կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 10:07
Հասարակություն

Գուցե վեհափառը հրաժարվի՞ Երեւանի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից

Գուցե վեհափառը հրաժարվի՞ Երեւանի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից

«Առավորտը» խմբագրականում գրում է.

«Ըստ մամուլի հրապարակումների՝ Մայր աթոռը կառավարության աջակցությամբ պատրաստվում է Երևանի կենտրոնում հերթական եկեղեցին կառուցել։ Հոգևորականներից ոմանք պնդում են, թե որքան շատ են եկեղեցիները, այնքան բարվոք է մեր հոգևոր կյանքը։ Ինձ թվում է՝ դա մոլորություն է. հոգևոր կյանքի ընթացքը պայմանավորված է ոչ թե համապատասխան շենքերի քանակով, այլ մարդկանց՝ մեր բոլորիս վարքով, ապրելակերպով, հավատով։ Եվ շատ ցանկալի է, որ հոգևոր առաջնորդները մեզ այդ առումով օրինակ ծառայեն։ Ցավոք, դա այդպես չէ։ Հաստատեմ դա մի օրինակով, որը դարձյալ կապված է Երևանում շինարարության հետ։ Հրաշալի է, որ Սուրբ Կաթողիկե եկեղեցին (այն, ինչ թողել են բոլշևիկները) «տեսանելի դարձավ» երևանցիների համար։ Սակայն դրա կողքը սեփական նստավայր կառուցելը կաթողիկոսի կողմից չտեսություն է, հոգևորականին անհարիր պճնամոլություն։

 

Գուցե՝ քանի ժամանակ կա, Վեհափառը հրաժարվի՞ մայրաքաղաքի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից, և գրեթե կառուցված շենքը ծառայի որպես հոգևոր մշակույթի կենտրոն, հոգևոր գրականության գրադարան կամ դրա նման մի բան։ Չէ՞ որ եպիսկոպոսները պետք է տարբերվեն իրենց աշխարհիկ «ախպերությունից» և իրենց ձգտումների բարձրակետը չհամարեն ոսկե գուգարանակոնքը։ Քանի որ մեր բարձրաստիճան հոգևորականների, ճիշտ այնպես, ինչպես աշխարհիկ իշխանավորների համար նյութականը, արտաքինը, մակերեսայինը, ցուցադրականը ավելի կարևոր է, քան ներքինը, նրանք կարծում են, որ Երևանում ամեն քայլափոխի եկեղեցի կառուցելով կատարում են իրենց պարտականությունը։ Հիմա ասացեք խնդրեմ՝ ի՞նչն է ավելի ազդեցիկ՝ 100 տաճա՞րը՝ այդ բառի նյութական, «շենքային» իմաստով, թե՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ այլանդակված մաշկով մարդուն ուղղված համբույրը։ Իհարկե, ես էլ, դուք էլ կարող ենք դա անել՝ ձևեր թափելու նպատակով, բայց միլիոնավոր մարդկանց համար ակնհայտ էր, որ կաթոլիկների առաջնորդը դերասանություն չի անում՝ դա անում է սրտանց, հավատով, սիրով՝ ինչպես նրա 13-րդ դարի «նախատիպը»։ Բայց, ինչպես և այլ դեպքերում, հոգևոր մթնոլորտի դեպքում՝ նույնպես, ես չէի սպասի Վեհափառի կամ եպիսկոպոսների բարի օրինակին։ Մայր եկեղեցին նրանցն է ճիշտ նույն չափով, որքան մերն է։ Վեհափառը մեզ չի ստիպում, որ մենք խախտենք Աստծո պատվիրանները կամ, որ մեր միջնադարյան վանքերի շուրջը զիբիլանոց սարքենք։ Եպիսկոպոսները մեզ չեն պարտադրում, որ մենք տաճարն ընկալենք սոսկ որպես խորոված ուտելուց առաջ մոմ վառելու մի տեղ։ Փոքր-ինչ ձևափոխելով հայտնի ասացվածքը՝ կարելի է ասել. «Մի՛ բողոքեք հոգևորականներից, փոխարենը մի աղոթք կամ մի շարական սովորեք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում