կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 16:30
Հասարակություն

Մելիքգյուղցիները ոտքի են կանգնել

Մելիքգյուղցիները ոտքի են կանգնել

Երեկ «Գլոբալ-Գոլդ Մայնինգ» ամերիկյան ընկերության դուստր ձեռնարկության «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից հրավիրված հասարակական քննարկումը Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի մոտ գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի 3-րդ պոչամբարի «լրամշակված» նախագծի վերաբերյալ, բողոքի մեծ ալիք է բարձրացրել Մելիքգյուղում:

 

Մեզ զանգահարած մելիքգյուղցիները նշեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, որ ինչ-որ քննարկում է լինելու, որ մերժված նախագիծը իրենց թիկունքում գաղտնի համաձայնության եկած ԳԳՄ-ն ու գյուղապետը դարձյալ ցանկանում են նենգաբար առաջ է տանել: «Մելիքգյուղցին չի հանդուրժի դավաճանությունը, շատ դիպուկ էիք գրել»,- ասացին նրանք: http://www.yerkir.am/am/news/62277.htm

 

Զայրացած էին` լսելով, որ ԳԳՄ-ի ղեկավար Աշոտ Պողոսյանն ասել է, թե  ճանապարհների փակ լինելու պատճառով համայնքը խնդրել է Երեւանում անցկացնել լսումները: Հարց է առաջանում` եթե ճանապարները փակ են, գյուղապետ Հակոբ Մկրտչյանն ինչպե՞ս է կես ժամվա ընթացքում Աշոտ Պողոսյանի զանգից հետո հայտնվել Երեւանում:

 

Գյուղացիներն առավել զայրացած են, որ ինչ-որ մի քննարկում էլ նախատեսված է նաեւ վաղը` դարձյալ Երեւանում: «Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում եւ ուրիշ ոչինչ: Համայնքին վերաբերող լսումը ի՞նչ գործ ունի Երեւանում անցկացվի, երբ մենք՝ մելիքգյուղցիներս, այդ լսումին ներկա չենք, իսկ մեր անունից ոչ մեկը չի կարող ներկայանալ, խոսք ասել»,- ասացին մելիքգյուղցիներ:

 

Նշենք նաեւ, որ նրանք զանգահարել են ԳԳՄ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի եւ փորձել պարտադրել, որ վաղվա լսումներն անցկացվեն Մելիքգյուղում: Իսկ Պողոսյանը, լսելով զանգահարողի անուն-ազգանունը, անջատել է հեռախոսը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ