կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 18:13
Սպորտ

Ավարտվեց Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

Ավարտվեց Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

Նոյեմբերի 13-ին ավարտվեց  15-րդ օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որն այս տարի նվիրված էր նաև մեծ մարզիկի ծննդյան 90-ամյակին. հայտնում է msy.am-ը:

 

Մարմնամարզության ավանդական այս հուշամրցաշարին մասնակիցները մեծ սպասումով էին նախապատրաստվել: Օրվա առթիվ խոսք ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը: Նա մեկ-մեկ հիշեց ինչպես օլիմպիական չեմպիոններ`  Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի նվաճումներն, այնպես էլ վերջին տարիներին մեր մարմնամարզիկների` Արթուր Դավթյանի, Հարություն Մերդինյանի հաջողությունները:

 

Փոխնախարարը փաստեց, որ մեզանում այսօր դժվարությունները շատ են, որոնց մի մասն էլ պայմանավորված են ֆինանսների բացակայությամբ, բայց միշտ չէ, որ ֆինանսներն են լուծում խնդիրները, և հիշեցրեց, որ Ազարյանի ու Շահինյանի ժամանակներում էլ դրանք սուղ էին: Պարոն Մնացականյանը կարևորեց միջոցառումն ու ընդգծեց, որ այն կարող է ոմանց համար դառնալ դեպի մեծ սպորտը տանող ճանապարհի սկիզբ:

                

Մինչև հաղթողների պարգևատրումը, ցուցադրական ելույթներով ներկաներին հիացրին ՀՀ սպորտի վարպետ Աննա Գրիգորյանը (ազատ վարժություններ), Էդգար Իգիթխանովը (զուգափայտեր), Արմեն Գասպարյանը (հենացատկ),Վիգեն Խաչատրյանը (պտտաձող),Արտյոմ Չիլինգարյանը (օղակներ): Այս մրցաշարում տղաների բազմամարտում բացարձակ հաղթող ճանաչվեց Վիգեն Խաչատրյանը, երկրորդ տեղում էր` Հայկ Պետրոսյանը, երրորդում` Էդգար Իգիթխանովը:

 

Մարմնամարզիկներին բարձրագույն պարգևները հանձնեց օլիմպիական խաղերի եռակի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Աղջիկների մրցապայքարում անգերազանցելի էր Աննա Գրիգորյանը, երկրորդ տեղում էր` Գայանե Սարիբեկյանը, երրորդում` Աննա Ղազարյանը: Աղջիկներին բարձրագույն պարգևները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը:

        

Հուշամրցաշարի հանդիսավոր փակմանը խոսք ասաց լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: Նա գոհունակություն հայտնեց, որ բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ հիշատակեց իր և լուսահոգի Հրանտ Շահինյանի անունը միասին` թվելով բոլոր նվաճումները: Պարոն Ազարյանը կարևորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների ջանքերն այս հուշամրցաշարում և նրանց հրավիրեց մասնակցել մարմնամարզության գալիք մրցաշարին: Նա բարձր գնահատեց մարզիկների պատրաստականությունը, նշեց, որ մրցումներն անցան կազմակերպված, իսկ ամենագլխավորն է` առանց վնասվածքների, ընդգծեց, որ օրն անմոռաց կլինի ոչ միայն հուշամրցաշարի մասնակիցների, այլև իր համար: