|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մեկ տարի շարունակ հետեւում եմ Մելիքգյուղում կատարվող իրադարձություններին: Եվ հերթական իմ այցելությունը կատարելով այդ համայնք` հանդիպեցի բերքահավաք իրականացող գյուղացիների:
Ոմանք արդեն իրենց բակերում խոտ էին դիզել, ոմանք կարտոֆիլի պալարներն էին դուրս բերում հողի տակից եւ լցնում պարկերը, ոմանք էլ, նստած իրենց բակերում, այս տարվա արած ու չարած գործերն էին քննարկում ու մտածում, թե մյուս տարի ի՞նչ են անելու:
«Չենք դժգոհում` այս տարի նորմալ կարտոֆիլ հավաքեցինք: Կարեւորն այն էր, որ կարտոֆիլին տված ջուրը գոնե մաքուր էր, այլ ոչ թե անցած տարիների պես` աղտոտված էր գալիս, մեզ հասնում: Մենք էլ ջրում էինք ու միանգամից սպիտակ փոշի էր նստում հողի վրա»,- ասում էր մելքգյուղցիներից մեկը: Նրանց հետ զրույցում պարզվեց, որ կաղամբ, լոբի եւ ճակնդեղ մշակում են միայն տան կարիքները հոգալու համար:
Հաշվարկների համաձայն` այս տարի Մելիքգյուղում մշակել են մոտ 3-3,5 հա կարտոֆիլ:
Գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ այս տարի նորմալ բերք են ստացել: Օրինակ` գյուղի անասնագոմերի խոտհարքի մեկ հեկտարից կուտակվել է մոտ 150 կապ (1 կապը հավասար է 20 կգ-ի) խոտ` միջինը, խոտհարքը 550-600 հա է:
Հողագործներն այս տարի հասցրել են հավաքել իրենց կարտոֆիլի կեսը, քանի որ նախորդ օրը տեղացած ձյունը խանգարել է բերքահավաքին:
Գյուղապետարանի հաշվարկների համաձայն` Մելիքգյուղում առկա է մոտ 750 հա վարելահող, որից 130 հա ցանվել է գարի եւ ցորեն. գարու բերքատվությունը միջինը 15 ց է, ցորենինը՝ միջինը՝ 20-25 ց: «Այս տարի նորմալ էր նաեւ հացահատիկը»,- հաստատեցին գյուղապետարանում:
Բակերում խաղի բռնված երեխաների հետ զրույցում պարզվեց, որ դպրոցը վերանորոգվել է մի բարերարի կողմից, իսկ երբ նրանց հիշեցրեցի գյուղի տարածքում գործող ոսկու հանքավայրի եւ դրա տերերի մասին` իմանալու համար, թե, օրինակ, նրանց կյանքը բարելավելու համար ինչ աշխատանքներ է կատարել հանքավայրի սեփականատերը, բոլորը միաբերան նշեցին, որ չեն ցանկանում դրա մասին խոսել. «Մի հատ նորմալ ճանապարհ չունենք, որ գոնե կարողանանք հեծանիվ քշել. իրենց մեծ բեռնատար մեքենաներն էնքան գնացին, եկան էս մեր ճամփեքով, որ ամբողջը շարքից դուրս հանեցին»:
Երեխաները նաեւ պնդում էին, որ հանքավայրի սեփականատերն անգամ ոչինչ չի արել իրենց գյուղը զարգացնելու համար. «Եթե իրենց ոսկի է պետք, մեզ էլ բարեկեցիկ կյանք է պետք: Մեր գյուղն է պետք, մեր բնությունը եւ մեր մաքուր ջրերը»:
Երբ մելիքգյուղցիների հետ փորձեցինք խոսել հավանական վտանգի մասին, այսինքն` որ օրերից մի օր հնարավոր է վերաբացեն ոսկու հանքավայրը, ի՞նչ են պատրաստվում անել, նրանց մեծ մասը դեմ արտահայտվեց: Եղան այնպիսիք, որ դժգոհեցին պետական քաղաքականությունից, որ այսօր տարվում է գյուղատնտեսության ոլորտով, մյուս կողմից էլ` հանքավայրի սեփականատերերից` նշելով, որ ապականել են իրենց գյուղի հողերը եւ ջրերը:
«Էս անտեր գործարանը էստեղից թող հանեն ու ռադ անեն, էս պոչամբար- մոչամբարներն էլ չեզոքացնեն ու թողեն,հեռանան»,- մեզ հետ զրույցում ասաց մելիքգյուղցի Ս.Մ.-ն:
Արդեն պարզ է, որ «Մեգո-Գոլդ» ընկերությունը, տարիներ շարունակ ապօրինի աշխատելով, վնաս է հասցրել գյուղի հողերին, ջրերին` մարդկանց զրկելով մաքուր բերք ու բարիք ստանալուց, վնասելով մարդկանց առողջությունը եւ նրանց սեփականությունը: Հույս ունենանք, որ համապատասխան միջազգային կառույցները եւ պետական մարմիները միջոցներ կձեռնարկեն` դա գնահատելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
1993 -ից Հայաստանը անդամակցում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ), որը մեր երկրում իրականացրել է տարաբույթ ծրագրեր, եւ որի նպատակն է բարձրացնել աշխարհի բնակչության` սննդով ապահովվածության մակարդակը, մեծացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմանները եւ նպաստել համաշխարհային տնտեսության զարգացմանը:
Մեր երկրում ՊԳԿ-ի աշխատանքի առաջնայնություններն են` գյուղական բնակչության պարենային անվտանգության եւ կյանքի պայմանների բարելավումը, պարենային արտադրանքի անվտանգության եւ որակի ապահովումը, բնական պաշարների կայուն կառավարումը եւ գյուղական հատվածում համապատասխան ինստիտուտների եւ կարողությունների ամրապնդումը` շուկայական տնտեսությանն անցման գործընթացին աջակցելու նպատակով:
Ուստի կոչ ենք անում այդ կազմակերպության հայաստանյան գրասենյակին, որ այսուհետ իր ուշադրությունը սեւեռի Մելիքգյուղի վրա, քանի որ այս համայնքի բնակիչները զբաղվում են ոչ միայն հողագործությամբ, այլ նաեւ համայնքում զարգացած է անասնապահությունը, որին մեծ ուշադրություն է դարձնում ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ փորձում ՀՀ-ին օժանդակել` բարելավելու համար մսի արտադրության շղթան՝ որակի եւ անվտանգության առումով:
Նշենք, որ ներկա պահին Մելիքգյուղում հաշվառված է մոտ 1000 խոշոր (կովեր) եւ մանր 400- 500 (մինչեւ 1 տարեկան հորթեր եւ երինջներ) անասուն, իսկ ոչխարների եւ այծերի թիվը հասնում է 600-ի:
Բնական պաշարների առումով այս տարածաշրջանում ոչ միայն պետք է խոսել ազնիվ մետաղների մասին, այլեւ` անտառատարածքների, որոնք քիչ քանակությամբ պահպանվել են դեռեւս խորհրդային տարիներին տնկված փշատերեւ ծառերի անտառներ տեսքով: Մասնագետների պնդմամբ` Ծաղկունյաց լեռների ինչպես արեւելյան, այնպես էլ արեւմտյան լանջերը կարող են կրել ավելի մեծ տարածքներով անտառաշերտեր:
Այս առումով նույնպես ՊԳԿ-ն իր լուման կարող է ունենալ եւ աջակցություն տրամադրել անտառների կառավարման կարողությունների հզորացման հարցում եւ մասնագիտացված կառույցների հետ գործի անցնել ու ավելացնել անտառաշերտերը Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:
Մելիքգյուղի եկեղեցու բակում հավաքված տարեցները yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ, ճիշտ է, իրենք այս տարի նորմալ բերք են ստացել, սակայն շուկայի հարցը դարձյալ մնում է օդից կախված. «Ախր մենք կենտրոնական մայրուղուց հեռու ենք մոտ 8 կմ, որ մեր բերքն ու բարիքը դուրս հանենք մայրուղի ու իրացնենք»:
Այս անգամ EcoArmGlo-TV Ձեզ է ներկայացնում լուսանկարներով հավաքված տեսաշար:
Մելիքգյուղ- Երեւան
Լուսանկարը՝ հեղինակի