կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-21 12:00
Առանց Կատեգորիա

ՀՀԿ-ի անհասկանալի ''դեմքը''

ՀՀԿ-ի անհասկանալի ''դեմքը''

Այն, որ «ամենաժողովրդական» հայկական կուսակցություն ՀՀԿ-ն (ՀՀ չափահաս բնակչության 10-ից առնվազն մեկը հանրապետական է) նույն այդ ժողովրդի հանդեպ անթաքույց արհամարհանքով լցված կուսակցություն է, թվում է՝ կարիք չունի ո'չ լրացուցիչ փաստարկների, ո'չ էլ կողմնակի հիմնավորումների: Մանավանդ, որ բոլոր հայտնի ու անհայտ քննադատներից առավել` այդ փաստարկումն ու հիմնավորումն անում է հենց ինքը` ՀՀԿ-ն: Անում է ոչ միայն ժողովրդին աղքատության ճիրաններում հարատև պահելու իր հերոսական ջանադրությամբ, նրան իր հողից ու երկրից վտարելու ամենօրյա ճիգով, ժողովրդի ծակ գրպանը մտնելով` սեփական գրպանը լցնելու օրենսդրական «խիզախումներով», անում է նաև, որքան էլ զարմանալի թվա, իր երկարամյա լիդերներից, զորօրինակ` Գալուստ Սահակյանի դեմքով: Նա, անշուշտ, ՀՀԿ-ի միակ դեմքը չէ, բայց նաև շատ բնութագրական ստեղծագործություն է: Հենց միայն նրա ղեկավար ներկայությունը հայ քաղաքական դաշտի ՀՀԿ-ական տիրույթում (մեկ-մեկ, չգիտությամբ, այդ մարդը սահմանազանց էլ է լինում` իր հոգնած ուսերին վերցնելով նաև իր կարծիքով անգո ընդդիմության ծանրագույն խաչը) արդեն իսկ ապացույցն է այն բանի, թե ինչպիսի քամահրանքով է լցված այդ կուսակցությունը սեփական ժողովրդի հանդեպ, եթե իրեն թույլ է տալիս տարիներ շարունակ ժողովրդին ներկայանալ ա՛յդ դեմքով: Դեմքով մեկի, ով, ինտելեկտուալ կասկածելի կարողություններից բացի, ուրիշ ոչնչով աչքի չի ընկնում: Այդ մարդու տասնյակ ու հարյուրավոր հարցազրույցներում գրեթե անհնար է գտնել իրար հաջորդող երկու իմաստալից նախադասություն (դրանք առնվազն պիտի ընդմիջվեն որևէ անիմաստությամբ), դժվար է գտնել գեթ մի տեքստ, որ չհուշի տիրոջ ոչ ադեկվատ վիճակի մասին: Եվ ստեղծման ակունքներում «երկնել» այնպիսի բանական պարապություն, ինչպիսին Գ. Սահակյանն է, ապա սնել նրան ու զորացնել մինչ ի լիդերություն, մինչ երկրի պառլամենտում իշխանական կուսակցության խմբակցության առաջնորդություն, իսկապես նշանակում է քամահրել և ծաղրել այն հանրությանը, որին ծառայելուն է իբր թե կոչված այդ կուսակցությունը:

 

Եվ իզուր չէ, որ հանրային ընկալման մեջ Գ. Սահակյանն առավելապես ասոցացվում է ոչ թե Հանրապետական կուսակցության գաղափարական առաջնորդներից մեկի, այլ, ասենք, ողորմածիկ բանասացներ Կրպոյի կամ Նախո քեռու հետ: Չնայած վերջիններիս և Գալուստի տարբերությունը վիթխարի է. առաջինները եթե բան են ասել ու բան են փոխանցել հայ մշակույթին, երկրորդի դեպքում նույնն ասել, ավաղ, չի կարելի, երկրորդի դեպքում պարզապես ԲԱՆ չկա: Եվ կասկածներ կան, որ տարիներ հետո ՀՀԿ որևէ ջերմեռանդ պատմիչ եթե փորձի մի հատոր էլ Գալուստ Գրիգորիչին նվիրել, կստացվի ոչ թե նորօրյա «Ինչ անել» կամ համարժեք մի բան, այլ անեկդոտների ու բանահյուսական նյութերի ժողովածու, որը ծիծաղ միայն կարող է հարուցել, կամ կստացվի մի բառարան, որտեղ բառերը խռոված են իրենց հազարամյա իմաստներից և նշանակում են բոլորովին ուրիշ բան…

 

Եվ քանի դեռ Հանրապետականը հանրությանը ներկայանալու է այդպես՝ ի դեմս Գրիգորիչի, հույսը, թե այդ կուսակցությունն իրեն սնող ժողովրդի հետ մի օր էլ կխոսի մարդկային հասկանալի լեզվով, մարում է օրավուր: Մանավանդ, որ կուսակցության թիվ մեկ լիդերը հանրության հետ չի խոսում ընդհանրապես:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ