Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի վերելքի շրջափուլն է սկսվել, Ռուսաստանը փորձում է դառնալ ուժային կենտրոն` իր դաշնակիցների հետ միասին, որտեղ պետք է նաև ուժերի վերադասավորություններ լինեն. լրագրողներին այսօր ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով ռուսական 102-րդ ռազմակայանին նոր տարածքներ տրամադրելու հարցին:
«Նոր աշխարհակարգի գործընթացները շատ խորհրդավոր ու վտանգավոր են, բայց նաև կարող են շահավետ լինել մեզ համար»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ աշխարհաքաղաքական գործընթացներում զարգացումները ու ստեղծված իրավիճակը բխում են Հայաստանի ազգային անվտանգության շահերից:
Շիրինյանը կարծիք հայտնեց, որ եթե ռուսական ռազմակայանն արդիականանում է, ապա, բնականաբար, դրա համար նոր տարածքներ են պետք, պարզապես մեր ժողովրդի մոտ վստահություն չկա գործող իշխանությունների նկատմամբ: Քաղաքագետի հավաստմամբ` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պետք է հստակորեն ներկայացնի, թե ինչ է տալիս Ռուսաստանին և դրա դիմաց ինչ է ստանալու: Նա տեսակետ հնչեցրեց, որ տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում հայ ժողովրդի դերը գնալով մեծանալու է, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունը հարավային ուղղությամբ ծավալվում է, և դա մեր շահերից է բխում:
«Կայանում է Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքը, թուրք-ադրբեջանական թարախապալարը պետք է չեզոքացվի, և դա հայ-ռուսական օրակարգի հարց պետք է լինի, քանի որ թուրքերն իրենց ոտքը վաղուց Արաքսից այս կողմ են դրել»,- նշեց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը վստահ է, որ ծավալվող իրադարձությունները պայմանավորված են Ռուսաստանի նոր վերելքով, և այդ վերելքի հետ ոչ ոք չի վիճում` ո'չ ԱՄՆ-ը, ո'չ Չինաստանը, միայն ԵՄ-ն է մի քիչ պոչ խաղացնում:
Շիրինյանը նշեց նաև, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ռուսական կողմի հանդեպ հստակ խնդիր դնի, որ Արևելյան Հայաստանը պետք է ամբողջականանա: Նա կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունն այդ հնարավորությունը տալիս է, պարզապես հայկական կողմը պետք է զգուշավորություն դրսևորի` հաշվի առնելով նախորդ դառը փորձերը:
Հարավում Ռուսաստանը, բացի Տաջիկստանից, Հայաստանից և Սիրիայից, որի ճակատագիրն էլ անորոշ է, այլ դաշնակից չունի, ու սա հայկական կողմը պետք է հաշվի առնի` հետագա հարաբերությունները զարգացնելու առումով:
Լևոն Շիրինյանւ նշեց, որ Հայաստանը պետք է վարի հայակենտրոն քաղաքականություն, այլ ոչ թե բոլշևիկների նման, երբ ամեն ինչ տվեցին` փոխարենը ոչինչ չակնկալելով: «Ռուսաստանը երբեք հայ ժողովրդի ճգնաժամային պահերին հայության կողքին չի եղել, սա պետք է ասվի առանց ամաչելու»,- եզրափակեց քաղաքագետը: