կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 16:53
Մշակույթ

Մանե Գրիգորյանն ու Աշոտ Գաբրիելյանը` ՀԳՄ-ից դուրս գալու մասին

Մանե Գրիգորյանն ու Աշոտ Գաբրիելյանը` ՀԳՄ-ից դուրս գալու մասին

Այսօր տեղեկացրել էինք, որ եւս երկու գրող պատրաստվում է լքել գրողների միությունը:

 

Բանաստեղծ Մանե Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գրողների միության անդամ լինելը ինչ-որ որակի մասին չի խոսում, ճիշտ հակառակը, չկա որոշակի չափանիշ, ընտրելու մեխանիզմ, ըստ որի եւ հանուն որի` ինքը ու «էսինչ էսինչյանը» միության անդամներ էին:

 

«Կարծում եմ` նման պարագայում իմ` միության անդամ լինելը, չհիմնավորված է: Ինձ համար վաղ, թե ուշ գալու էր միությունից դուրս գալու ժամանակը, ու, առհասարակ, գրական խմբավորումները ինձ առանձնապես հաճելի չեն, որովհետեւ շատ նեղանձնային են ու ճահճացած: Ինձ գրականությունը դիտարկելու ու, առհասարակ, գրականությունը որոշելու` այդ խմբավորումների մարտավարությունը դուր չի գալիս. մանավանդ` շատերի ճաշակին չեմ վստահում: «Ես` քեզ, դու` ինձ»-ով առաջնորդվելը իմ տեսակին հարմար չէ»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ուզում է իրեն ցանկացած ազդեցությունից ազատել:

 

Ըստ նրա` ՀԳՄ-ում տեղի ունեցող վերջին դեպքերն իրեն էլ ավելի ամրացրին իր` ՀԳՄ-ից դուրս գալու որոշման մեջ:

 

Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանն էլ, իր հերթին, տեղեկացրեց, որ արդեն ՀԳՄ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նա նշեց նաեւ, որ ՀԳՄ վերջին երկու ընտրություններին չի մասնակցել, վերջինի ժամանակ նույնիսկ կոչ է արել այն բոյկոտել:

 

«Ընտրություններից հետո սպասում էի, որ գոնե այս համակարգում փոքր-ինչ առաջընթաց կլինի, սակայն այն ավելի է հետ գնում, ուստի` վերջնականապես որոշեցի դուրս գալ ՀԳՄ շարքերից, քանի որ այլեւս հույս չունեմ, թե այն գրական կյանքում կարող է նշանակալի որեւէ բան անել: Իսկ ինչ հիմա է անում, դրանք վարկաբեկում են հայ գրողին ու հայ գրականությանը»,- ասաց Գաբրիելյանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, երբ ՀԳՄ-ում տեղի էր ունեցել նախագահի մրցանակի փակ քվեարկությունը, գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը /իսկ գրող Գուրգեն Խանջյանը որոշել է սառեցնել իր անդամությունը/ ՀԳՄ-ից դուրս գալու դիմում էին ներկայացրել` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունն այդ մրցության մեջ անարդար համարելով: