կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 13:29
Քաղաքական

Ռազմական երկխոսությունը ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ շարունակվելու է. Ջեյմս Ապատուրայ

Ռազմական երկխոսությունը ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ շարունակվելու է. Ջեյմս Ապատուրայ

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, ինչպես անձամբ նշեց այսօր` լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, գերազանց հանդիպումներ է անցկացրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, ինչը, Ջեյմս Ապատուրայի գնահատականով, հստակ ապացույց է, որ Հայաստանը միջազգային անվտանգության ապահովման գործընթացի մասնակից է:

 

«Ես վերահաստատեցի ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ոլորտում: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայատանին նոր պաշտպանական ռազմավարության ստեղծման գործում: Մենք օժանդակում ենք Հայաստանին արդիականացնել պաշտպանական կրթության մակարդակը, որպեսզի այն համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին: Մենք համագործակցում ենք նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում` հատկապես զինված ուժերում, որոնք վերաբերում են գնումներին»,- նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

 

Ջեյմս Ապատուրայն ընդգծեց, որ կարեւոր ժամանակահատված է այս պահից մինչեւ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը, որը կայանալու է 2014 թվականի հոկտեմբերին, որովհետեւ ՆԱՏՕ-ն այժմ դիտարկում է ապագայում` Աֆղանստանում ռազմական գործողության ավարտից հետո, հարաբերությունների հեռանկարները: Բանախոսը շեշտեց, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ն իր գործընկերների հետ կառուցողական գործընկերություն է իրականացրել եւ ուզում է այդ գործընկերությունը ապագայում խորացնել ու լսել նաեւ գործընկերների կարծիքները` համագործակցության խորացման եւ ապագայի անելիքների մասին:

 

«Այն, ինչ ես լսեցի նախագահից, շատ հստակ էր. առաջինը, որ որեւէ բան չի խանգարում լավ հարբերությունների պահպանմանը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամակցությանն ու Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն, եւ մենք նույնպես այդ կարծիքին ենք, երկրորդը, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում, ինչի համար մենք ուրախ ենք, եւ որ Հայաստանը ցանկանում է խորացնել գործողությունները ռազմական բարեփոխումների բնագավառում, եւ մենք կօգնենք: Ես համոզված եմ, որ ռազմական երկխոսությունը ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ շարունակվելու է»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցի մասին խոսեց Ջեյմս Ապատուրայը: