Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասելով «Ոչ քրիստոնյա հայը հայ չէ», Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հավանաբար այլ հարց է լուծել: Եթե մի քիչ աշխարհիկ արտահայտվենք, ղժժացել է ոմանց վրա:
Գլոբալ առումով նա ղժժացել է մեր բյուջեի վրա: Հիմա կասեք՝ բյուջեն ի՞նչ կապ ունի քրիստոնյա հայ լինելու, կամ չլինելու հետ: Ամենապարզ կապ ունի եպիսկոպոսի ղժժոցը մեր պետական բյուջեի հետ: ՀՀ ԳԱԱ-ի համակարգում կա հնագիտության ինստիտուտ: Այս ինստիտուտի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ քափ-քրտինք մտած բացահայտումներ են անում առ այն, թե ինչքան հին ենք մենք՝ հայերս, թե ինչքան շատ ժառանգություն ունենք այս հողի վրա, որ դեռ բացահայտված չէ: Եվ մեր բյուջեն փաստորեն փող է մսխում այս ինստիտուտի վրա, որոնք մեզ ուզում են 1700 տարուց էլ հետ տանեն, իբր 5 հազարամյա, 10 հազարամյա ժողովուրդ ենք: Ուրեմն, ղժժոց առաջին:
Հաջորդը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ղժժում է կրոնական այլ կազմակերպությունների վրա, որոնք քափ-քրտինք մտած այստեղ քարոզչություն են ծավալում եւ մեզանից ուզում են, ասենք «Կյանքի խոսք» կամ մորմոն կերտել: Աջապահյանը նրանց հասկացնում է՝ եթե առեւանգեցիք մեր հավատացյալին, համարեք, որ հայ չի: Էդ դեպքում ձեր ուզածն ի՞նչ է՝ հայն աղանդավոր չի դառնա: Մի առիթով, ի դեպ, այս միտքն ասել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Ասել է ու հպարտացել: Այսինքն, հայը չի կարող վիճարկել իր հավատքը, իր եկեղեցուն, որովհետեւ կաթոլիկ դառնալով ինքը դադարում է լինել հայ: Եպիսկոպոսը դիցուք ղժժում է համշենահայերի վրա: Այսինքն, այն, որ ձգտել են հավատը փոխելու գնով ապրել, հաշիվ չէ, պետք էր քրիստոնյա մնալ ու սրի քաշել ամբողջ ընտանիքը, ինչպիսին նկարագրված է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդ» դրամայում, որը հեղինակը հավանաբար գրել է ցույց տալու համար հայ կնոջ եւ հրեա կնոջ՝ Հուդիթի տարբերությունը: Հայ կինն առաքինի է եւ ինքնազոհ, հրեա կինը՝ Հուդիթը գնում է հանձնվելու թշնամու՝ բաբելացիների զորավարին, նրա գլուխը կտրում, բերում: Ի դեպ, զորավարը, որ պաշարել էր Հուդիթի քաղաքը՝ Վեթուլիան, մինչ այդ գրավել էր արդեն Կիլիկիան: Այրի Հուդիթը սպասուհու հետ մտնում է թշնամու զորքի մեջ հընթացս ստելով, թե մարգարեուհի է: Հավատում են... եւ վերջ, մնացածը տեխնիկայի հարց է:
Աջապահյանի հայտարարությունը նաեւ ազգագրագետների դեմ է: Նրանք են, չէ՞, կարծում, որ հայ ժողովուրդը նաեւ հեթանոսական մշակույթի կրող է: Այսինքն, Հայկ Նահապետից չի սկսվում, սկսվում է ոչ հայ Գրիգոր Լուսավորչից: Վերջին հարվածը, որ Աջապահյանը հասցնում է մեզ, այն է, որ ադրբեջանցիները փաստորեն ճիշտ են, մենք հազիվ 1700-ամյա ժողովուրդ ենք, իսկ նրանք, նվազագույնը՝ 2 հազարամյա: Մոտ մեկ տարի առաջ Մոսկվայում ցուցահանդես էին, չէ՞, բացել՝ ադրբեջանական մշակույթի 2 հազար տարին: Հասկանու՞մ եք՝ չեն ասում, թե մահմեդական Ադրբեջանի 2 հազար տարին, որովհետեւ մահմեդականության արմատները մ. թ. 7-րդ դարից վաղ չեն: Նրանք ասում են Ադրբեջանի մշակույթի 2 հազար տարին: Այսինքն, մինչմահմեդական Ադրբեջանինը՝ ներառյալ: Այսինքն, կրոնը դեռ ինքնության արտահայտություն չէ, հարցրեք Դալայ Լամային: Կրոնը ինքնության մեջ եղած շտրիխ է՝ գծված ամենեւին էլ ոչ ինքնության պահանջով: Կրոններն անցողիկ են: Ադրբեջանցի քարոզիչը դա հասկացել է: Իսկ մենք սկսվում ենք 4-րդ դարից: Այսինքն, ոչ միայն հարեւան ենք, այլեւ ադրբեջանցիները մեր ավագ հարեւաններն են՝ այս հողի վրա մեզ ձեւավորեց Գրիգոր Լուսավորիչը եւ ավանդեց՝ հարեւաններ կլինեք ադրբեջանցիների հետ, որոնցից ոչ մի տեղ փախչել չեք կարող, երբ ձեր ձախ այտը ապտակեն, աջը դեմ տվեք: Ահա թե ինչ է ավանդում Շիակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Սեյրան Հանոյան
լուսանկարը` aravot.am-ից