Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյո՞ք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը:
Օգոստոսի 7-ին ստացվել է մեծավաստակ գիտնականի զեկույցը, ինչն ուսումնասիրվել է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակում՝ ըստ անհրաժեշտության Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակիների կողմից օգտագործման նախապատրաստելու համար։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը զեկույցը գնահատում է որպես մասնագիտական բարձր որակներով, օբյեկտիվ և փաստական տվյալներով հիմնավորված ավարտուն աշխատանք։ Մասնավորապես՝ զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է՝ շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն է սահմանում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Հեղինակն ասվածը հիմնավորում է՝ հղում կատարելով Սրեբրենիցայում ցեղասպանական գործողության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի բնակչությանը սննդից, բժշկական օգնությունից, ապաստարաններից և հագուստից զրկումը համարվում է ցեղասպանություն։
Պարոն Օքամփոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից և անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը, դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման հնարավորություններին, ինչպես նաև հանցագործության կանխարգելման ճանապարհներին։
Զեկույցի հեղինակը մանրամասնորեն վերլուծել է Լաչինի միջանցքի փակման առնչությամբ միջազգային դատական ատյանների որոշումները, Ադրբեջանի նախագահի և այդ երկրի ղեկավարների հայտարարություններն ու գործողությունները։ Մասնավորապես՝ Ալևի հայտարարությունների վերլուծությամբ փաստվել է․
· Նախագահ Ալիևը միտումնավոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կենսական անհրաժեշտության մատակարարումները։
· Նա բացահայտորեն չի ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի հատուկ հրամաններին՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:
· Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ Ալիևը ծանուցված է եղել շրջափակման հետևանքով հայերի առողջության և կյանքի համարստեղծված «իրական և անմիջական ռիսկի» մասին։
Զեկույցի հեղինակը նույնականացնում է ցեղասպանության խնդրո առարկա դեպքի առթիվ պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը ու նրանց միջազգային պատասխանատվության կանչելու իրավական մեխանիզմները։ Ըստ այդմ, բացի նախագահ Իլհամ Ալիևից, սույն հանցագործության համար միջազգային քրեական հետապնդման են ենթակա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը, պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար Միսիր Ալիևը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ֆարիդ Շաֆիևը։ Նախագահ Ալիևի պարագայում տրված են նրա նախագահական անձեռնմխելիության հաղթահարման հնարավորությունները՝ Միջազգային քրեական դատարանի կողմից։
Զեկույցը պարունակում է նաև հարուստ իրավաքաղաքական և կիրակառական նշանակության խորհուրդներ ստեղծված իրավիճակի հաղթահարման միջազգային մեխանիզմների գործարկման և ցեղասպանության կանխարգելման համար, զեկույցը նաև ներառում է Ղարաբաղյան հակամարտության ամփոփ պատմաքաղաքական ու իրավական նկարագրություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, բարձր գնահատելով զեկույցի կիրառական նշանակությունը․ այն տրամադրել է Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին՝ Արցախի շահերի պաշտպանության աշխատանքների ընթացքում օգտագործման և դրանում արտացոլված դրույթները միջազգային քաղաքական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու համար։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
09. 08․ 2023թ․