կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 17:25
Առանց Կատեգորիա

Պաշտոնանկություններ հայկական ձեւով

Պաշտոնանկություններ հայկական ձեւով

Մեզանում տարբեր ժամանակներում եւ որոշակի իրավիճակներում սրվում է այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի պահանջը. Դա, սովորաբար, այն դեպքում է, երբ նա թերացել է աշխատանքում, մասնակից է որեւէ օրինազանցության կամ հանցագործության, նրա հարազատներից որեւէ մեկի անունն է կապվում աղմկահարույց գործի հետ եւ այլն: Սակայն շատ քիչ դեպքերում է, երբ նա հրաժարական է տալիս կամ հեռացվում է պաշտոնից:

 

Իրան-Հայաստան սահմանին օրերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալումը՝ թմրանյութ ներկրելու մեղադրանքով, դարձավ պատճառ, որ շրջանառվի նախարարի հրաժարականի հարցը: Ճիշտ է՝ Յուրի Վարդանյանն ինքը, ինչպես հայտարարեց, ամոթ է զգում որդու պահվածքի համար եւ որոշել է որդուն որեւէ կերպ չաջակցել, անգամ` գումար չի տրամադրել փաստաբան վարձելու համար, սակայն, այնուամենայնիվ, նախարարի պաշտոնավարումն արդեն էթիկայի հարց է:

 

Հիշենք հայ իրականության մեջ արձանագրված դեպքեր, երբ պաշտոնյան հրաժարական է տվել կամ պաշտոնանկ արվել իր կամ ազգականների անվան շուրջ եղած սկանդալի հետեւանքով, որոշակի քաղաքական իրավիճակում կամ հրաժարական չի տվել, թեեւ պարտավոր էր, գոնե` էթիկապես ու բարոյապես:

 

12 մարտի, 2004 թ.  Երեւանի «Տրիումֆ» սրճարանում հնչեցին կրակոցներ՝ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար, իսկ այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանի որդու կատարմամբ: Ատրճանակից դիտավորությամբ կրակելու եւ երեք անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար Հայկ Արամյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, սակայն, ինչպես մեզանում ընդունված է նման պարագաներում, նախարարի որդին պատիժը չկրեց: Չնայած Արա Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, թե` «իմ տղան կյանքում ո'չ զենք է կրել, ո'չ խմել է, ո'չ ծխել է..., միշտ եղել է շրջապատի համար էտալոն», այնուամենայնիվ, հրաժարական տվեց: 

 

2005թԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդին հոր ծառայողական ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց մի քաղաքացու: Վարդան Օսկանյանը, ի պատիվ իրեն, հրաժարական ներկայացրեց` փաստորեն, հակառակ գնալով Հայաստանում ձեւավորված «ավանդույթներին»: Այս դեպքում էլ նախագահը չընդունեց հրաժարականը։

 

01 հունվարի 2006թ. Մշակույթի ՕԵԿ-ական նախարար Հովիկ Հովեյանը որդու եւ ընկերների հետ գինովցած «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Կենտրոնի մասնաճյուղում ծեծի ենթարկեց դրա աշխատակիցներին` գործի դնելով նաեւ ատրճանակի կոթը: Պատճառն այն է, որ Ամանորի գիշերը հոսանքազրկվել էր Հովեյանի բնակարանը: Բանաստեղծ նախարարը նախ շատ երկար հերքում էր, բայց հասարակական հնչեղություն ստացավ հարցը, եւ նա ստիպված հրաժարականի դիմում գրեց:

 

08 դեկտեմբերի, 2010թՀրաժարական տվեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա ապտակել էր նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, քանի որ վերջինս, ըստ մամուլի, աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ համարձակվել էր Բեգլարյանի տիկնոջն արգելել նստել այնտեղ, որտեղ ուզում է: Որոշ ժամանակ անց Արամ Կանդայանը եւս ազատվեց աշխատանքից եւ աշխատանքի անցավ ԱԳՆ-ում, իսկ Գագիկ Բեգլարյանը նշանակվեց տրանսպորտի եւ կապի նախարար:

 

20 մայիսի 2011թԵՄ-Հայաստան աշխատաժողովի ժամանակ, երբ ելույթ էր ունենում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանը զբաղված էր պոռնկագրական լուսանկարների դիտումով: Խորհրդականի «զբաղմունքը» ֆիքսել էին լրագրողները: Արմեն Գեւորգյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում գրեց:

 

18 հունիսի, 2012թ. Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ծեծի ենթարկվեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բժիշկ սպաներ: Ռեստորանի անվտանգության աշխատակիցները բժիշկներին դաժան ծեծի էին ենթարկել սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար: 35-ամյա բժիշկ Վահե Ավետյանը օրեր անց մահացավ հիվանդանոցում: Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց պատգամավորի պաշտոնից հանրային ճնշման արդյունքում:

 

15 օգոստոսի, 2011թ. Նույն` «Հարսնաքար» ռեստորանում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը հրազենային վնասվածք էր հասցրել ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներից երկուսին: Գլխավոր դատախազի հրամանով հարուցվեց քրեական գործ: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կատարվածը համարեց «սովորական միջադեպ հարսանիքի ժամանակ»: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվեց: Պարզվեց, որ կողմերը շատ արագ հաշտվել էին: Այս դեպքի առիթով հրաժարականներ չեղան, սակայն 2012թ. խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Սարգսյանն այլեւս չառաջադրվեց:

 

01 դեկտեմբերի, 2012թ.  Գլխուղեղի ցնցումով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեցին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Ըստ լրատվամիջոցների` Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում նրանց դաժան ծեծի էին ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանի աշխատակիցները: Վեճի պատճառը աշխատակիցների կողմից հերթի շրջանցումն էր: Քրեական գործ չհարուցվեց, տուժողը հանդես եկավ հայտարարությամբ, թե սայթաքել եւ վայր է ընկել: Մհեր Սեդրակյանն այժմ էլ ԱԺ պատգամավոր է, ՀՀԿ անդամ:

 

Դեկտեմբեր, 2012թ. Ամանորի նախաշեմին «Հրազդան» տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի որդու անմիջական մասնակցությամբ, դաժան ծեծի էին ենթարկել տոնավաճառի վարձակալներից մեկին: Վնասել էին աչքը, եւ որպեսզի աղմուկը մեծ չլինի, տեղափոխել էին Սանկտ Պետերբուրգ` աչքը վիրահատելու: «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հերքվեց Աղաբաբյանների կողմից: Պատգամավորը հրաժարական չտվեց: Պատմում են, որ 2007թ. հոկտեմբերին մի տարեց տաքսու վարորդի էլ անձամբ էր ծեծել' իրեն ուղեկցող ավտոշարասյանը ճանապարհ չտալու համար:

 

27 նոյեմբեր, 2012թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ ծեծկռտուք էր սարքել՝ ուղեկցված կրակոցներով: Շրջապատված մեծ թվով թիկնապահներով՝ նա խանգարել էր մարդկանց անդորրը, սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել, օդ կրակել, ապա միջադեպ հրահրել Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝  Էդուարդի հետ՝ ոտքից վիրավորելով նրան: Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ՝ վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրն էլ գլխի հատվածում ստացել էր հրազենային վնասվածք: Կատարվածն այդպես էլ իրավական գնահատականի չարժանացավ: Բարիշեցին:

 

16 փետրվարի, 2013թ. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին, ով զինծառայող է, Արմավիրի Բաղրամյան պողոտայում կրակել էր մի խումբ տղաների վրա: Վիճաբանությունը երիտասարդների միջեւ ծագել էր վազանցման պատճառով: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հերքեց իր որդու մասնակցությունը միջադեպին՝ ասելով, թե նա զորամասում է եւ հայրենիքն է պաշտպանում: Հայկ Խլղաթյանը բերման ենթարկվեց, ապա կրկին ուղարկվեց զորամաս: Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել:

 

21 փետրվարի, 2013թ. Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, պարզաբանելով իր ղեկավարած քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը նախագահի ընտրություններում, նշում է. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»: Բողոքի ալիք բարձրացավ քաղաքապետի այդ հայտարարության կապակցությամբ: ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրեց, թե քաղաքապետը հրաժարական է տալիս. «Իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել... »: Քաղաքապետը հրաժարական չտվեց, ընդամենը ամիսներ անց ներողություն խնդրեց, այն էլ՝ պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի պահանջով:

 

01 հունիսի 2013թՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ։ Վերջինս մահացավ հիվանդանոցում: Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում գրեց:

 

06 հունիսի 2013թ. Կառավարությանը հրաժարականի դիմում ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Պատճառը հունիսի 1-ի կեսգիշերին Գորիսում՝ իր տան մոտ հնչած կրակոցներն էին` մահացու ելքով: Սուրեն Խաչատրյանը հրաժարական տալ չէր ուզում: Նա հունիսի 3-ին հայտարարություն տարածեց՝ ասելով, թե ժամանակավորապես վայր է դնում լիազորությունները՝ մինչեւ գործի ավարտը, եւ ունի նաեւ իր վերադասի համաձայնությունը: Սակայն պարզվեց, որ վերադասի համաձայնությունից ավելի զորեղ է Սահմանադրությունը, որով նման բան նախատեսված չէ: Մարզպետը հրաժարական տվեց:

 

Ընդ որում` 2008թ. ապրիլի 23-ին հրապարակվեց, որ մարզպետն իր աշխատասենյակում դաժան ծեծի էր ենթարկել իր դպրոցական որդիների դասընկերոջը` իր զավակի հետ կռվելու համար: Նշանակեցին ծառայողական քննություն, ինչը պարզեց, որ թեթեւ միջադեպ է եղել ու հարթվել: Մարզպետը հրաժարական չտվեց: 2013թ. մարտի 26-ին Սյունիքում մի երիտասարդի էր դաժան ծեծի ենթարկել Սուրեն Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Մարզպետը դարձյալ որեւէ պատասխանատվություն չստանձնեց: Ավելի վաղ հրապարակվեց, որ Սուրեն Խաչատրյանի եղբոր 2 տղաներն իրենց ուսին դիպած երիտասարդին դաժանաբար սպանել են: Եղբայրներից մեկը այդպես էլ չհայտնաբերվեց, մյուսը կարճ ժամանակ բանտում մնալուց հետո ազատ արձակվեց: 2011-ի նոյեմբերի 14-ին Սուրեն Խաչատրյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապտակեց գործարար Սիլվա Համբարձումյանին: Սակայն այս դեպքերը բավարար հիմք չեղան, որ մարզպետը հրաժարական տար կամ պաշտոնանկ արվեր:

 

29 մայիսի, 2013թ. «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակեց տեղեկություններ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի կողմից Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը դարձել է գործարար Փայլակ Հայրապետյանին սնանկացման պատճառը: Այս օֆշորային կազմակերպությունը բազմաթիվ չարաշահումներ էր արել: Վարչապետը մինչ օրս համոզում է, թե ինքը որեւէ կապ չունի օֆշորի հետ: Թե' նա, թե' Կճոյանը դեռ աշխատում են:

 

Մեզանում աշխատանքից ազատվելու զավեշտալի հիմնավորումներ էլ են եղել: Ներկայացնենք այս պահին մեր մտաբերած երկու դեպքերը:

 

09 դեկտեմբերի, 2010թ. Աշխատանքից ազատվեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ պարտականությունները «ոչ պատշաճ կատարելու» համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Գեւորգ Դանիելյանը չի կատարել ԴԱՀԿ ծառայության ղեկավարին էթիկայի կանոնները խախտելու համար հրապարակային պատժի ենթարկելու` իր հանձնարարականը: Ուշագրավ է, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը մինչ օրս շարունակում է պաշտոնավարել, իսկ Դանիելյանը համալրեց «նախկինների» շարքերը:

 

22 փետրվարի, 2013թ. Զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում ներկայացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Պատճառը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի պարտությունն էր Գյումրիում: Վերջինս խոստացել էր մինչեւ 80 տոկոս «խփել», իսկ մարզպետը դա չէր կազմակերպել:

 

Հայաստանում այնքան հաճախ են գրանցվում պաշտոնյայի կողմից մերժելի երեւույթներ, եւ նրանք այնքան դժվարությամբ են լքում պաշտոնը, որ տպավորություն է, թե պաշտոնանկ եղողը անձամբ իշխանական կոնկրետ նեղ շահերին է վնասել: Մենք ներկայացրինք ընդամենը մի քանի դեպքեր բազմահազարներից: Երեւույթը տգեղ է, մերժելի, եւ կարծում ենք, որ միջազգային փորձը պարբերաբար հիշատակող մեր պաշտոնյաները մի քանի օրինակներ պետք է հիշեն նույն միջազգային փորձից: Այն կներկայացնենք հաջորդիվ:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ