կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 11:15
Առանց Կատեգորիա

Ռուբլու և… Քրիստոսի խորհրդանիշը

Ռուբլու և… Քրիստոսի խորհրդանիշը

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 11-ին պաշտոնապես հաստատել է ռուսական արժույթի գրաֆիկական խորհրդանիշը` ռուբլու տարբերանշան է դարձել մեջտեղից հորիզոնական գծիկով ընդգծված «Р» տառը: Ռուսաստանի Կենտրոնական բանկում նախատեսում են արդեն հաջորդ տարում նոր տարբերանշանով մետաղադրամ հատել, ինչպես նաեւ այն տպել թղթադրամներին:

 

Տարբերանշանը շփոթելու չափ նման է հայոց այբուբենի 36-րդ տառին՝ մեծատառ Ք-ին, հետևաբար` ծագում է այդ տարբերանշանը օգտագործելու` ռուսական կողմի իրավունքի խնդիրը: Լրատվամիջոցներում լուր հայտնվեց այն մասին, որ, իբր, Unicode-ից խնդրել են այդ տառը որպես ռուբլու նշան չօգտագործել: Սակայն լուրը նաև որոշակի երկիմաստություն էր բովանդակում, հետևաբար, պարզ չէ, թե ինչ է սպասվում նորաստեղծ տարբերանշանին և ամենից առաջ, բնականաբար, հայկական այբուբենի տառին: Թվում է՝ հայկական կողմից խնդրով պիտի մտահոգված լինեին համապատասխան կառույցները, սակայն դրանցից լեզվի պետական տեսչությունը կամ մշակույթի նախարարությունն առայժմ լուռ են, և հայտնի էլ չէ՝ տեղյա՞կ են նրանք ծագած խնդրից, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկել կամ ձեռնարկում:

 

Ավելի մեծ մշակութային ժառանգություն, քան 1600-ամյա հայոց այբուբենն է, մենք թերևս չունենք, հետևաբար` այդ ժառանգության թեկուզև մի նշխարի՝ մի տառի յուրացումն էլ պիտի ընդվզում ու հակազդեցություն առաջացնի ոչ միայն հանրության շրջանում, այլև պատկան մարմինների մոտ, որոնք պարտավոր են համարժեք քայլեր ձեռնարկել: Ուրեմն հարց` մշակույթի նախարարությանը և լեզվի պետական տեսչությանը` տեղյա՞կ եք դուք, տիկնայք և պարոնայք, մեր մշակութային ժառանգության վրա թեկուզև անգիտաբար, սակայն ակնհայտ իրականացվող ագրեսիային, որի դեմն ուղղակի պետք է առնել: Հայոց այբուբենի բոլոր տառերն են հայի համար թանկ, Ք-ն՝ առավել ևս, որովհետև այդ տառով է միջնադարյան ձեռագրերում համառոտագրվել Հիսուս Քրիստոսի անունը: Այնպես որ` Ք-ն ռուսի համար եթե ընդամենը իր ազգային դրամի գրաֆիկական խորհրդանիշ է, հայի համար՝ Քրիստոսի խորհրդանիշ:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ