կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-23 17:50
Իրավական

ՄԻՊ-ի զգուշացումը` ԱԺ պատգամավորներին

ՄԻՊ-ի զգուշացումը` ԱԺ պատգամավորներին

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում  և զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, ըստ էության, ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը. գրված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

 

Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների  դատավորների նկատմամբ:

 

Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ:

 

Միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում տարանջատում բարձրագույն և մյուս դատական ատյանների դատավորների միջև չի իրականացվում,  գործածվում է «դատավոր» եզրույթը, որը վերաբերում է պետությունների դատական համակարգի բոլոր դատավորներին, անկախ կարգավիճակից:

 

Նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն նաև Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաև կարգապահական պատասխանատվությունը՝  դատավարական օրենքի խախտման հիմքով:

 

Նախագծով կարգավորվում է նաև դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն. բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ  դատական վիճակագրության համաձայն՝  Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում:

 

Մարդու իրավունքների պաշտպանն իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրել է դեռևս նախագծի  մշակման փուլում: Թեև ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է, սակայն, ցավոք,  հիմնական մտահոգիչ դրույթները մնացել են նախագծի տեքստում: