կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 13:07
Մշակույթ

″В Советском Союзе секса нет″

″В Советском Союзе секса нет″

Ասում են` սովետական կարգերն անցյալում են մնացել, երբ արգելված գրականությունն ու, առհասարակ, արգելված մի շարք արվեստի գործեր կային: Պարզվեց` այո, սովետական կարգերն անցյալում են, սակայն այդ կարգերից բխող շունչը դեռ թեւածում է Հայաստանում:

 

Օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում թարգմանիչ եւ կինոգետ Զավեն Բոյաջյանին մանկավարժ, դերասանուհի Գայանե Ամիրխանյանը լուրջ մեղադրանք «առաջադրեց». «Զավեն Բոյաջյանը իր նկարներով ու իր թարգմանած գրականությամբ ակնհայտորեն այլասերում է տարածում, ակամա թե հատուկ հրահանգով` չգիտեմ»:

 

Զավեն Բոյաջյանը մեկն է այն թարգմանիչներից, որոնք սեփական էնտուզիազմի հաշվին թարգմանություններ են անում, այն էլ` որակյալ: 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցավ ամերիկյան գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գրքի շնորհանդեսը, որի թարգմանիչը հենց Զավեն Բոյաջյանն էր, որն էլ տիկնոջը նման մեղադրանքներ հնչեցնելու առիթ է տվել: 

 

Գիրքը ներկայացնում է Միլլերի փարիզյան կյանքը 30-ական թվականներին: Գրքում, այո, կան գռեհկաբանություններ, որոնք ներհյուսված են համատեքստին եւ, ամենակարեւորը, վեպի էությունը դրանք չեն կազմում:

 

Ի դեպ, գրքի թարգմանության վրա Բոյաջյանը ծախսել է 7 ամիս, իսկ թե որքան եկամուտ է ունեցել դրանից, հաստատ` ոչ այնքան, որ ինչ-որ մեկն իրեն իրավունք վերապահի թարգմանչի` ամիսներ տեւած աշխատանքը որակել «այլասերում տարածել»: Չմոռանամ ասել նաեւ, որ Բոյաջյանը գրքի թարգմանության համար պետությունից գումար չի ստացել /ի՞նչ իմանաս` էլ ինչի մեջ կմեղադրեն Բոյաջյանին/:

 

Տիկին Ամիրխանյանը news.am-ի հետ զրույցում նշել է, թե գրականությունը պիտի ծառայի մատաղ սերնդի դաստիարակման սուրբ գործին, եւ այս առումով ի՞նչ է տալիս այդ գիրքը մեզ:

 

Ես` որպես ընթերցող եւ որպես մատաղ սերնդի ներկայացուցիչ, երբ գիրքն ընթերցելուց հետո փակեցի այն, այդպես էլ ինձ այլասերված չզգացի, հավաստիացնում եմ` իմ վարքում որեւէ փոփոխություններ չեղան, վկաներ ունեմ: Իսկ թե մեկ ուրիշն այն կարդալուց հետո ինչու է հատկապես դրանք հիշել, կարծում եմ` ճաշակի հարց է` ընթերցող կա էությունն է փորձում հասկանալ, ընթերցող էլ կա` թուղթ ու գրիչով «փիս-փիս» բառերն է գրքից դուրս հանում ու մեղադրում թարգմանչին այլասերում տարածելու մեջ:

 

Իսկ թե ի՞նչ տվեց գիրքն ինձ. այն, ինչ գիրքն է ինձ տվել, հենց դա էլ ինձ «ստիպեց» գրել այս ամենը` չունենալով Բոյաջյանի հետ ո'չ բարեկամական, ո'չ էլ ընկերական հարաբերություններ:

 

Տիկինն ասել է` «նա /Բոյաջյանը/ գումարներ եւ ժամանակ է ծախսել այդ թարգմանության վրա եւ ազգին դեմ տվել»:

 

Տիկին, «դեմ տալը» ժարգոնային արտահայտություն է, եւ եթե կուզեք` անգամ էրոտիկ նրբերանգներ ունի, եւ ես` մատաղ սերնդի ներկայացուցիչս, միգուցե կարդամ եւ այլասերվեմ, ինչպե՞ս կարելի է:

 

Հ. Գ. Ի դեպ, տիկին Ամիրխանյան, կուզեի տեղեկացնել` մեծն պոետ Չարենցի նամակներն հանկարծ չկարդաք…

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ