կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 18:25
Իրավական

Ամբաստանյալը հոգեկան ցնցումների մեջ է

Ամբաստանյալը հոգեկան ցնցումների մեջ է

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  զանգվածային ավազակային հարձակումներ կատարած «բանդայի» գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանը բուժզննում է անցնում, որից հետո և կարող էր ներկայանալ նիստին: Սակայն, ինչպես արդեն հայտնել էինք, նիստը չկայացավ տուժողների բացակայության պատճառով:

 

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում Քյարամ Ամոյանի քույրը տեղեկացրեց, որ իր եղբայրն իրականում հոգեկան ցնցումների մեջ է. «Օրերս եղբորս փաստաբանը  այցելել էր նրան: Նա այդ պահին ցնցումների մեջ է եղել: Իսկ մեզ հետ տեսակցության ընթացքում շատ վատ տեսք ուներ, ոչ մի բան չի ուտում, խոսելու ընթացքում գոռում է մեզ վրա, անգամ մայրիկիս  հետ չի խոսում: Եղբայրս գլխի ուռուցք ունի,  վիրահատության կարիք կա»:

 

Քյարամի մայրը համաձայն է իր 20-ամյա որդու վիրահատության և բուժման ծախսերը սեփական միջոցներով հոգալ, քանի որ պնդում է, որ որդին կալանավայրում պատշաճ բուժում չի ստանում, ավելին` օր օրի քայքայվում է նրա առողջությունը: «Իրական հանցագործները դրսում կյանքն են վայելում, իսկ անմեղ որդիս նրանց պատճառով պատասխանատվություն է կրում»,- ասաց տիկին Կարինեն:

 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին  Քյարամ Ամոյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի Ամոյանը ենթարկվի դատհոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության` հայտարարելով, որ իր պաշտպանյալն ունի ներքին տագնապ եւ վախի զգացողություն. տարբեր բուժհիմնարկներից տրված փաստաթղթերի հիման վրա եզրակացրել են ուղեղի ոչ բավարար աշխատանք: Պաշտպանը համարում էր, որ  փորձաքննության ընթացքում պետք է պարզել՝ արդյո՞ք ուղեղի աշխատանքի խանգարումն ազդել է Քյարամ Ամոյանի հոգեկանի վրա,  արդյո՞ք նա ճիշտ է ներկայացնում իրավիճակը, թե՞ ներկայացնում է այնպես, ինչպես դիմացիններին է անհրաժեշտ և, ի վերջո, նա հոգեկան հիվա՞նդ է, թե՞ ոչ:

 

Դատարանը հետաձգեց այդ միջնորդությունը՝ համարելով, որ բուժզննման փաստաթուղթը ձեռք բերելուց հետո հնարավոր է անդրադառնալ միջնորդությանը: Պաշտպանական կողմը ակնարկել էր նաեւ, որ իրավասու կարող է լինել առողջապահության նախարարության միջգերատեսչական մարմինը: