կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 19:43
Առանց Կատեգորիա

Կփրկի՞ Մինսկը Սերժ Սարգսյանին

Կփրկի՞ Մինսկը Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Բելառուս` մասնակցելու Մինսկում հոկտեմբերի 24-25-ը  կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Ինչպես նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Մաքսային միության բարձրագույն մարմինը համարվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի օրակարգային հիմնական խնդիրը լինելու է ՄՄ-ի հետագա ընդլայնումը` Հայաստանի ներկայացրած հայտի հիման վրա: Այլ կերպ ասած` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Մինսկում որոշելու են` արդյո՞ք Հայաստանը միանում է Մաքսային միությանը, և միահամուռ ուժերով սկսում են Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքները, թե՞ ոչ: Այս իմաստով Մինսկի գագաթաժողովը լինելու է, ըստ էության, վճռորոշ թե' Հայաստանի համար և թե', ընդհանրապես, ՄՄ-ի հետագա ճակատագրի: Ավելին` այս գագաթաժողովը կարող է դառնալ ՄՄ-ին միանալու ռուսական պարտադրանքից ազատվելու` Հայաստանի փրկօղակը:

 

Խնդիրն այն է, որ, բացի Ռուսաստանից, ՄՄ անդամ մյուս երկրները` Բելառուսը և Ղազախստանը, դեմ են կազմակերպությանը Հայաստանի ներգրավմանը` կապված ԼՂ հիմնահարցի հետ: Նրանք պարզապես չեն ցանկանում այդ հիմնախնդիրը ներքաշել ՄՄ-ի շրջանակ, ինչ-որ իմաստով դարձնել իրենցը և, որ ամենակարևորն է, խնդիրներ ունենալ Ադրբեջանի հետ:

 

Ղազախստանը վաղուց ԼՂ հարցում ունի ընդգծված պրոադրբեջանական կողմնորոշում և չի խուսափում դա հրապարակավ արտահայտելուց: Պատահական չէր, որ այդ երկրի նախագահին հավատարմագրերը հանձնելուց հետո Ղազախստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Սահակյանի առաջին պաշտոնական հայտարարությունը հենց ԼՂ հարցում Աստանայից հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու ակնկալիքին էր վերաբերում: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս Մինսկի գագաթաժողովին ընդառաջ հայտարարել էր, թե  «Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի»: Թեեւ Լուկաշենկոն նշել էր, թե դա պայմանավորված է համապատասխան ընթացակարգերն անցնելու հետ կապված բարդություններով, իրականում, սակայն, պատճառը կապված է հենց ԼՂ հիմնահարցի հետ: Ավելի ուշ Բելառուսի նախագահը հավելել էր, թե, ՄՄ-ին Հայաստանի միանալու հարցի հետ կապված, անհրաժեշտ է պարզել նաև Ադրբեջանի կարծիքը` հաշվի առնելով այդ երկրի հետ ունեցած հարաբերությունները և այն հանգամանքը, որ Բաքուն բելառուսական ռազմական արտադրանքի հիմնական սպառողներից մեկն է:

 

Ըստ էության` Մինսկի գագաթաժողովի նախօրեին թե' Բելառուսը և թե' Ղազախստանը Ռուսաստանին հասկացնում են, որ Ադրբեջանի հետ իրենց շահերը գուցե շատ ավելի կարևոր են, քան այս պահին Հայաստանի ՄՄ անդամակցության հարցի լուծումը: Սա նշանակում է, որ նրանք հակված են որքան հնարավոր է հետաձգել այս հարցը, գուցե առժամանակ հանել օրակարգից: Եվ այս իմաստով ստացվում է, որ, բացառությամբ Ռուսաստանի, ուրիշ ոչ մի երկրի ձեռնտու չէ Հայաստանի միացումը Մաքսային միությանը:

 

Այստեղ, իհարկե, առանցքային է դառնում ՄՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ Ադրբեջանի առայժմ չհստակեցված դիրքորոշումը: Ըստ էության` Բելառուսը և Ղազախստանը խնդիրը գցում են Բաքվի վրա` հասկացնելով, որ եթե նա սկզբունքորեն դեմ արտահայտվի, ապա իրենք կարող են ընդառաջել Բաքվին: Մինչդեռ Բաքուն ակնհայտորեն հապաղում է, և դա ունի տրամաբանական բացատրություն: Մի կողմից Բաքվին ձեռնտու է Հայաստանի ինտեգրումը ՄՄ-ին, որովհետև դրա արդյունքում տնտեսական առումով Հայաստանն անխուսափելիորեն անջատվելու է ԼՂՀ-ից: Այսինքն` անուղղակիորեն ստացվելու է, որ Մաքսային միության անդամները, այդ թվում` նաև Հայաստանը, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂՀ-ով ներառյալ: Բայց, մյուս կողմից, Ադրբեջանը չգիտի ինչ սպասել Մոսկվայից և չգիտի` արդյո՞ք իրեն ՄՄ ներքաշելու` Ռուսաստանի քաղաքականությանը համառորեն հակառակվելը չի հանգեցնելու Ռուսաստանի կողմից կոշտ քայլերի և ԼՂ-ի համար պատասխանատվությունը գրեթե ամբողջությամբ իր վրա վերցնելուն, որը հավասարազոր է առնվազն ներկա ստատուս քվոն անորոշ ժամանակով պահպանելուն կամ կոնֆլիկտը անորոշ ժամանակով սառեցնելուն: Իսկ դա բխում է բացառապես հայկական կողմի շահերից: Մանավանդ, որ հայերը զորիբալայանական նամակների միջոցով իրենք են փորձում Պուտինին շահագրգռել այդ հարցում:

 

Ադրբեջանի այս անորոշությունը, Բելառուսի և Ղազախստանի ընդգծված վերապահումները ԼՂ հիմնահարցի բեռով Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին իրական շանս են տալիս Հայաստանին` դուրս պրծնել ռուսական կապանքներից: Եթե Երևանը անուղղակի կարողանար հասկացնել Մինսկին ու Աստանային, որ անկեղծ չէ ՄՄ-ին միանալու իր ցանկության մեջ, ապա կարող էր նրանց հետ հետաքրքիր, թաքնված եռյակ-տանդեմ կազմել Մոսկվայի դեմ:  Սակայն հայկական դիմավագիտությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում` խնդրի կարգավորումը թողնելով հանգամանքների դասավորությանը` թերևս վախենալով առանց այն էլ իր նկատմամբ սառը Մոսկվայի կատաղությունից:

 

Գործնականում ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կարող են Բելառուսը և Ղազախստանը հակադրվել Հայաստանին միացնելու` Ռուսաստանի քաղաքականությանը: Այս հարցի պատասխանը կարող է տալ ՄՄ-ին Հայաստանի միանալու հայտի վերաբերյալ Մինսկում ստորագրվելիք փաստաթղթի կարգավիճակը: Եթե այն միայն ամրագրի ՄՄ անդամ երկրների ղեկավարների կողմից Երևանի խնդրանքն ի գիտություն ընդունելու հանգամանքը, ապա կարելի է ենթադրել, որ Լուկաշենկոն և Նազարբաևը կարողացել են զսպել Պուտինի ախորժակը: Եթե ոչ, ապա, բնականաբար, Հայաստանի անդամակցության պրոցեսը կմտնի գործնական, ընթացակարգային փուլ: Բայց դա արդեն կնշանակի, որ ՄՄ-ն ոչ թե դրա բոլոր անդամ երկրների ազատ կամարտահայտման արդյունք է, այլ միայն Ռուսաստանի կրնկի տակ գործող ինչ-որ համակարգ, որտեղ մյուս անդամ երկրները վասալային կարգավիճակ ունեն: Այս հանգամանքը կարող է ճաքեր առաջացնել գործընկեր երկրների հարաբերություններում և նրանց կենտրոնախույս դարձնել, ինչը տորպեդահարելու է հատկապես Եվրասիական միությունը ստեղծելու պուտինյան պլանը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ