կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 18:25
Առանց Կատեգորիա

Նոր եվրաասոցացո՞ւմ. ինչպես է Արևմուտքն ուղղում սխալները

Նոր եվրաասոցացո՞ւմ. ինչպես է Արևմուտքն ուղղում սխալները

Եվրամիությունը փակեց Հայաստանի եվրաինտեգրման` Արևելյան գործընկերության ծրագրով նախանշված ճանապարհը: Բայց սա չի նշանակում, թե Բրյուսելը Երևանի առջև փակել է իրեն մերձենալու բոլոր ուղիները: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, թե Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի ստեղծման շուրջ:  «Չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, փոքր-ինչ այլ տեսակի»,- ասել է Ռաչինսկին:

 

Լեհաստանը ԱլԳ ծրագրի հիմնական համակարգող երկիրն է, և Ռաչինսկին չէր կարող խոսել պարզապես ցանկությունների մասին: Կարծես, սկսվել է մի նոր գործընթաց, որը, դուրս է ԱլԳ ծրագրի շրջանակից և վերաբերում է բացառապես Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին: Այս տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված` Մաքսային Միությանը միանալու մասին անակնկալ հայտարարությունը Բրյուսելին համոզել է, որ սխալ էր հետխորհրդային բոլոր երկրներին դիտարկել նույն պրիզմայով, բոլորի նկատմամբ կիրառել նույն գործիքակազմը ու բոլորից ակնկալել միևնույն արդյունքը: Եվրամիությունը, այսպիսով, ընդունում է, որ Հայաստանի կատարած ընտրության և այդ մասով ԱլԳ ծրագրի մասնակի տապալման մեջ ինքն ունի պատասխանատվության և մեղավորության ոչ պակաս չափաբաժին:

 

Լեհաստանի դեսպանը այս իրողությունը ձևակերպում է հետևյալ կերպ. «Եկեք անկեղծ խոսենք: Միգուցե մենք վերցրել էինք չափից դուրս արագ տեմպ, միգուցե այդ նախագծերը չափից դուրս ամբիցիոզ էին, և Արևելյան գործընկերության երկրներն ի վիճակի չէին մասնակցել այն նախագծին, որն ի սկզբանե առաջարկվում էր»: Սա նշանակում է, որ ԵՄ-ն Հայաստանի մասով որդեգրում է, այսպես կոչված, «դանդաղ շտապելու» կամ էվոլյուցիոն փոփոխությունների մղելու քաղաքականությունը:

 

Թե ի՞նչ բովանդակություն ու տեմպ այն կունենա, պայմանավորված կլինի կողմերի միջև ընթացող բանակցությունների արդյունքով: Սակայն փաստ է այլևս, որ չեն գործելու միայն իշխանությունների խոստումների վրա հեռանկարներ ու պլաններ կառուցելու խաղի կանոնները: ԵՄ-ն իշխանությունների հետ կաշխատի այնքան, որքան ոչ թե ինքն է ուզում, այլ որքան իրապես ուզում է հայկական կողմը և շատ ավելի միջնորդավորված, քան անմիջականորեն: Դրա ակնարկներն արդեն արել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Օրերս Բրյուսելում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո նա հայտարարել է, թե ԵՄ-ն ամրապնդելու է համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության, մասնավորապես` Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի հետ` ամրապնդելու նրա դերը բարեփոխումների գործընթացի դիտարկման մեջ: Ավելի պարզ ասած` Ֆյուլեն թափանցիկ ակնարկում է, որ այդ պլատֆորմին տրվելու է ԵՄ-ի հետ համագործակցության նոր հիմքի ստեղծումից հետո Հայաստանի իշխանությունների կողմից ստանձնելիք բարեփոխումների կատարման նկատմամբ վերահսկողության մանդատ: Փաստորեն, ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը դառնալու է Հայաստանում պրոարևմտյան կողմնորոշման հասարակական-քաղաքացիական դաշտի ձևավորումը: Եվրոպամետության խրախուսումը սկսվելու է ներքևից` հասրակությունից, այլ ոչ թե վերևից` իշխանություններից, ինչպես եղել է առ այսօր և ինչը հանգեցրել է գործընթացի փաստացի տապալմանը: ԵՄ-ն դրանով փորձում է ուղղել եվրաինտեգրմանը նպաստելու հարցում Հայաստանի հասարակությանն անտեսելու կոպտագույն սխալը:

 

Սակայն միայն դրա վրա սևեռվելը որևէ արդյունք չի կարող տալ: Հայաստանի հիմնական խնդիրը նրա ռազմական, էներգետիկ անվտանգության համակարգի, այսպես կոչված, դիվերսիֆիկացման հնարավորության բացակայությունն է: Քանի դեռ ԵՄ-ն և, ընդհանրապես, Արևմուտքը անտեսում են Հայաստանի համար կենսական նշանակության այս հարցը և խուսափում են երաշխիքներ ապահովելուց, նրանք չեն կարող Հայաստանը պոկել ռուսական ազդեցության ճիրաններից: Այդ երաշխիքների բացակայության պայմաններում Հայաստանի հասարակությունը չի կարող համարժեք արձագանքել Արևմուտքի ակնկալիքներին` անգամ խորապես գիտակցելով ռուսական սապոգի տակ իր ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական կորստի հանգամանքը: Հարցը, հետևաբար, այն է, թե պատրա՞ստ է, արդյոք, Արևմուտքը տալ այդ երաշխիքները` առանց ոտնահարելու հայկական կողմի շահերը տարածաշրջանային ամենասուր խնդիրների համատեքստում: Համենայն դեպս, ԵՄ-ն այն կառույցը չէ, որ նման պատասխանատվություն վերցնի իր վրա:

 

Սեպտեմբերի 3-ից հետո, կարծես, ԱՄՆ-ը հասկացել է այս «փոքրիկ» դետալի առանցքային նշանակությունը: Վաշինգտոնը, կարծես, այդ հարցի լուծումը տեսնում է տարածաշրջանային հակամարտությունների լուծման հիմնական պատասխանատվությունն իր ձեռքը վերցնելու մեջ: Դրա առաջին ազդակը ԵԱՀԿ ՄԽ-ում Ջեյմս Ուորլիքի նշանակումն էր, որով ԱՄՆ-ը նոր թափ հաղորդեց ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին` այն հանելով փակուղային վիճակից: Երկու օր առաջ Երևանում տեղի է ունեցել Հարավային Կովկասի երեք երկրներում ԱՄՆ դեսպանների խորհրդակցություն, որից հետո նրանց ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Մի կողմից` ԱՄՆ դեսպանները երեք երկրներում բարձրացնում են կոորդինացված աշխատանքի մակարդակը, իսկ մյուս կողմից` նրանք հասկանալի են դարձնում, որ տարածաշրջանում ամերիկյան նոր քաղաքականության թիրախն աստիճանաբար դառնում է Վաշինգտոնի համար ամենախոցելի կետը` Հայաստանը: Կարծես հենց այս հանգամանքն ընդգծելու համար էլ հաջորդ տարի Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Այս մակարդակով այց Հայաստանն ունեցել է ընդամենը մեկ անգամ` 2010թ.` ի դեմս տարածաշրջանային այցի շրջանակում մեկ օրով Երևան ժամանած Հիլարի Քլինթոնի: Առայժմ դժվար է ասել` արդյո՞ք Քերին ևս Հայաստան է գալու տարածաշրջանային այցի շրջանակում: Բայց այն հանգամանքը, որ դեսպանն այդ մասին ոչինչ չի ասել, հիմք է տալիս առայժմ մտածելու, որ դա լինելու է պաշտոնական այց կոնկրետ Հայաստան: Իսկ նման այցերը հենց այնպես չեն լինում:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ