Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահական ընտրությունները, գոնե Պարույր Հայրիկյանի պատճառով, այլևս չեն հետաձգվի: Փետրվարի 11-ին նա դիմեց ՍԴ` ետ կանչելով դրանից ընդամենը մեկ օր առաջ ներկայացրած` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումը:
Թե ո՞րն էր նորից «փոշմանելու» պատճառը, Հայրիկյանը և նրա թիմը դեռևս ոչ մի տրամաբանական բացատրություն չեն տվել: Թերևս լրջորեն խորհում են, թե այս անգամ ինչ պատճառ են բստրելու: Ընտրությունները հետաձգելու դիմումը ՍԴ ներկայացնելու նախօրեին նա բաց նամակով դիմել էր նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին` կրկին առաջարկելով հանդես գալ միասնական թեկնածուով, պարզ է` վերջինիս դերում միմյան իրեն նկատի ունենալով: Ընդ որում` Հայրիկյանը բացատրել էր, որ ՍԴ-ին դիմելու իր որոշումը լավ հնարավորություն է դադարի երկու շաբաթն այդ միավորման հարցը գլուխ բերելուն ծառայեցնելու համար:
Ըստ այդմ` առանց այլևայլությունների նա խոսում էր այն մասին, որ ՍԴ դիմում է` ոչ այնքան առողջական օբյեկտիվ վիճակից ելնելով և խնդիր ունենալով վերականգնել թեկնածուների միջև քարոզարշավի մրցակցային հավասար պայմանները, այլ` որ այն բացառապես տակտիկական նշանակության քայլ է: Պարզապես Հայրիկյանը որոշել էր իր առողջությանը հասցված վնասից քաղաքական «շահույթ» ստանալ և այն աճուրդի հանել` պարզունակ քաղաքական հաշվարկներից ու անձնական շահերից ելնելով: Հակառակ դեպքում` դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է Հայրիկյանը հայտարարեր, թե ՍԴ չդիմելու իր որոշումը կարող է վերանայել միմիայն միասնական թեկնածուի հարցում երկու վերոնշյալ թեկնածուների հետ համաձայնության գալու պարագայում:
Համաձայնությունը չկայացավ, բայց Հայաստանի անկախությունն իր բրենդը դարձրած այս գործիչը, այնուամենայնիվ, ստիպված եղավ ՍԴ ներկայացրած դիմումը քոռուփոշման հետ վերցնել: Եվ դա տեղի ունեցավ տարօրինակ զուգադիպությամբ` հենց նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ անգամ հանդիպելուց հետո: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին նախագահը կրկին այցելել էր հիվանդանոցում գտնվող Հայրիկյանին` իբր նրա առողջական վիճակի կտրուկ փոփոխություններից անհանգստանալու պատճառով: Ակնհայտորեն, Սերժ Սարգսյանը Հայրիկյանի վրա մոգական ազդեցություն է թողնում: Ընդ որում` այն աստիճանի, որ անկախության շեփորահարը մոռանում է այդ արժեքը կրելու առաջին նախապայմանի մասին, այն է` անկախ մարդու առաջին բնութագրիչն անկախ որոշումներ կայացնելու ունակությունն է: Մինչդեռ Հայրիկյանի մոտ, կարծես, արդեն սովորության է վերածվում գործող նախագահի հետ հանդիպումներից հետո ճակատագրական որոշումները երիցուկի թերթիկները պոկոտելու սինդրոմով փոխելը:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձից հետո, երբ նախագահն առաջին անգամ այցելեց նրան, Հայրիկյանը որոշեց դիմել ՍԴ` չնայած մինչ այդ լրիվ հակառակ տեսակետին էր: Բայց երբ Արարատում Սերժ Սարգսյանը հայտարարեց , որ կատարվածն ուղղված էր ընտրական գործընթացի դեմ, որոշեց չանել այդ քայլը: Ըստ երևույթին` վերջին պահին Հայրիկյանը, թերևս, ինքն իր համար եզրակացրել էր, թե դա իշխանությունների համար այլևս ոչ մի նշանակություն չունեցող հարց է, ու որոշել էր ՍԴ դիմելու միջոցով կրակից շագանակներ հանել ինքն իր համար, ինչը, սակայն, պսակվեց անխուսափելի անհաջողությամբ և հենց իրեն` Հայրիկյանին, մեղմ ասած, շատ անլուրջ ու անհեթեթ վիճակի մեջ դրեց:
Մահափորձն ամեն կերպ իր վարկանիշի բարձրացման համար օգտագործելու նրա` տեխնոլոգիական առումով խիստ անգրագետ, ճակատային քայլերն, ի վերջո, հանգեցրին նրան, որ ընտրական այս պրոցեսում թե' բարոյական նկարագրի և թե' քաղաքական հաշվարկների առումով ամենաշատը հենց Հայրիկյանը կորուստներ ունեցավ: Եվ դրանք այնպիսի կորուստներ էին, որոնք կարող են հավիտյանս թաղել նրա բոլոր երազանքները` կապված առաջնորդ, անկախության սիմվոլ դառնալու հետ: Որովհետև, ինչպես պարզվեց, անկախությունն այնքան էժան «ապրանք» չէ, որ կարելի լինի հանել բորսա և դարձնել քաղաքական գործարքների առակա:
Բայց, ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի: Ընդ որում` թե' անձամբ Հայրիկյանի և թե' հասարակության համար: Այս իրադարձությունները կարող են անձամբ Հայրիկյանին երկնքից վայր իջեցնել և սովորեցնել, որ, բոլոր դեպքերում ամենաապահով ու հեռանկարային տարբերակը ոտքերը «վերմակին համաչափ» մեկնելն է: Ողջ հարցն այն է, թե որքանով է Հայրիկյանն ինքը հակված ընդհանրապես որևէ բանից դասեր քաղել այն դեպքում, երբ դա չի արել Հայաստանի անկախ պետականության քաղաքական պատմության ողջ ընթացքում:
Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա նրա համար կատարվածից հիմնական դասն, ի վերջո, այն իմաստնության ձեռքբերումն է, որ մարդու, հատկապես` պատմական որոշակի էտապում հանուն անկախության գաղափարի հիրավի հերոսական անձնազոհություն ցուցաբերած անհատի գնահատելի ամենամեծ առաքինությունը համեստությունն է, որ անկախության համար անձնազոհ պայքարելը մի բան է, դա դրոշակ դարձնելը` բոլորովին այլ ու ոչ այնքան խրախուսելի բան: Եվ հենց այն պահից, երբ այդ պայքարը դարձվում է անձնական վարկանիշի դրոշակի ատրիբուտ, կա'մ գաղափարն է արժեզրկվում, կա'մ` այն կրողը: Ավելի պարզ ասած` հասարակությունը, թերևս, կսկսի հասկանալ, որ անկախության խորհրդանիշն իրենով մարմնավորող մարդն ուղղակի չէր կարող, իրավունք չուներ իրեն այսքան պարզունակ ու փոփոխական վարքագիծ թույլ տալ, շահարկումների առարկա դարձնել անկախության սիմվոլը: Այն ինչ տեղի է ունենում Հայրիկյանի հետ հիմա, կարելի է բնորոշել իբրև հանրության թույլտվությամբ սեփական ձեռքերով այդ խորհրդանիշով «փոշոտված» ուսադիրները պոկելու յուրօրինակ գործընթաց:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ