կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-13 17:49
Քաղաքական

Գիտեք` ինչ ասեք, անցնելո՞ւ է. Բեգլարյանը` Փոստանջյանին

Գիտեք` ինչ ասեք, անցնելո՞ւ է. Բեգլարյանը` Փոստանջյանին

Հարց ուղղելով կառավարությանը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ տաքսիների ոլորտը վերածվում է «անվերահսկելի գրդոնի», իսկ տրանսպորտի  եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այդ խնդիրները ստեղծում է մի նպատակով, որպեսզի հետագայում կարողանա մեքենաներ ներկրել Հայաստան:

 

Նոր օրենսդրությամբ կառավարությունը ցանկանում է տաքսիների վարորդների խնդիրը տանել մեկ այլ դաշտ և մոնոպոլացնել այդ ոլորտը: «Ինչո՞ւ են վարորդները համատարած վրդովված, ինչո՞ւ եք գնում մեր քաղաքացիների իրավունքների ոտնահարման ճանապարհով»,- դիմելով Բեգլարյանին` հետաքրքրվեց Փոստանջյանը:

 

Գագիկ Բեգլարյանն էլ նախ նշեց. «Տիկի'ն Փոստանջյան, Դուք գիտեք, թե ինչ ասեք, անցնելո՞ւ է: Եթե ես ուզենայի մոնոպոլիա ստեղծել, այդքան չէր պարզեցվի տաքսու վարորդների խնդիրը, այլ կբարդացվեր: Դա հասկանալու համար սովորական տրամաբանություն է պետք»:

 

Նախարարի խոսքով` այնչափ է պարզեցվել հարցը, որ ցանկացած ոք կարող է աշխատել տաքսու վարորդ` ներկայացնելով դիմում և, թույլտվություն ստանալով, աշխատել:

 

«Նման բան հնարավոր չէ, որ մոնոպոլիա արվի` խնդիրները պարզեցնելով: Եթե Դուք Գագիկ Բեգլարյան անուն-ազգանունն էիք ուզում արտաբերել, դա ուրիշ բան, բայց ճիշտ չի, երբ տրամաբանությունից դուրս բաներ եք հայտարարում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ տաքսիստները չեն բողոքում, այլ շնորհակալություն են հայտնում նախարարությանը, որ այդ 20-30 հազար դրամն արդեն հինգ-վեց ամիս է չեն վճարում կազմակերպություններին, այլ պահում են իրենց:

 

«Ես միշտ նստում եմ տաքսի, բոլոր վարորդներն էլ ինձ ճանաչում են, բոլորն էլ դժգոհում են նոր կարգից»,- հայտարարեց Փոստանջյանը:

 

Բեգլարյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ երբ կրկին Փոստանջյանը նստի տաքսի` թյուրըմբռնման մեջ հայտնված տաքսու վարորդներին կբացատրի իրականությունը: