կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 13:40
Առանց Կատեգորիա

Վիրավորելու արվեստը. Խորխե Լուիս Բորխես

Վիրավորելու արվեստը. Խորխե Լուիս Բորխես

Գրական շատ ժանրերով մանրակրկիտ եւ ջերմեռանդ զբաղվելն ինձ հանգեցեց մտքին, որ ծաղրն ու վիրավորանքը, անկասկած, արժանի են ավելի մեծ ուշադրության:

 

Վիրավորողը,- ասացի ես ինձ,- գիտի, որը ինքն էլ կդառնա վիրավորանքի զոհ, եւ որ «իր ամեն արտասանած բառ կարող է ի վնաս իրեն օգտագործվել», ինչպես ազնվորեն նախազգուշացնում են Սկոթլենդ Յարդի գործակալները: Երկյուղելով դրանից` նա ավելի նուրբ հնարքների կդիմի, որոնցից այլ դեպքերում չեն օգտվում: Նա կցանկանա անխոցելի մնալ եւ որոշ էջերում կհաջողի դա: Մշուշոտ ներբողների տեսքով իր վրդովմունքն արտահայտող Պոլ Գրուասակի տողերը, էլ չեմ ասում` Սվիֆտի, Ջոնսոնի եւ Վոլտերի նմանատիպ էջերը, ծնեցին այս գաղափարը կամ ինձ դրան հանգեցրին:

 

Սակայն իմ մտակառույցները փլուզվեցին, երբ այդ գրական խայթոցների հաճելի ընթերցումից անցա դրանց վերլուծությանը: Անմիջապես հայտնաբերեցի, որ իմ ենթադրությունը, որքան էլ խորապես արդարացի, այնուամենայնիվ, այնքան էլ ճիշտ չէ: Անշուշտ, ծաղրողը դիմում է հատուկ հնարքների, եւ դրանք խարդախ մարդու հնարքներ են, ով ամբողջությամբ վստահում է խաղաքարտերի գաղտնիքներին` ընդունելով թղթախաղային ծախու երկգլխանի աստվածների հովանավորությունը: Երեք թագավորները հաղթում են պոկերում, սակայն ոչինչ են վիստում: Ցանկացած բանավեճ ոչ պակաս պայմանական է: Թեեւ փողոցային լեզվակռվի բաղադրատոմսերն արդեն «բանավեճի» մանրակերտ են: Բավական է, որ Կորիենտեսից մի բռի մտքով անցկացնի, թե ձեր մայրը հնագույն մասնագիտության ներկայացուցիչ է, կամ ներկաներին ուղարկի ինչ-որ` բոլորին հայտնի, թեեւ տարբեր անուններ ունեցող տեղ, կամ ձեզ ծանակելով` իրենից դուրս հանի նողկալի ձայներ, որքան էլ անհեթեթ է, ստացվում է, որ իր այդ արարքով նա ամենեւին էլ իրեն չի խայտառակել, այլ այդ ամենին լուռ հետեւող լսարանին:

 

Հաճախ նույնիսկ բառեր հարկավոր չեն: Ցույց տալ երեք մատի կոմբինացիա կամ ոտքով խփել տան պատին (Sampson: I will take the wall off any man or maid of Montagues. Abram: Do you bite your thumb at us, sir?)` ահա, թե ինչ էր, ասենք, 1592-ին ընդունված շեքսպիրյան Վերոնայի խաբեբաների ու ծանակողների շրջանում, լոնդոնյան գարեջրատներում, հասարակաց տներում եւ արջակռվի կրկեսներում: Իսկ պետական դպրոցներում երեխաները մինչ օրս նույն նպատակով լեզու են ցույց տալիս կամ սուլում երկու մատի միջոցով:

 

Վիրավորելու` եւս մի տարածված միջոց` «շուն» հայհոյանքը: «Հազար ու մի գիշեր» հեքիաթների գրքի հարյուր քառասուն վեցերորդ գիշերից հետաքրքվողները կարող են իմանալ, որ Ադամի որդին ամուր սնդուկի մեջ էր փակել կորյունին ու այսպես էր նրան կշտամբում. «Ինքը` ճակատագիրն է քեզ տապալել, եւ քաջությամբ ոտքի չես կանգնի, անապատի շո'ւն»:

 

Բացի դրանից` գոյություն ունի վատաբանության պայմանական այբուբեն: «Սենյոր» դիմելաձեւը, որը պատահաբար կամ սխալմամբ հաճախ կրկնվում է բանավոր խոսքում, գրավոր խոսքում կարող է որպես ծաղրանք ընկալվել: Դոկտորական աստիճանի հիշատակումը ոչ պակաս ստորացուցիչ է: Դոկտոր Լուգոնեսի հրատարակած սոնետների մասին գրելը նշանակում է հավերժ խարանել դրանք` ոչնչացնելով յուրաքանչյուր փոխաբերություն: Դոկտորի մասին առաջին իսկ հիշատակման դեպքում կիսաաստվածը մեռնում է, եւ ընդամենը մնում է աղքատացած արգենտինացի կաբալիերոն, որը կրում է թղթե կրծքակալներ, սափրվում օրը մեջ եւ կարող է մահկանացուն կնքել շնչարգելությունից: Մնում է մարդկային հայտնի ու անհատնում ոչնչությունը: Իհարկե, երաժշտությամբ ուղեկցվող սոնետները նույնպես մնում են: (Պատմում են, որ մի իտալացի, փորձելով ծիծաղել Գյոթեի վրա, հոդված է հրապարակում, որում նրան շարունակ il signore Wolfgang է անվանում: Իրականում հոդվածը ստացվում է գովասանական, քանի որ դրանից երեւում է, որ հեղինակն ի վիճակի չէ գտնել ավելի ծանրակշիռ փաստարկներ` Գյոթեին ծաղրելու համար):

 

Հրատարակել սոնետ, տպագրել հոդված: Մեր խոսքը ողողված է այս` պահին հարմար անճոռնի արտահայտություններով, իսկ ցանկացած բանավեճում դրանց թիվ ու սահման չկա: Իհարկե, հեշտ է գայթակղվել ու ասել, թե ոմն գրական գործիչ «փսխեց» գիրքը, կամ` թխեց այն, կամ` խռխռացրեց: Սակայն ավելի լավ է կիրառել այն բայը, որը լսում ես գրասենյակներում կամ խանութներում` կատարել, ընթացք տալ, շրջանառության մեջ դնել: Այս չոր բառերը` միահյուսված խանդավառ մակդիրներին, հակառակորդին նետում են ստորացման հորձանուտը:

 

Աճուրդով զբաղվողներից մեկի մասին, ով հրապուրված էր ասմունքով` չնայած մասնագիտությանը, ինչ-որ մեկն անխուսափելիորեն պետք է տեղեկացներ, որ, ընթերցելով «Աստվածային կատակերգությունը», նա «Դանթեին աճուրդի հանեց»: Այս էպիգրամը չի ցնցում իր սրամտությամբ, սակայն մեխանիզմը շատ տիպիկ է: Այստեղ, ինչպես ցանկացած էպիգրամի դեպքում, ընկնում ենք կեղծ ապացույցների սովորական թակարդը: «Աճուրդի հանել» արտահայտությունը կասկածի տեղ անգամ չի թողնում, որ մեղադրյալը աճուրդով զբաղվող անուղղելի, զզվելի մարդը է (եւ այդպիսին կմնա միշտ), իսկ նրա բոլոր դանթեական նկրտումները լիակատար հիմարություն են: Դատավորներն այս պնդումն ընդունում են անվերապահորեն հենց այն պատճառով, որ ոչ ոք ոչ մի կանխապայման չի դնում: Եթե մեղադրանքը մանրամասն շարադրվի, դրա արդարացիությունը կարող է կասկածներ առաջացնել: Նախ` ասմունքելն ու աճուրդով զբաղվելը գործունեության բավականին մոտ տեսակներ են: Երկրորդ` ասմունքելու հնագույն արվեստը կարող էր լինել աճուրդի ակունքներում` թե' մեկը, թե' մյուսը հռետորական ունակություններ են պահանջում:

 

Երգիծանքի հնարքներից մեկը (որից չեն խորշում ո'չ Մասեդոնիո Ֆերնանդեսը, ո'չ Կեւեդոն, ո'չ Ջորջ Բեռնարդ Շոուն) իմաստի լիակատար շրջադասությունն է` ինվերսիան: Եթե կիրառվի այս հայտնի բաղադրատոմսը, ապա բժշկին անխուսափելիորեն կմեղադրեն, որ հիվանդություններ ու մահ է սերմանում, դատավորը գող է, դահիճը երկարացնում է մարդկային կյանքի ժամկետը, արկածային վեպերը ձանձրալի են ու լեթարգիայի մեջ գցող, հավերժ հրեաները անդամալույծ են, դերձակները քարոզում են նուդիզմ, իսկ վագրն ու կանիբալը սնվում են ռեւանդենու տերեւներով:

 

Այդ հնարքի տարատեսակն անմեղ բառախաղն է, որը ձեւականորեն հիանում է նրանով, ինչը ծաղրում է: Օրինակ` «Փառավոր ռազմարշավային մահճակալ, որի տակ գեներալը շահեց մարտը»: Կամ` «Սքանչելի է հիանալի ռեժիսոր Ռենե Քլերի վերջին ֆիլմը: Երբ մեզ արթնացրեցին...»:

 

Եվս մի տարածված հնարք` անսպասելի նենգափոխումը: Verbi gratia. «Պատանի, գեղեցկության քուրմ, խելք` լուսավորված հելլենական իմաստությամբ, նրբագեղ էություն` բնությունից օժտված վայելչագեղությամբ (փղի)»: Կամ` այս անդալուսիական ժողովրդական երգը, որն ակնթարթորեն տեղեկությունից հարձակման է անցնում.

Հինգ տախտակներից է

Իմ աթոռակը պատրաստված:

Ուզո՞ւմ ես` դրանով

Ողնաշարդ լինի կոտրված:

 

Կրկնվեմ` սրանք բոլորը խաղի զուտ ձեւական հնարքներ են` անպայման հիմնված թյուրիմացության եւ խառը ապացույցների վրա: Իսկական մեղադրական ճառ կարդալը եւ միաժամանակ խեղկատակային գովաբանություններ շաղ տալը, կեղծ ցավակցելը, ուխտադրժորեն բարձունքները հանելը եւ ողորմածաբար արհամարհելը ոչ թե անհամատեղելի, այլ այնքան տարբեր բաներ են, որ ոչ ոքի մինչ օրս չի հաջողվել դրանք համադրել:

 

Քննարկենք հայտնի օրինակներ: Ինչ է անում Գրուասակը` ձգտելով ոչնչացնել Ռիկարդո Ռոխասին: Մեջբերեմ նրա խոսքերը, որոնք հրճվանքով վայելում էր ամբողջ գրական Բուենոս Այրեսը. «Այսպես` երբ հազիվ առիթ ունեցա ցավով կարդալու երկու-երեք` ճոռոմ արձակով գրված հատվածներ` էջերի ինչ-որ փքուն ժողովածուից, որին հրապարակայնորեն ծափահարում էին նրանք, ովքեր հազիվ թե ջանք գործադրած լինեին` այն բացելու, ես ինձ իրավունք վերապահեցի ընդհատելու ընթերցանությունս` բավարարվելով այդ հսկայական հերոսապատման, որը պատմում է, թե ինչ չի լինում բնության մեջ, վերնագրով եւ ցանկով: Ես նկատի ունեմ առաջին` չափազանց անմարսելի մասն այդ գլխավոր հաշվապահական գրքի, որը զբաղեցնում է 4 հատորներից 3-ը` հնդկացիների կամ մետիսների բարբաջանք...»: Իր հմայիչ թունոտությամբ Գրուասակը հավատարիմ է երգիծական խաղի բաղձալի իդեալներին: Նա ձեւացնում է, թե վշտացած է ընդդիմախոսի բացթողումներից (առիթ ունեցա ցավով կարդալու), իբր պատահաբար ազատություն է տալիս գրգռվածությանը (նախ` ինչ-որ փքուն ժողովածու, հետո` գլխավոր հաշվապահական գիրք), գովասանքի խոսքերը ծաղրի է վերածում (հսկայական հերոսապատում), իսկ հետո ամբողջությամբ բացում է խաղաթղթերը: Անթերի շարահյուսություն, անբասիր ձեւ, ինչը չես ասի բովանդակության մասին: Գիրքը դատապարտել չափերի համար` ակնարկելով, որ այդ կաղինը ոչ մեկի ատամով չէ միայն այն բանի պատճառով, որ քննադատն ինքը բացարձակապես անտարբեր է անհեթեթության նկատմամբ, որ դուրս են տալիս ինչ-որ արհամարհելի մուլաթներ, պատասխան է, որը հարիր է դատարկախոսի, բայց ոչ` Գրուասակին:

 

Մեջբերեմ նույն հեղինակի եւս մի հայտնի երկարաշունչ խոսք. «Մեզ չափազանց կվշտացնի, եթե դոկտոր Պինյոնի երկի վաճառքը խոչընդոտ դառնա դրա տարածման համար եւ այդ մեկտարյա` դիվանագիտությունից ազատ ժամանակ ստեղծված հասուն պտղի միակ ընթերցողները լինեն տպագրատան շարողները: Տա Աստված, որ դա տեղի չունենա: Մենք էլ կանենք` ինչ կարող ենք եւ թույլ չենք տա, որ սույն ստեղծագործությունն այդքան մռայլ ճակատագրի արժանանա»: Դարձյալ ցուցադրական ցավակցություն, դարձյալ շարահյուսական պաճուճանք: Եվ դարձյալ որերորդ անգամ հենց քննադատության ապշեցուցիչ անհամություն` ծիծաղել այն բանի վրա, թե ինչ դանդաղկոտությամբ է ստեղծվել աշխատությունը եւ որքան քիչ ընթերցողներ այն կարող է ունենալ:

 

Որպես այդ տափակաբանության արդարացում` կարելի է հղում անել երգիծանքի` դարերի խորքը գնացող արմատներին: Եթե հավատանք ամենաթարմ ու վստահելի փնտրտուքներին, երգիծանքը սկիզբ է առնում զայրույթի մոգական նզովքներից, այլ ոչ թե տրամաբանական մտահանգումներից: Դա մնացուկն է այն հնագույն, ոչ ճշմարտանման վիճակի, երբ անվանը հասցված վերքերը տանջում էին այն կրողին: Բոգոմիլների կողմից պաշտված` Աստծո ըմբոստ առաջնեկի` հրեշտակ Սատանաիլի անունից հատեցին «իլ» մասնիկը, որը նրա լուսապսակի, նրա փառքի եւ կանխատեսման շնորհի հավաստիքն էր: Ներկայումս նրա հանգրվանը կրակն է, իսկ հյուրը` Արարչի ցասումը: Աբրահամի հետ, ըստ թալմուդագետների, կատարվեց հակառակը. Աբրահամ նախահոր սերմն անպտուղ էր մինչեւ նրա անվան մեջ ի հայտ չեկավ «հ»-ն, որը նրան տոհմը շարունակելու ունակությամբ օժտեց:

 

Սվիֆտը` բնությունից մռայլ մարդ, նպատակ դրեց նավապետ Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունների իր ժամանակագրության մեջ սեւացնել մարդկային ցեղը: Առաջին եւ երկրորդ ճանապարհորդությունները` փոքրիկ Լիլիպուտիա եւ ցնորատեսիլային Բրոբդինգնագ, բարձր է գնահատում Լեսլի Սթիվենը: Դա մարդաչափական երազ է` ոչ մի կերպ մարդկային էության բարդությանը, դրա կրակին ու հանրահաշվին չանդրադարձող: Երրորդ ճանապարհորդությունը` ամենահետաքրքիրը, ծաղր է` ուղղված փորձարար գիտությանը, վերը նշված հնարքի` ինվերսիայի միջոցով. սվիֆտյան խելագար կառավարությունները ցանկանում են անբուրդ ոչխարներ բուծել, սառույցից վառոդ ստանալ, բարձերի պատրաստման համար մարմար փափկեցնել, մանր շերտակտորների տրոհել բոցը, նաեւ որպես բարիք կիրառել արտաթորանքի սննդային մասը: (Գրքի այդ մասում բավականին ուժեղ էջեր կան ծերության անհարմարությունների մասին): Չորրորդ` վերջին ճանապարհորդությունում Սվիֆտը ձգտում է ապացուցել, որ կենդանիներն ավելի արժանապատիվ են մարդկանցից: Մեր առջեւ է հանրապետություն` բարեգործ, միամուսնության հակված, կարելի է ասել` մարդանման խոսող ձիերի եւ մարդ-պրոլետարների, որոնք ապրում են հոտերով, փորփրում են հողը, ձեռք գցում կովի կրծքին` կաթ գողանալու համար, մեկի մյուսի վրա հոգում բնական կարիքները, սնվում լեշերով ու գարշահոտություն արձակում: Ֆաբուլան, կարելի է նկատել, հակասում է մտահղացմանը: Մնացյալը գրականություն է, շարահյուսություն:

 

Վերջում Սվիֆտը գրում է. «Ինձ ամենեւին չի զայրացնում փաստաբանի, գրպանահատի, գնդապետի, հիմարի, լորդի, խաբեբայի, քաղաքական գործչի, սրիկայի տեսքը»: Այս հաճելի թվարկության մեջ որոշ բառերի իմաստն աղավաղվում է վարակիչ հարեւանների մերձությունից:

 

Վերջին երկու օրինակը: Նախ` վիրավորանքի հիասքանչ պարոդիա, որն, ասում են, ոտքի վրա հորինել է դոկտոր Ջոնսոնը. «Ձեր տիկինը, սըր, թաքնվելով այն բանի հետեւում, որ ծառայում է հասարակաց տանը, վաճառում է մաքսանենգ ապրանքներ»: Երկրորդ օրինակն ամենափայլունն է ինձ հայտնի վիրավորանքներից (դեպքն ավելի ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այդ հատվածը միակն է, որ հեղինակին կապում է գրականության հետ). «Աստվածները թույլ չտվեցին, որ Սանտոս Չոկանոն պղծի կառափնարանը` այնտեղ մահանալով: Այդ պատճառով նա ողջ է եւ մինչ օրս բռնաբարում է պատվազրկությունը»: Պղծել կառափնարանը: Բռնաբարել պատվազրկությունը: Վարգաս Վիլայի կողմից հասցված տապալող հարվածը չի սպանում զոհին, սակայն անսահմանորեն հեռացնում է իրական հակառակորդին` նրան երկրորդ պլան մղելով, ամենայն ակնհայտությամբ ի ցույց դնելով նրա ոչնչությունն ու անբարոյականությունը: Հիմա բավական է Չոկանոյի անվան ամենահպանցիկ հիշատակում, որ հիշողության մեջ արթնանա նրա գլխին կախված այդ նզովքը, իսկ երեւակայությունը ամենաչարագուշակ գույներով երանգավորի այն ամենը, ինչ նրա հետ է կապված` նկարելով պատվազրկության մանրամասն ու անհավատալի պատկերներ:

 

Փորձեմ ամփոփել վերը շարադրվածը: Երգիծանքում պայմանականությունների պակաս չի զգացվում, ինչպես նորապսակների երկխոսության մեջ կամ Խոսե Մարիա Մոներա Սանսայի գրչին պատկանող` կենդանի ծաղիկներով նրբագեղ սոնետում: Նրա մեթոդը սոփեստությունների ներմուծումն է: Նրա անքակտելի օրենքը հնարվածի ինքնաբերականությունն ու ճարպկությունն է: Քիչ էր մնում մոռանայի` երգիծանքն անպայման պետք է հիշողության մեջ մնա: Այստեղ տեղին է հիշել տղամարդավարի ասված խոսքերը, որոնք հիշատակում է Քուինսին (Երկեր, հ. XI, էջ 226): Մի պատանու դեմքին, աստվածաբանական, թե` գրական բանավեճի բովում, մեկ գավաթ գինի են շփում: Տուժածը, աչքն անգամ չթարթելով, անմիջապես նետում է իրեն վիրավորողին. «Դա, սըր, լիրիկական շեղում էր: Այժմ սպասում եմ Ձեր փաստարկներին»: Սույն պատասխանի հեղինակը` ոմն դոկտոր Գենդերսեն, մահացել է Օքսֆորդում մոտ 1787 թվականին` իրենց հետո չթողնելով այլ հիշողություն, քան այս դիպուկ խոսքերը. անշուշտ, արժանի եւ գեղեցիկ անմահություն: Լեգենդը, որը բախտ ունեցա լսելու Ժնեւում Առաջին համաշխարհային պատերազմի վերջին, պատմում է, թե Միգել Սերվետը մահից առաջ` իրեն խարույկին այրվելու ուղարկած դատավորներին ասել է. «Այո, ես կայրվեմ, սակայն դա հարցը չի լուծում: Մենք վիճելու բան կունենանք երկնքում»:

 

Ադրոգե, 1933

 

Ռուսերենից թարգմանությունը`

Այծեմնիկ Պեպանյանի (yerkir.am)