կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-19 12:22
Իրավական

Երեխային մուրացկանության մեջ ներգրաված ամբաստանյալը հոգեկան խնդիրներ ունի՞` կպարզեն փորձագետները

Երեխային մուրացկանության մեջ ներգրաված ամբաստանյալը հոգեկան խնդիրներ ունի՞` կպարզեն փորձագետները

6 ամսական երեխային գրկած` մուրացկանություն կատարած կինը ադեկվատ չէ և պետք է համալիր դատաբժշակահոգեբանական փորձաքննություն անցնի:

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երեկվա նիստում բավարարեց ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանի միջնորդությունը ամբաստանյալ` 52-ամյա Արմիկի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին: Փորձագետները պետք է պարզեն` արդյո՞ք հանցագործության կատարման պահին կինը տառապել է որևէ հոգեկան խնդրով, արդյո՞ք ներկայումս ունի հոգեկան խնդիրներ և ադեկվատ կերպով է ընկալում դատավարությունը, իրեն մեղագրվող արարքը և այլն:

 

Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով` մինչ փորձաքննության պատասխանը ստանալը: Դա ստանալուց հետո դատարանը նոր նիստի օրն ու ժամը կողմերին կծանուցի:

 

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրականի, Արմիկն ու Մարինեն, շահագործելու դիտավորությամբ, երեխային 2012 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար: Գործի նյութերի համաձայն` Մարինեն իր 6 ամսական տղային տվել է Արմիկին, որ նա, երեխային գրկած, մուրացկանություն անի, կարողանան ապրուստի միջոց ունենալ: Նրանք վարձակալել են կիսանկուղային մի սենյակ, որի համար օրական վճարել են 4000 դրամ:

 

Հ.Գ. Ամբաստանյալների անունները փոխված են: Դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կփաստի նրանց մեղավորությունը: