կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 18:00
Առանց Կատեգորիա

Ռուսական շանտա՞ժ, թե՞ եվրոպական ժլատություն

Ռուսական շանտա՞ժ, թե՞ եվրոպական ժլատություն

Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կրկնեց Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը և հանկարծակի հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստրագրումից: Իհարկե, սցենարների տարբերություն կար` մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, բայց  էականը դա չէ: Արձագանքներն ու մեկնաբանությունները տարատեսակ են. որոշ շրջանակներ պնդում են, թե Ուկրաինան կոտրվեց Կրեմլի ճնշումից, ոմանք կարծում են, որ դա Ուկրաինայի սուվերեն ընտրությունն է, իսկ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը նույնիսկ հայտարարեց, որ իրականում Ուկրաինային ճնշում է ԵՄ-ը՝ սպառնալով հրահրել երկրում բողոքի ցույցեր այդ ընտրության դեմ:

 

Այն, որ Կրեմլը` ի դեմս Պուտինի, ցանկանում է հետսխորհրդային երկրներին ներքաշել ՄՄ և պատրաստ է դիմել նույնիսկ ճնշումների, կասկած չի հարուցում, սակայն ինչո՞ւ է ԵՄ-ն այդ պատմությունում իրեն հրեշտակի դերում զգում: Ցանկացած երկիր ինչ-որ որոշում կայացնելիս պետք է առաջնորդվի իր շահերով, դա բնական է:

 

Ի՞նչ ենք ակնկալում մենք Ռուսաստանից: Ամենակարևորը, թերևս, Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունն է: Որքան էլ, որ կասկածելի թվա մեզ այդ երաշխավորումը և ՀԱՊԿ-ի` հնարավոր պատերազմական գործողություններին միջամտելը, այդ հնարավորության մասին գոնե խոսվում է, ինչի վկայությունն է Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկիի՝ «Կարմիր աստղ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունը, թե եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան: Իսկ ի՞նչ է ասում Եվրոպան: ԵՄ-ն լռում է, չենք կարող հիշել որևէ եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն հնարավոր պատերազմի դեպքում կկանգնի Հայաստանի կողքին:

 

Նման իրավիճակում է Ուկրաինան: Եթե Երեւանի համար կարևորագույն խնդիրն ազգային անվտանգությունն է, ապա Ուկրաինայի համար տնտեսական կորուստները, այն կորուսները, որ ԵՄ-ն չխոստացավ փոխհատուցել, ինչի մասին բաց տեքստով հայտարարում է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

 

Այսպիսով՝ կարելի է ասել, որ նման զարգացումերի պատճառը ԵՄ-ի վարքագիծն է: ԵՄ-ն չի ցանկանում գերազանցել կամ գոնե հավասարվել Щедрая Россия-ին: Պատճառը դժվար չէ գուշակել: Քաղաքականությունում լայնասրտությունը կարող է ունենալ մեկ պատճառ՝ շահ: Ռուսաստանին թե' Հայաստանը, թե' Ուկրաինան անհրաժեշտ են շատ ավելի, քան Եվրոպային: Ուրեմն ինչո՞ւ շահույթին նախընտրել կորուստը, ինչո՞ւ գնալ նրա հետեւից, ում այդքան էլ հարկավոր չես:

 

Անի ՍԱՀԱԿՅԱՆ