կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-11 17:44
Առանց Կատեգորիա

Ըստ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունը պետք է հրաժարական տա

Ըստ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունը պետք է հրաժարական տա

2014 թվականի պետբյուջեով նախատեսված է հուլիսի 1-ից  աշխատավարձը բարձրացնել 40 տոկոսով: Թեեւ աշխատավարձի` այն էլ`40 տոկոսով բարձրացումը ինքնին դրական երեւույթ է, այնումենայնիվ, այս հայտարարությունը սվիններով ընդունվեց մամուլի ու քաղաքացիների կողմից` հերթական անգամ ապացուցելով, որ ՀՀ նախագահի ու կառավարության խոստումների ու իրականության միջեւ տարբերությունը «սար ու ձոր» է:

Ինչպես ասում են` խոսենք փաստերով. այս տարվա մարտի 18-ին մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասում է հետեւյալը. «... Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը»: Բարձրացավ ընդամենը նվազագույն աշխատավարձը` 35 հազար դրամից դառնալով 45 հազար դրամ, սակայն գազի, լույսի ու դրանցից բխող ու չբխող այլ թանկացումների ֆոնին սա ընդամենը չնչին բարձրացում էր: Կառավարությունը որեւէ կերպ չարձագանքեց, թե ինչու նախագահի խոստացած բարձրացումը չեղավ:

 

Այս տարվա օգոստոսի 28-ին կրթության եւ գիտության նախարարությունում հանդիպելով ոլորտի ներկայավցուցիչներին՝ Սերժ Սարգսյանն ասում է հետեւյալը. «Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է»:

 

Պարզվում է՝ աշխատավարձը բարձրանալու է հուլիսի 1-ից: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարում է, թե պետք չէ տարբերություն փնտրել նախագահի ասածների միջեւ, քանի որ հունվարի 1-ից է սկսվելու բարձրացումը, սակայն՝ ուժային ոլորտներում: Նախագահը, սակայն, խոստումը տվել էր բոլորովին այլ ոլորտի ներկայացուցիչների:

 

Նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասում է. «2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի»: Կառավարությունը նախագահի այս հայտարարությունից մեկ օր անց՝ օգոստոսի 29-ի նիստում, մերժեց նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու ԲՀԿ առաջարկը: Կառավարությունը եզրակացության մեջ նշում է, թե նվազագույն աշխատավարձը 2014-ին կդառնա 50,000 դրամ, 2015-ին՝ 55,000 դրամ, 2016-ին՝ 62,500 դրամ: Կտրուկ չեն կարող. բյուջեն թույլ չի տալիս:

 

Նախորդ տարվա սեպտեմբերի վերջին նույն պատճառաբանությամբ մերժեց ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ նվազագույն աշխատավարձը 72,500 դրամ դարձնելու առաջարկը: Դրանից առաջ էլ մերժում էր ստացել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, որն առաջարկում էր 63 հազար դրամից պակաս նվազագույն աշխատավարձ չտալ, իսկ քաղծառայողներին` 75,800 դրամ: Սերժ Սարգսյանը խոստացել է 2017 թվականին բարձրացում մինչև 90 հազար դրամ, այսինքն՝27,500 դրամով:

 

Սերժ Սարգսյանի հայտարարությունից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 4-ին, Գյուղական համայնքների երրորդ համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Աշխատավարձերի բարձրացումը պետք է կրի շարունակական բնույթ: Պետք է ունենանք աշխատավարձերի բարձրացման համար առաջիկա հինգ տարիների ռազմավարություն: Կառավարության ծրագրով մեր երկրում նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ բարձրացվելու է, մտադիր ենք մինչ 2017 թվականն այն հասցնել 70 հազար դրամի, այսինքն նվազագույն աշխատավարձը շոշափելիորեն կբարձրանա»:

 

Նախագահը նշում է 90 հազար թիվը, կառավարությունը՝ 70: Այսինքն, չկա միասնական ռազմավարություն, յուրաքանչյուրն ասում է մեկ թիվ ու քաղաքացիներին գցում անորոշության մեջ: Ահա ձեզ մի քանի դեպք, որոնք ապացուցում են կառավարության ու նախագահի խոսքի ու գործի հակասությունը: Ստացվում է, որ նախագահը ելույթ է ունենում՝ տալով  խոստումներ, որոնք կառավարության ուժերից վեր է:

 

Որ կառավարությունը ձախողել է իր իսկ գործունեության, եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը, կասկած անգամ չկա:

 

Վերջապես, մեկ այլ տարբերության մասին. Սերժ Սարգսյանը նույն մարտի 18-ի հարցազրույցում ասում է. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ՝ այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն` ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա»: Հայաստանում աշխատավարձերի ու գնաճի տարբերությունը դեռ շատ հեռու են իրարից: Մենք տեսնում ենք, որ գնաճն ավելի արագ է աճում, քան թե միջին աշխատավարձը, այսինքն` մարդկանց իրական կենսամակարդակը նվազել է: Իսկ կառավարությունը եկող տարվա համար նախատեսել է 5.3 տոկոս տնտեսական աճ, որը, հասկանալիորեն, Սերժ Սարգսյանի նշած 7 տոկոսը չէ:

 

Այսինքն, ըստ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: Բայց կտա՞...

 

 

Ահարոն Համբարձումյան