|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իրողությունը, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ Մաքսային միությունում հայերենը, ինչպես որ անդամ մյուս երկրների պետական լեզուները, պետք է պաշտոնական լեզվի կարգավիճակ ունենա, բնավ չի զարմացնում: Սակայն զարմացնում է նախարարական վստահությունը, որ այլ լեզուների թվում նաև հայերենին ՄՄ-ում «պաշտոնականի» կարգավիճակ տալով՝ գործնական առումով ինչ-որ բան է փոխվում: Ոչինչ չի փոխվում: Եվ քանի որ ոչինչ չի փոխվում, «հարց լուծողը» դարձյալ մնում է համեստորեն «աշխատանքային լեզու» անվանված ռուսերենը, հետևաբար` այս ամենը քաղաքական դեմագոգիա է, ուրիշ ոչինչ: Դա նման է այն բանին, որ, ՄՄ-ի կանոնադրությունից բացի, ՄՄ-ում «պաշտոնականի» կարգավիճակ ստանա նաև ՀՀ Սահմանադրությունը:
Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն իր պետական լեզվի համար այս «փրկիչ» կարգավիճակը ստանալու մասին խոսել է ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Սակայն ամենահետաքրքիրը ոչ այնքան անդամ երկրների պետական լեզուների ճակատագիրն է ՄՄ-ում, որով մտահոգ է Ա. Աշոտյանը, որքան այն, թե ինչպես է հայ նախարարն այդ կարգավիճակն առաջարկում: Իսկ նա վերոհիշյալ հարցազրույցում բառացիորեն ասում է հետևյալը. «Թույլ տվեք համարձակվել և ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական» (NEWS.am):
Չափազանց ուշագրավ և հատկանշական է «թույլ տվեք համարձակվել» արտահայտությունը: Քաղաքավարի ռուսը կարող է ասել՝ «թույլ տվեք ասել», և դա հասկանալի է, բայց որ նա կարող է ասել՝ «թույլ տվեք համարձակվել», դա զարմանալի է: Զարմանալի է, նախ, տրամաբանության տեսանկյունից` եթե խոսքը «համարձակվելու» մասին է, ապա էլ ի՞նչ «թույլ տվեք» (կամ՝ եթե «թույլ տվեք», էլ ի՞նչ «համարձակվել»): Երկրորդ՝ լեզվամտածողության տեսակետից` ԵՄ-ին՝ այն ակամա արժևորող ինչ-որ հղում անելիս միայն հայ պաշտոնյան կարող է ասել «թույլ տվեք համարձակվել», ա՛յն պաշտոնյան, ում համար Մաքսային միություն մտնելուց առաջ Եվրոպական Միություն մտնելու` իր պետության նախընթաց ջանքերը ՄՄ «տերերի» համար համարյա իբրև մեղք են դիտվում. ահա թե ինչու՛ հայ նախարարը ռուսերեն դարձվածաբանությունը «հարստացնում» է «թույլ տվեք համարձակվել» անհեթեթությամբ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ