Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն տարի հանրապետության լավագույն մարզիկների տասնյակի հրապարակումից հետո դժգոհության ալիք է բարձրանում:
Այս տարի այդ վիճակից խուսափելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ստանձնելով խաղաղության աղավնու դերը, փորձեց նոր ձևաչափ առաջարկել լավագույն մարզիկների ընտրության համար: Նորամուծությունը հետևյալն էր` սահմանել են չափորոշիչներ՝ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում հանդես եկող մարզիկների նվաճումները գնահատելու համար: Յուրաքանչյուր մարզիկին, ըստ նվաճման, տալիս են համապատասխան միավորներ: Այդպես կբացառվեր, այսպես ասած, «սիրուն աչքերի համար» քվեարկելը:
Առաջին հայացքից ամեն ինչ կարգին է թվում` կան մարզիկների արդյունքները, կան չափորոշիչները, կա ձևավորված օբյեկտիվ տասնյակ: Բայց...
Նոյեմբերի վերջին նախարարության կողմից կազմակերպվեց հանդիպում-քննարկում` լրագրողների, մարզիչների և մի շարք ֆեդերացիաների նախագահների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը նախարարության կողմից առաջարկված տարբերակի քննարկում էր: Քննարկո՞ւմ...
Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը մեղադրեց սպորտի նախարարությանը հին ու բարի ավանդույթները խախտել ցանկանալու մեջ. 1958-ից մինչև հիմա աշխարհի տարբեր երկրներում լավագույն տասնյակն ընտրում են մարզական լրագրողները:
«Այդ լրագրողները մեր ֆեդերացիայի անդամ են, պետք է ունենան աշխատանքային փորձ՝ գոնե երեք տարվա, և լինեն գործող լրագրողներ: Դուք պատմություն եք ուզում փոխել»,- բորբոքված հայտարարեց ՀՄԼՖ նախագահը:
Որոշ լրագրողներ 3 երգ գիտեին, 3-ն էլ` ֆուտբոլիստների մասին... Եվ սկսվեց` է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն:
4 ժամ քննարկումից հետո կողմերը եկան համաձայնության, որ լավագույնների ցուցակը` ըստ արդյունքների, կտա սպորտի նախարարությունը, իսկ Մարզական լրագրողների ֆեդերացիան կկատար իր ընտրությունն այնպես, ինչպես արել է 1958-ից: Կարծես` և՛ գայլերն են կուշտ, և՛ գառներն են ողջ:
Բայց կրկին խոսեց «խաղաղության աղավնու» «ես»-ը: Ի՞նչ տրամաբանությամբ էր շարժվում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, երբ այդ «թատրոնից» հետո իր պաշտոնական կայքում տեղադրում էր հայտարարություն, որում կոչ էր անում ազգային ֆեդերացիաներին` նախարարություն ուղարկել տարվա ընթացքում մարզական արդյունքներով առավել աչքի ընկած 5 մարզիկի թեկնածություն: Եվ հենց նույն հայտարարության մեջ էլ գրում էր, որ լրատվամիջոցների ներկայացուցուցիչները, ընտրության կարգի համաձայն, աշխատանքային օրվա ընթացքում պետք լրացնեն քվեաթերթիկը (ներբեռնել կայքից)՝ առաջնորդվելով նախարարության կողմից մշակված` մարզական արդյունքների գնահատման բալերով:
Փաստորեն, նախարարությունը լավագույնների անուններն ընտրելու փոխարեն շարունակում է առաջ տանել քվեարկության իր տարբերակը: Բայց ի՞նչ ընտրության մասին է խոսքը, ինչո՞ւ եք դիմում լրագրողներին, որպեսզի նրանք ինչ-որ քվեարկություն անեն: Հարգելինե'րս, դուք ունեք ձեր չափորոշիչները, և ֆեդերացիաների ներկայացրած ցանկը հաշվեք ինքներդ, մենք հաշվիչներ չենք:
Արդեն հետո ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը հերքեց, որ նախարարությունը մարզիկների անվանացանկ է տալու ՀՄԼՖ-ին:
Մարզական լրագրողների ֆեդերացիան առանց որևէ խնդրի կատարեց տասնյակի իր ընտրությունը, որն ընդունեց ՀԱՕԿ-ը:
Արդյունքում` սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնախումբը, որը զբաղվում էր լավագույն մարզիկների ընտրության չափորոշիչների մշակման ուղղությամբ «տակը չմնալու» համար որոշում է անցկացնել իր՝ ավելի «անաչառ» ու «օբյեկտիվ» ընտրությունը: Դեկտեմբերի 20-ին նախարարության պաշտոնական կայքում դրվեց ևս մեկ անվանացանկ, որը իբրև թե լրագրողների ընտրությունն էր: Այդ քվեարկությանը, ավելի ճիշտ` հաշվարկին մասնակցած լրագրողների թիվը հաշվելու համար մի ձեռքիս մատերն էլ շատ են: Հարց, ո՞վքեր են այդ մի քանիսը, որ հանրապետության լավագույն տասնյակ որոշեն:
Նախարաության տասնյակը հետևյալն է.
Գրաված տեղ |
Մարզաձև |
Անուն, ազդանուն |
միավոր |
1 |
Ազատ ոճի ըմբշամարտ |
Դեւիդ Սաֆարյան |
7 |
2 |
Հունահռոմեական ըմբշամարտ |
Արթուր Ալեքսանյան |
5 |
3 |
Հունահռոմեական ըմբշամարտ |
Արսեն Ջուլֆալակյան |
4 |
4 |
Հունահռոմեական ըմբշամարտ |
Ռոման Ամոյան |
4 |
5 |
Սամբո |
Աշոտ Դանիելյան |
4 |
6 |
Ֆուտբոլ |
Յուրա Մովսիսյան |
4 |
7 |
Ֆուտբոլ |
Հենրիխ Մխիթարյան |
4 |
8 |
Ազատ ոճի ըմբշամարտ |
Մուսա Մուրտազալիև |
3 |
9 |
Սամբո |
Տիգրան Կիրակոսյան |
2 |
10 |
Բռնցքամարտ |
Արամ Ավագյան |
2 |
Եվ ի՞նչ է արել նախարարությունը: Ավելացրել է երկու ֆուտբոլիստի անուն` ֆուտբոլի մասին այն երեք երգը իմացողների համար, ավելացրել է սամբիստ, Կազանի Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանի անունը, քանի որ բողոք էր եկել նախարարություն, այն բանի համար, թե ինչու ՀՄԼՖ-ի ցուցակում չկա նրա անունը:
Դե, ստացվեց, որ մի բան արել են: Հո նախարարի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի գործը տապալված չէ՞ր համարվի, չէ՞ որ նախարարը լեգենդար Յուրի Վարդանյանն է, ով, իմ խորին համոզմամբ, իր առջև դրվող թղթերը ստորագրելուց առաջ ամբողջովին չի ընթեցում դրանք:
Հ.Գ. Դե քանի որ ցանկը գրեթե նույնն է, մարզիկները երկու անգամ «կօգտվեն»:
Հ.Գ. 2 Խորհուրդ կտամ կայքի արխիվները թարմացնել: Լավագույններ եք ընտրում...
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ