կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-14 10:46
Առանց Կատեգորիա

Կառավարությունը՝ տնտեսության զարգացման խոչընդոտ

Կառավարությունը՝ տնտեսության զարգացման խոչընդոտ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը:

 

- Պարոն Մինասյան, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին կրթության ու գիտության նախարարությունում հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են հունվարի 1-ից: Պետբյուջեով, սակայն, նախատեսված է հուլիսի 1-ից: Դրանից էլ առաջ՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոստացել էր հուլիսից միջին աշխատավարձի բարձրացում, ինչը տեղի չունեցավ: Կա՞, արդյոք, ըստ Ձեզ, անհամաձայնություն եւ հակադրություն կառավարության ու նախագահի միջեւ:

- Տրամաբանությունը հուշում է, որ նախագահի ցանկացած խոսք պետք է հիմնված լինի կառավարության կողմից իրականացված վերլուծությունների հիման վրա, եւ ցանկացած հրապարակային խոսք պետք է դառնա իրականություն: Ոչ միայն իրար հետ չեն համագործակցում, այլեւ կառավարությունն է սխալ հաշվարկ ու կոորդինացում իրականացնում:

Մարտի 18-ին նախագահը ոչ միայն խոսեց աշխատավարձի բարձրացման ու տնտեսական 7 տոկոս աճի մասին, այլեւ ասաց, որ աշխատավարձերի աճը ավելի պետք է լինի, քան գնաճը: Բայց մենք օգոստոսի դրությամբ տեսանք, որ գնաճն ավելի արագ է աճում, քան միջին աշխատավարձը:

Երեւի մեր իշխանությունները չեն հասկանում հրապարակային խոսքի արժեքը: Չի կարելի հրապարակավ հայտարարել մի բան եւ հուսախաբ անել:

Դեռ 2009 թվականին կառավարությունը խոստացել էր միասնական աշխատավարձի համակարգ մշակել, ներդնել հանրապետությունում եւ դա կապել կենսապահովման նվազագույն զամբյուղի, նվազագույն բյուջեի եւ աղքատության ցուցանիշների հետ: Մենք տեսանք, որ դա էլ չիրականացավ, եւ 4 տարի անց ներկայացվել է մի փաստաթուղթ, որտեղ միասնական աշխատավարձի մասին է խոսք գնում: Աշխատավարձի հարցը, որպես քաղաքացիների առաջնային եկամուտ, խիստ կարեւոր է, եւ եթե այդ քաղաքականության մեջ կառավարությունն ինչ-որ տեղ նահանջ է արձանագրում, պետք է գիտակցի, որ այդ նահանջն անդրադառնում է  քաղաքացիների թե կենսագործունեության եւ թե նրանց արտադրողականության վրա:

 

- Խոսակցություններ են շրջանառվում, որ կառավարությունն աշխատավարձի բարձրացումը լուծում է այլ աշխատատեղերի կրճատումների հաշվին:

- Սոցիալական նման լարված իրադրության պայմաններում յուրաքանչյուր աշխատատեղի կրճատում բերելու է էլ ավելի բացասական դրսեւորումների: Դրա արդյունքում ոչ միայն աշխատավարձը չի բարձրանալու, այլեւ բերելու է պետության ֆինանսների մեկ այլ անարդյունավետ իրագործման: Չէ՞ որ գործազուրկ աշխատողը դիմելու է,  որ ստանա գործազրկության նպաստ, հիվանդության պայմաններում պետությունը բյուջեով պետք է գումար հատկացնի նրա բուժման խնդիրներն իրականացնելու համար: Սոցիալական պաշտպանության համակարգում քաղաքացին հայտնվելու է մի վիճակում, որ կարիք է առաջանալու պետության կողմից օժանդակություն ստանալու, եւ եթե դա չարվի, կմեծանա աղքատության մակարդակը:

Հանրակրթական հաստատություններում վարչական, ոչ ուսումնական անձնակազմի հսկայական թվով կրճատումներ են իրականացվում՝ պատճառաբանելով, թե ստվերի դեմ պայքար է գնում: Իրականում հակառակ տենդենցն է լինլու. պատկերացրեք, որ հանրակրթական դպրոցում կրճատում են հավաքարարներին եւ 20 հազար ք/մ տարածք մքրելու համար երկու հավաքարարի հաստիք են պահում. սա նշանակում է, որ դպրոցական կոլեկտիվը պետք է ուզած-չուզած՝ ծնողների խնդիրի, որ լրացուցիչ գումար հավաքեն եւ մաքրեն այդ տարածքը: Նշանակում է, որ ստվերը իրականում խրախուսվում է: Մի կողմից կառավարությունն ասում է, որ դրահամահավաքը սահմնափակում ենք, բայց ստեղծում է դրա համար պայմաներ: Կրճատված հաստիքի դիմաց ոչ ուսուցիչն է հավաքարարություն անելու, ոչ էլ` աշակերտը:

 

- Կառավարության կողմից հայտարարվող աշխատավարձի քաղաքականությունը սոցիալ-տնտեսական զարգացումներին համապատասխանո՞ւմ է:

- Բոլորովին ոչ: Եվ այդ ամենը բերելու է շատ լուրջ անհամամասնությունների, ստվերի մեծացման: Չնայած կառավարությունն ասում է, որ աշխատավարձերի կտրուկ բարձրացումը կարող  բերել ստվերի կտրուկ խորացմանը, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ուղիղ հակառակն է: Արդար վարձատրությունը կնպաստի ստվերի կրճատմանը, արտադրողականության աճին եւ տնտեական վերելքին, ինչը կառավարության այսօրվա հայտարարված քաղաքականության կարեւոր թիրախ է, բայց չի իրականացվում: Աշխատավարձի բարձրացումը որեւէ խնդիր չի առաջացնում`կապված երկրի պետական ֆինանսների հետ : Միշտ էլ երկիրը կարող է ունենալ այնքան փող, որքան անհրաժեշտ է. կարեւոր է, թե դու այդ փողը ինչպես ես ծախսում: Եթե դու դա ծախսելու ես ներկա փուլում աշխատվարձերի վրա, տեխնոլոգիաների, ներդրումների վրա, դրանք բերելու են տնտեսության աճի, զարգացման: Եթե ոչ արտադրական ծախսումների վրա ես շեշտը դնում՝ բարձր տոկոսով վարկավորումներ եւ այլն, արդյունքում մենք կորցնելու ենք հսկայական միջոցներ: Տնտեսության ներքին պահանջարկը կխրախուսվի, նոր արտադրատեսակներ կթողարկվեն, նոր աշխատատեղեր կստեղծվեն, նոր եկամուտներ կգեներացվեն: Զարմանում եմ, որ կառավարությունը, իրականացնելով նման մակրոտնտեսական վերլուծություններ, նման անկարողություն է ցուցաբերում: Մեկ հայտարարում են, որ մենք ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեկ հայտարարում են, որ միջազգային կազմակերպությունները ավելի ցածր տոկոս են կանխատեսել, եւ մեր սպասումները փշրվում են: Դա կարող  անել այն կառավարությունը, որ չունի անհրաժեշտ կամք ու վճռականությւոն իրական բարեփոխումներ իրականացվելու, բայց նաեւ մարդկանց մոտ վստահությունն է սպանում:

Նախագահն ասաց 7 տոկոս աճի մասին. որեւ այլ պատճառաբանություն պետք չէ փնտրել, թե միջազգային զարգացումները թույլ չեն տվել տնտեսական աճ պահովել, կամ երկրում բնակլիմայական պայմանները խանգարել են գյուղատնտեսությանը. նախագահը խնդիրները ձեւակերպվել է եւ չի լուծվել. պատասխանատուները պետք է պատժի ենթարկվեն:

 

- Կառավարությունն աշխատավարձի բարձրացումը հիմնավորում է բյուջեում ունեցած 90 միլիարդ դրամ խնայողություններով: Կա նաեւ տեսակետ, որ տնտեսական աճի հաշվին է բարձրացումը: Մի մասն էլ պնդում է, թե՝ կրճատումների: Ի վերջո, ինչի՞ հաշվին է:

- Դեռեւս կառավարությանը հնարավոր կլինի հարց ուղղել, բայց ինչպես երեւում է՝ ուզում է աշխատավարձը բարձրացնել կրճատումների եւ խնայումների հաշվին:

Գումարը մեծ չէ, սակայն կառավարութունը փորձում է ցույց տալ, թե հերոսական ջանքեր է գործադրում այս բարձրացումների համար:

 

- Նվազագույն աշխատավարձը եւս, փաստորեն, բարձրանում է՝ երկու տարում երեք անգամ՝ 18 հազար դրամ ընդհանուր գումարով:

- Քանի դեռ նվազագույն աշխատավարձը համադրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որեւէ օրգանական կապ այս երկուսի մեջ եթե չկա, ստացվում կույրի քաղաքականություն: 45 հազար դրամից թող դառնա 50 հազար դրամ, բայց սպառողական զամբյուղի արժեքը նորից առաջանցիկ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը: Ազատականության գիրկն ընկած կառավարությունն ու որոշ գործիչներ մտածում են, որ նվազագույն  աշխատավարձը տնտեսական ֆունկցիայից զատ ունի սոցիալական, քաղաքական եւ զարգացման ֆունկցիա: Մոռանակով այս ամենի մասին՝ իրականացնում են աղքատության խրախուսման քաղաքականություն: Այն մոտեցումը, երբ կառավարությունն ասում է, որ գնաճի եւ այլնի ժամանակ կպաշտպանի սոցիալական խմբերին, աղքատածին քաղաքականություն է: Դու պետք է այնպես անես, որ աղքատներ չառաջանան, այլ ոչ թե նրանց փշրանքներ նետես: Ես կզարմանամ, որ Հանրապետության նախագահը ների ներկա կառավարությանը, գործադիրի այսպիսի վարքը:

 

- Սերժ Սարգսյանը խոստանում է նվազագույն աշխատավարձը դարձնել 90 հազար դրամ՝ 2017 թվականին. նույն թվականի համար կառավարությունը սահմանել է 70 հազար դրամ նիշը: 20 հազար դրամով տարբեր են թվերը: Ինչո՞ւ:

- Դա եւս խոսում է հերթական անհամաձայնեցված գործողության մասին: Մենք առաջարկում էինք բանաձեւ, որը կարող էր հաշվարկի արդյունքում պարզել աշխատավարձը: Եթե ունես բանաձեւ, թե ինչպես է որոշվում նվազագույն  աշխատավարձը, սա բնակչության մեջ դրական սպասումներ է արթնացնում, կառավարությունը դառնում է սպասելի հանրության համար:

Նվազագույն աշխատավարձը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից պակաս չլինի, միջին աշխատավարձի կեսից պակաս չլինի: Ներկա իշխանությունները ցույց են տվել, որ իրենց հայտրարությունները իրականության հետ առնչություն չունեն, տրված խոստումներն էլ չեն կատարվում, պատճառաբանվում են տարբեր հանգամանքներով, արհամարհում են նաեւ մարդկանց սպասումները, ինչը շատ բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա:

 

Հարցազրույցը վարեց Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆԸ