կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 13:47
Մշակույթ

Կոմպոզիտորների միությունը սկսել է շնչել

Կոմպոզիտորների միությունը սկսել է շնչել

Մինչեւ դեկտեմբերի 20-ը կավարտվի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից հրավիրված աուդիտը: Լրագրողների հետ զրույցում Սաթյանը նշեց, որ իր նախագահության երկու ամսվա ընթացքում որոշ գործեր արդեն հասցրել է անել, մասնավորապես` տեխնիկական մասի համալրում է տեղի ունեցել, միությունը մինչեւ տարեվերջ կունենա նաեւ իր կայքը:

 

«Այսինքն` կյանք կա միությունում, սկսել են բոլոր օղակներն աշխատել: Եթե ուզում ենք միությունը վերակենդանանա, իսկ այն արդեն շնչում է, պետք է բոլորս աշխատենք»,- ասաց նա:

 

Ըստ Սաթյանի` միությունն արդեն մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել` այս կամ այն փառատոների աջակցելու համար:

 

Նրա հավաստմամբ` Կոմպոզիտորների միությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սկսել են ակտիվ համագործակցել եւ 2014-ին միասին մի շարք ծրագրեր են իրագերծելու. «Օրինակ` կունենանք երիտասարդ կոմպոզիտորների փառատոն, իսկ կոնսերվատորիայի ուսանողների ավարտական քննություններին ներկայացվելիք աշխատանքները կհնչեն երիտասարդական նվագախմբի կատարմամբ: 2014-ի աշնանը մեծ փառատոն տեղի կունենա, որի համերգներից մեկը կղեկավարի ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»:

 

Սաթյանը տեղեկացրեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում արդեն 9 երիտասարդ միության անդամ է դարձել, իսկ նախկինում երիտասարդները միության անդամ դառնալու մեջ իմաստ չէին տեսնում. Կոմպոզիտոների միության երիտասարդ սեկցիայում այժմ 37 երիտասարդ կա:

 

«Չպետք է տարբերություն դնել երիտասարդների եւ մեծերի միջեւ. չէ՞ որ երիտասարդները պատվով մի շարք փառատոներում մեր երկիրն են ներկայացնում, մեր դրոշն այնտեղ բարձրացնում: Պետք է այնպես անել, որ մարդիկ ճանաչեն այդ երիտասարդներին»,- ասաց նա: