտորի կողմից հաստատված յուրաքանչյուր առարկայի կրեդիտների գնացուցակից»:

 

Համալսարանից տեղեկացնում են, որ «Բաց թողնված դասերի լրացման» կարգում փոփոխություններ հնարավոր չէ կատարել, քանի որ ուսանողի կողմից բացակայության լրացումը ընդունող դասախոսը հավելյալ աշխատանք է կատարում, որի համար նա պետք է վարձատրվի. «Իսկ հարգելի բացակայություն ունեցողների լրացումները կատարվում են համալսարանի հաշվին: Այնպես որ` համալսարանը դրամաշորթությամբ չի զբաղվում: Անդրադառնալով նամակում արծարծված լրացումների կապակցությամբ «շատ լավ ուսանողի լուրջ խնդիրների առաջ կանգնելու» հարցին՝ կարծում ենք, որ լավ ուսանողը առհասարակ անհարգելի բացակայություններ չպետք է ունենա, և իրականում այդպես էլ կա»: