կարևոր
4426 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-26 11:01
Հասարակություն

Բագրատ Սրբազանը դարձավ իմ վերածննդի խորհրդանիշը. Նալչաջյան

Բագրատ Սրբազանը դարձավ իմ վերածննդի խորհրդանիշը. Նալչաջյան

Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Տիգրան Նալչաջյանը գրում է.

«Վաղուց էի մտածում գրել այս մասին, թե ոչ։ Բայց հավանաբար հիմա պահն է։

Անցյալ տարի իմ և իմ ընտանիքի հետ տեղի ունեցավ մեծագույն անմարդկային ողբերգություն, երբ մի ճիվաղ վիժվածք կյանքից զրկեց իմ հրաշք քույրիկին։ Դրանից հետո իմ կյանքը շրջադարձային փոխվեց։ Իմ ամեն ժպիտի տակ ծանր ցավ կա։ Լիարժեք ծիծաղել ու պահը վայելել այլևս չի ստացվում։ Իհարկե, ես ուժեղ մարդ եմ և շարունակում եմ ապրել ու ստեղծագործել, սակայն հոգեվիճակը մի բան է, որի մասին միայն ես գիտեմ։

Անտանելի էր ցավը և չգիտեի ինչպես շարունակել ապրել, երբ դեպքից մոտ մեկ ամիս անց ունեցա հնարավորություն հանդիպելու և զրուցելու Բագրատ Սրբազանի հետ։ Ես, որ զուսպ եմ, հավասարակշռված ու սառնասիրտ՝ հենց սկսեցի խոսել Սրբազանի հետ և պատմել իմ ողբերգության մասին՝ արցունքները ինքնստինքյան սկսեցին հոսել աչքերիցս։ Սրբազանը իր ձեռքերով մաքրում էր արցունքներս և պատասխանում գլխավոր հարցին՝ ինչպես շարունակել ապրել։ Հիմա մանրամասները չեմ ասի, որովհետև այդ ամենն ամեն դեպքում իմ անձնական զրույցն էր ինձ առնչվող թեմայով, բայց կասեմ, որ Սրբազանի հետ հանդիպումը ճակատագրական եղավ ինձ համար, որից հետո ես վերադարձա կյանք, շարունակեցի կիսատ թողած գործերս, նկարահանեցի կիսատ մնացած ֆիլմս և շարունակում եմ ապրել իմ կյանքը՝ վառ պահելով իմ հրաշք քույրիկի՝ իմ Նվարդիկի հիշատակը։

Այդ զրույցից հետո տարբեր առիթներով Սրբազանին հանդիպելիս՝ միշտ հարցնում էր, թե հոգեվիճակս ո՞նց է, իսկ իմ պատասխանը միշտ. «Ուժեղ»։ Ամեն անգամ ինձ տեսնելիս գրկում է՝ կարծես հարազատ դարձած լինեմ իր համար։ Իսկ ինքը դարձավ իմ վերածննդի խորհրդանիշը։

Սրբազանին ճանաչող շատ ընկերներ ունեմ, ովքեր նրան գիտեն դեռ 90-ականներից։ Կանադայում ապրելու տարիներին հաճախ է հյուր գնացել իմ մանկության ընկերների տուն։ Բոլոր կարծիքները ավելի քան դրական են։ Որքան էլ փորձեն անվանարկել ու պիտակավորել՝ ոչինչ չի ստացվելու։

Ես վաղը լինելու եմ հրապարակում՝ ինձ երկրորդ շնչառություն պարգևած Սրբազանի հրավիրած հանրահավաքին՝ հանուն բոլորիս հայրենիքի և հավատքով առ Աստված»։